Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 04,2009 00:00

ԶԻՄԲԱԲՎԵՈՒՄ «ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ» ԳՆԵՐԸ

\"\"Զիմբաբվեի իշխանությունները կիրակի օրը վերացրել են մթերքի գների նկատմամբ պետական վերահսկողությունը, որի պատճառով վերջին մեկուկես տարվա ընթացքում մթերային խանութներից իսպառ բացակայել են ապրանքները։ Դրանից մի քանի օր առաջ իշխանությունները, առաջին անգամ երեք տարվա ընթացքում, երկրում օրինականացրել են արտասահմանյան տարադրամի շրջանառությունը։ Նման քայլի հիմնական դրդապատճառն այն էր, որ Զիմբաբվեում սղաճը 2008 թվականին կազմել է 231 մլն տոկոս, այս տարվա հունվարին երկրում թողարկվել է 100 տրիլիոնանոց զիմբաբվեական դոլարի թղթադրամ, որով հնարավոր էր գնել $300։ Սակայն պարզ է, որ փող տպելն այլեւս անիմաստ է, եւ որոշ հույսեր կարելի է կապել ԱՄՆ դոլարների, եվրոների, բրիտանական ֆունտերի եւ մասամբ նաեւ՝ հարեւան երկրների տարադրամների հետ։ Չնայած 1980 թվականից՝ երկրի անկախության հռչակումից հետո, Զիմբաբվեում արգելված է դոլարի շրջանառությունը, երկրի շարքային քաղաքացիները, փորձելով պահպանել սեփական խնայողությունները, սեւ շուկայում ձեռք էին բերում արտասահմանյան տարադրամ։ Վերջինիս վաճառքով հիմնականում զբաղվում էին իշխող կուսակցության անդամները, որոնց թույլատրվում էր տարադրամ առնել, այսպես ասած, պաշտոնական կուրսով։ Երկրում ծաղկում է նաեւ մթերքի սեւ շուկան: Այն բանից հետո, երբ 2007 թվականին կառավարությունը ձերբակալման սպառնալիքով ստիպել է մթերային կրպակների տերերին 10 անգամ իջեցնել ապրանքների գները, վաճառքից անհետացել են հացը, կաթը, շաքարը եւ մնացած կարեւորագույն մթերքները։ Այժմ դրանք հնարավոր է գնել միայն սեւ շուկայում եւ միայն արտարժույթով։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի 13 միլիոն բնակչությունից 7 միլիոնը սննդի խիստ կարիք ունի։

ԱԼԻԵՎԸ ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ Է

\"\"Նախագահի երկու ժամկետից ավելի վերընտրվելու հնարավորությունն ուղղված է ժողովրդավարության սահմանների ընդլայնմանը։ Ըստ «Day Az»-ի, այդ մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում։ Ալիեւը մեղադրեց Արեւմուտքին՝ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, երբ Եվրոպայի ներկայացուցիչները խոսում են մարտին կայանալիք հանրաքվեի մասին։ Ըստ նրա, ԵՄ բոլոր երկրներում երկրի ղեկավարը կարող է ընտրվել այնքան, որքան ժողովուրդը կցանկանա նրան տեսնել այդ պաշտոնում։ «Դա ժողովրդավարություն է, երբ ժողովուրդը սատարում է այս կամ այն լիդերին, եւ պետք է հնարավորություն ունենա նրան ընտրելու»,- նշեց Ադրբեջանի նախագահը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատությունն անհիմն է։ Ալիեւը գտնում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների քննադատությունը կողմնակալ է, եւ հենց այդ պատճառով դա իրեն չի անհանգստացնում։ «Արեւմուտքը ընտրողաբար է վերաբերվում մարդու իրավունքների խնդրին եւ ուշադրություն չի դարձնում խախտումներին այն երկրներում, որտեղ ունի աշխարհաքաղաքական շահեր։ Որպես օրինակ կարող եմ բերել Հայաստանը։ Երբեմն այդ երկրները, որոնք Արեւմուտքի համար համարվում են ավելի մոտիկ, բարեկամական, ինչ-որ սխալ բան են անում, բայց դա չի նկատվում։ Իսկ ահա Ադրբեջանը, որն անց է կացնում անկախ քաղաքականություն, եւ անում է դրա մեկ տոկոսը, անմիջապես քննադատության թիրախ է դառնում»,- եզրակացրել է Իլհամ Ալիեւը։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ

\"\"Փետրվարի 16-ին, երբ նշվելու է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի 67-ամյակը, հարավկորեական իրավապաշտպանները օդային փուչիկների միջոցով իրենց հայրենակիցներին են ուղարկելու թռուցիկներ, որոնցում հյուսիսկորեական իշխանությունները մեղադրվելու են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի եւ բնակչությանը սովի մատնելու մեջ։ Այդ հնարքին ակտիվիստները դիմել են նաեւ նախկինում, սակայն այս անգամ թռուցիկներին կցվելու են թղթադրամներ՝ 5000 վոն արժողությամբ, որը հավասար է մոտավորապես 30 դոլարի եւ այդ երկրում կազմում է միջին աշխատավարձը։ Հարավային Կորեայի իշխանությունները չեն խոչընդոտելու նման ակցիաներին։ Խնդիրը նաեւ նրանում է, որ վերջին շրջանում հարաբերությունները երկու Կորեաների միջեւ խիստ սրվել են, եւ հունվարի 30-ին Փխենյանը հայտարարել է երկու կորեական պետությունների միջեւ կնքված բոլոր պայմանագրերի միակողմանի դադարեցման մասին։ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը վստահ է, որ մյուս կորեական պետությունն ունի միջուկային զենք, չնայած Սեուլում հերքում են դա, հաստատելով, սակայն, որ Հարավային Կորեայում գտնվում է մոտ 28 հազար ամերիկյան զինծառայող։ Ըստ փորձագետների, Փխենյանը դիմում է միջուկային շանտաժի՝ Օբամայի վարչակազմի վրա ճնշում գործադրելու եւ վերջինից առավելագույն զիջումներ կորզելու ու հումանիտար օգնություն ստանալու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել