Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 04,2009 00:00

Ադրբեջանում բռնել են արմատականներին

\"\"Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ բացահայտել եւ վնասազերծել է պետական կարգը բռնությամբ փոխելու նպատակ հետապնդող մի խումբ ծայրահեղականների, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացրած հակահետախուզական գործողության արդյունքում վնասազերծել է արմատական կրոնական ծայրահեղականների, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասվում է նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում: Պարզվում է, ձերբակալությունները տեղի են ունեցել դեռ հունվարի 14-ին: Իրավապահները խմբավորման անդամների մոտ հայտնաբերել եւ առգրավել են արտասահմանյան արտադրության արդիական զենք ու զինամթերք, ինչպես նաեւ ահաբեկչական գործողություններում մահապարտների կողմից կիրառվող «շահիդի գոտիներ»:

Ըստ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության՝ միջազգային ահաբեկչական կառույցի հետ կապեր ունեցող այդ խումբը ծրագրել է ապօրինի քայլեր, որոնք «պետք է ապակայունացնեին իրավիճակը եւ փոխեին երկրի զարգացման աշխարհիկ ու ժողովրդավարական բնույթը»: Խմբավորման առաջնորդը Ազեր Միսիրխանովն է, նույն ինքը՝ «Աբդուլան», ով, ըստ նախարարության հաղորդագրության, նախկինում ապօրինի զինված կազմակերպությունների կազմում բախումների գոտիներում մասնակցել է ռազմական գործողությունների: Իրավապահների կարծիքով, հենց այդ խմբավորման օգնությամբ է փախուստի դիմել «Սուլեյման» մականունով հայտնի Սամիր Մեհթիեւը, ով կասկածվում է 2008 թվականի օգոստոսի 17-ին Բաքվի Աբու-Բեքր մզկիթում պայթյուն իրագործելու մեջ:

Պատերազմը շարունակվում է

\"\"Իսրայելը վերսկսել է ռմբակոծել Գազայի հատվածը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունների: Այդպիսով պաղեստինյան կողմը չի պատրաստվում հարգել հունվարի 18-ին կնքված հրադադարը: Միաժամանակ այդ իրադարձությունները կասկածի տակ են դրել Իսրայելի բանակի 22 օր տեւող ռազմական օպերացիայի արդյունավետությունը, որի նպատակն էր ջախջախել ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները: Ակնհայտ է, որ այդ խմբավորումը չի պատրաստվում վայր դնել զենքը:

Այս օրերին ՀԱՄԱՍ-ի եւ ՖԱԹՀ ավելի չափավոր պաղեստինյան խմբավորումների միջեւ Եգիպտոսում բանակցություններ են ընթանում միասնական Պաղեստինյան կառավարություն ստեղծելու մասին: ՖԱԹՀ-ը, որը վերահսկում է մեկ այլ պաղեստինյան անկլավ՝ արեւմտյան ափը, եւ ավելի մեծ հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, առաջարկում է ՀԱՄԱՍ-ին միավորվել մեկ համընդհանուր կուսակցության մեջ, սակայն երեկ պարզ դարձավ, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է այդ առաջարկը: Միաժամանակ ՖԱԹՀ-ի ղեկավար Մահմուդ Աբասը շարունակում է խաղաղություն փնտրել, Եգիպտոսում նա հանդիպել է այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ, ինչպես նաեւ Ֆրանսիայի ղեկավար Նիկոլա Սարկոզիի հետ:

Սակայն այդ հանդիպումները դժվար թե փոխեն Իսրայելի կարծր դիրքորոշումը, որն արդեն հայտարարել է, թե չի պատրաստվում վերադառնալ նախկին քաղաքականությանը, երբ պաղեստինյան ծայրահեղականները կարող էին անպատիժ գնդակոծել իրենց երկրի տարածքը: Միաժամանակ, ըստ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, իր երկիրը դեռ չի պատրաստվում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, քանի որ հենց այդ կազմակերպությունը պետք է պատասխանատվություն կրի Գազայի հատվածի խաղաղ բնակչության տառապանքների համար:

«Օգնիր մեզ, գնիր ամերիկյանը»

Եվրամիության ներկայացուցիչները ուժեղացնում են իրենց ճնշումը ԱՄՆ-ի վրա՝ մեղադրելով վերջինիս, որ ամերիկյան տնտեսության փրկության ծրագիրը կհանգեցնի հովանավորչության (պրոտեկցիոնիզմի)։ Այդ ծրագրի կետերից մեկը կոչվում է՝ «Գնիր ամերիկյան ապրանք» եւ ենթադրում է, որ հակաճգնաժամային նախագծերում օգտագործվելու են միայն այն ապրանքները, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում։ Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչների կարծիքով, այդ կետն ամենավատ ազդանշանն է, որն ուղարկում է Օբամայի վարչակազմը։

Միացյալ Նահանգներում ԵՄ-ի դեսպան Ջոն Բրուտոնը հայտարարել է, որ այդ ծրագրի ընդունումը սպառնում է ազատ առեւտրի սկզբունքներին։ Եթե այդ հովանավորչական կետը չանհետանա Օբամայի ծրագրից, ապա ԵՄ-ն բողոքով կդիմի Առեւտրի միջազգային կազմակերպություն։ Եվրախորհրդարանում նույնպես բացասաբար են գնահատել «Գնիր ամերիկյան ապրանք» ծրագիրը, ասելով, որ դա նոր երկաթյա վարագույր է ստեղծում Եվրոպայի համար։ ԵՄ-ի տեսակետը կիսում են նաեւ Կանադայում։ ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանը դիմել է Սենատին, հայտարարելով, որ նման ճանապարհով գնալու դեպքում ԱՄՆ-ը կկորցնի հովանավորչությունից հրաժարվելու կոչեր անելու բարոյական իրավունքը։

Օբամայի հակաճգնաժամային ծրագիրը հեշտությամբ ընդունվել է Կոնգրեսի կողմից, սակայն Սենատում հանրապետականները կարող են որոշակի խոչընդոտներ ստեղծել դրա համար։ Որոշ հանրապետականներ գտնում են, որ հովանավորչական միջոցների օգտագործումը կարող է բերել առեւտրային պատերազմների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել