Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջ հետ մենամարտելն ավելի դժվար է, քան Արսեի»

Փետրվար 04,2009 00:00

Երեկ ԱՄՆ-ում լրատվամիջոցներին հայտարարել է IBF/WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը:

Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը փետրվարի 7-ին ԱՄՆ-ում իր գոտիներն է պաշտպանելու WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Խորխե Արսեի հետ մենամարտում: Այդ մարտն ուղիղ եթերով ցուցադրելու է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ փետրվարի 8-ին, մոտավորապես առավոտյան ժամը 6,00-ին:

Երկու բռնցքամարտիկներն էլ նախապատրաստության վերջին փուլն են անցկացնում: Արտասահմանյան լրատվամիջոցները օրերս բավականին տարօրինակ տեղեկատվություն են տարածել Վիկի մարզումների մասին, որի անհրաժեշտությունը դժվար է ըմբռնել: Դրանց փոխանցմամբ՝ նա որպես մարզումային ընկեր հրավիրել է մի կին բռնցքամարտիկի, որի անունը, սակայն, չի շեշտվում: Եվ նրա հետ «մենամարտելուց» հետո հայտարարել է, թե մարտն ավելի բարդ ստացվեց, քան կարող է լինել Արսեի հետ կայանալիքը:

Այնուհետեւ, իր ապագա մրցակցի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Վախթանգը լրագրողներին վստահեցրել է, որ Արսեն ամբողջ կյանքում հիշելու է իրեն եւ այդ մենամարտը: «Իմ ֆիրմային ոճը նոկաուտն է,- ասել է Վիկ Դարչինյանը:- Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ հուզմունք եւ զգացմունքներ տեսնեն: Մարտի օրը ես պատրաստ կլինեմ 100%-ով եւ կկարողանամ առավելության հասնել ցանկացած մրցակցի նկատմամբ: Եվ դուք կտեսնեք, որ կհաղթեմ նոկաուտով: Ես կլինեմ արագ, կտրուկ եւ ուժեղ: Պատրաստվում եմ նրա հետ խաղալ, ինչպես կատուն մկան հետ: Ես նրան արագ չեմ հաղթի, այլ աստիճանաբար կոչնչացնեմ»:

Ի պատասխան Վախթանգի՝ Խորխե Արսեն հայտարարել է. «Ես Դարչինյանի շատ մարտեր եմ նայել: Նա աշխատում է միայն ձախ ձեռքով: Արագ է եւ ուժեղ: Բայց եթե ձախ ձեռքը վնասազերծես, Վիկն իրենից վտանգ չի ներկայացնի: Նոնիտո Դոները դա հիանալիորեն ապացուցեց: Դաչինյանի ծնոտը թույլ է, ուստի նրան կարելի է շարքից հանել մեկ դիպուկ հարվածով: Գիտեմ, որ Մեքսիկայում բռնցքամարտի սիրահարներն այժմ ընկճված են, որովհետեւ Անտոնիո Մարգարիտոն պարտվեց: Ես ցանկանում եմ այդ օրը նրանց գերզանց նվեր մատուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել