Պարտադրվա՞ծ քվեարկություն գիտխորհրդի նիստում
«Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ագրարային համալսարանն՝ իմ աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու պատճառով, նույն համալսարանում շուրջ 24 տարի աշխատելուց հետո, պայմանագիրս չերկարացրեց, առանց որեւէ բացատրության կամ պարզաբանման: Չնայած բազմաթիվ դիմումներ էի գրել համալսարանի ղեկավարությանը, սակայն շուրջ մեկ տարի հարցի պատասխանը չէի ստանում, դրա համար էլ դիմեցի դատարան»,- հայտնեց Ագրարային համալսարանի նախկին դասախոս Մնացական Հարոյանը, որի խնդրին քանիցս անդրադարձել է «Առավոտը»: Դասախոսի փոխանցմամբ՝ համալսարանի ղեկավարությունը, տեղեկանալով այն մասին, որ ինքը դիմել է «Առավոտին», ապա՝ դատարան, 2008 թ. հոկտեմբեր ամսին Իրավունքի եւ քաղաքագիտության ամբիոնի դասախոսի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել: «Ագրարային համալսարանից ինձ առաջարկեցին մասնակցել այդ մրցույթին, ես առարկեցի, հստակ իմանալով, որ դա հատուկ է արվում, որպեսզի մասնակցեմ ու չանցնեմ, քանի որ դիմել էի թերթի օգնությանն ու դատարան, ինչն այնքան էլ հաճելի չէր համալսարանի ղեկավարությանը: Եթե ես չմասնակցեի այդ մրցույթին, բնականաբար կասվեր, որ իրենք Հարոյանին հնարավորություն են տվել, բայց նա հրաժարվել է: Ամեն դեպքում գործերս հանձնեցի մրցույթին մասնակցելու համար, հարցը քննարկվեց նախ ամբիոնի նիստում, ապա մրցութային հանձնաժողովում»,- պատմում է մեր զրուցակիցը: Մ. Հարոյանը նաեւ նշեց, որ նիստերի որոշումներից հետո շատ փոքր տպաքանակով երկու թերթ իր պատվի եւ արժանապատվության վերաբերյալ անհարկի տեղեկություններ է տպագրել ու տարածել Ագրարային համալսարանում (տարածողը եւս տվյալ համալսարանի դասախոս է եղել, ռեկտորի մտերիմը): «Հստակ իմանալով, որ իմ՝ դատարան հայց ներկայացնելը եւ որոշ թերթերի կողմից անձիս վերաբերյալ ապատեղեկատվությունը բացասաբար են անդրադառնալու գիտական խորհրդի նիստում հարցիս քննարկման վրա, գրավոր դիմեցի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին՝ խնդրելով իմ հարցն օրակարգից հանել: Այս ամենից հետո պրոռեկտոր Յուրի Մարմարյանն ինձ ասաց, որ հարցն օրակարգային է ու, անկախ ստեղծված իրավիճակից, քննվելու է: Ես էլ ստիպված մասնակցեցի ու գիտական խորհրդի նիստում տվեցի պարզաբանում, հստակ իմանալով, որ անկախ իմ խոսքերից, միեւնույն է՝ իմ օգտին չեն քվեարկելու: Անսպասելիորեն հայտնվեց Պուշկին Սերոբյանը, որն, ի դեպ, գիտխորհրդի անդամ չէ, ու ելույթ ունեցավ: Ի վերջո, տեղի ունեցավ քվեարկություն ու կատարվեց այն, ինչին սպասում էի՝ դա թատերական ներկայացում էր: Նշեմ, որ քվեարկության ավարտից հետո ինձ մոտեցան մի քանիսն ու ասացին՝ դուք ազնիվ եք, բայց, ցավոք, քվեարկության նման ընթացքը պարտադրված էր»,- մանրամասնեց պարոն Հարոյանը:
Նշենք, որ այս տարվա հունվարի 27-ին Մնացական Հարոյանի հայցն՝ ընդդեմ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի, աշխատանքում վերականգնելու, մեկ տարվա անհարկի պարապուրդի՝ 360 000 դրամ գումարի փոխհատուցման պահանջի մասին, մերժվել է: Մ. Հարոյանը պատրաստվում է վճիռը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: