Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՍՊՈՐՏՈՒՄ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ 2009-ԻՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ

Փետրվար 04,2009 00:00

\"\"Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացավ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի համաժողովը

Օրակարգային հարցերից մեզ ավելի շատ հետաքրքիր էր «Մրցաշրջան 2009»-ի ժամանակացույցի ձեւավորումը: Ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանն ասաց. «Տարին ծանր է լինելու, այդ թվում նաեւ մրցումների կազմակերպման առումով: Սակայն, ինչպես խոսք ենք տվել, բոլոր 17 պաշտոնական մրցումներն էլ ոչ միայն կայանալու են, այլեւ դրանց թիվն ավելանալու միտում ունի: Դրանց կանդրադառնանք քիչ հետո: Ֆեդերացիան որոշել է այս տարի որոշակիորեն փոխել իր քաղաքականությունը՝ մրցումները, որքան հնարավոր է, ձիասպորտի կենտրոնից տեղափոխել ակումբներ, ինչը կնպաստի վերջինների զարգացմանը: Մասնավորապես, նախնական համաձայնություն ունենք «Արա եւ Այծեմնիկ» ակումբի ղեկավարության հետ, իրենց գավաթի խաղարկությունը, ձիասպորտի օլիմպիական երիտասարդական վարկանիշային մրցաշարը եւ ֆեդերացիայի գավաթն այնտեղ կազմակերպելու հարցում»:

Պարոն Հայրապետյանն առաջարկեց նաեւ, ի տարբերություն նախորդների, այս տարի ձիասպորտի մրցումների մեկնարկը տրվի ոչ թե մարտին, այլ ապրիլին: «Մարտի սկզբից սկսած՝ միմյանց հաջորդող գավաթային լուրջ խաղարկություններ ունենք,- ասաց նա:- Բայց այդ ժամանակ նժույգները դեռ պատրաստ չեն լինում մրցումներին: Եթե այս հարցում ձիասպորտի կենտրոնը խնդիրներ գրեթե չունի (այստեղ կենդանիները ձմռանն էլ են աշխատում), ակումբներից շատերը պայմաններ չունենալու պատճառով խնդիրներ են ունենում: Իսկ որպեսզի մարտ ամիսը հենց այնպես չանցնի, առաջարկություն կա ակումբների միջեւ կազմակերպել նոր, այսպես կոչված, նախնական փուլի փորձնական մրցումներ: Սրանով կհամալրվի օրացույցը, նժույգներն էլ պաշտոնական մրցումներին կներկայանան արդեն պատրաստի վիճակում: Բացի դա, քանի որ ակումբներում արդեն ձեւավորվել է ոչ պրոֆեսիոնալ նժույգավարների բանակ, նպատակահարմար եմ համարում սեպտեմբերին ֆեդերացիայի հովանու ներքո նրանց համար մեկ առանձին մրցում եւս կազմակերպել»:

«Արա եւ Այծեմնիկ» ակումբի նախագահ Նազիկ Ամիրյանը տեղերում համապատասխան պայմաններ չունեցող իր գործընկերներին իրենց ակումբի տարածքը տրամադրելու պատրաստակամություն հայտնեց, որպեսզի վերջինները կարողանան անցկացնել իրենց ակումբային առաջնությունները:

Անդրադառնալով կազմակերպչական խնդիրներին՝ Հայրապետ Հայրապետյանը նշեց, որ հունվար ամիսն արդեն ավարտվում է, բայց դեռ ոչ մի ակումբ ֆեդերացիայում չի գրանցվել: Նրա առաջարկով սահմանվեց գրանցման վերջնաժամկետ՝ մինչեւ փետրվարի 10-ը:

Համաժողովի ավարտին ընտրվեց ֆեդերացիայի նոր ղեկավար կազմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել