Բուժսպասարկման որակի եւ մատչելիության բարձրացումը, օրենսդրական դաշտն ու սանիտարահիգիենիկ ոլորտը առողջապահության բնագավառի հիմնական խնդիրներից են, որոնք պետք է լուծվեն առաջիկա 1-2 տարում: Երեկ այս մասին կառավարությունում տարեկան հաշվետվության ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նախարարության գերակա ուղղություն է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի արդիականացումը, ինչի համար մշակվում է նախագիծ, որն էլ, նախարարի հավաստմամբ, մոտ ապագայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Հ. Քուշկյանի խոսքերով` նախարարությունը կատարել է 2008 թ. գործունեության միջոցառումների ցանկով նախատեսված պարտավորությունները: Իսկ այս տարվա ծրագրերի վերաբերյալ նախարարն ասաց, որ աշխատանքներ պետք է կատարվեն դեղագործության, ուռուցքաբանության ոլորտներում, ինչպես նաեւ ծրագրեր կան մարզերում՝ առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ:
Կառավարությանը ներկայացվող տարեկան հաշվետվությանը ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ բազմաթիվ բուժհաստատություններում սահմանված միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ են ձեւակերպում, ինչի հետեւանքով պարտադիր սոցվճարների մուտքերը չեն համապատասխանում իրականությանը: Ա. Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվանից առողջապահության ոլորտում վճարովի ծառայություններ մատուցվող հաստատությունները պետք է հաշվառվեն եւ այդտեղ տեղադրվեն ՀԴՄ-ներ: