Երիտասարդ կինոռեժիսոր Արեգ Ազատյանի «Զատիկի ոտքից բռնված» աշխատանքը ուշադրություն է գրավել հեղինակավոր փառատոնում:
Հայկական կինոն աշխարհում քիչ է ներկայացված, հետեւաբար՝ ցանկացած կինոփառատոն, ինչ կարգի էլ լինի, նպաստում է մեր կինոյի ճանաչողական հնարավորությունների բացահայտմանը: Վերջերս Ռոտերդամում անցկացված 38-րդ միջազգային կինոփառատոնին «Զատիկի ոտքից բռնված» կարճամետրաժ ֆիլմով (spectrum ծրագրում) փառատոնին մասնակցեց 22-ամյա կինոռեժիսոր Արեգ Ազատյանը: Իհարկե, հայրենի լրատվամիջոցները չանդրադարձան այս կինոգործչին, իրենց ուշադրությունը սեւեռելով բացառապես ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի վրա: Չենք վիճարկում լրատվամիջոցների դիրքորոշումը, չենք էլ փորձում ենթատեքստեր որոնել, բայց, լինելով ռոտերդամյան կինոփառատոնի կազմակերպիչներից, Հարություն Խաչատրյանն ինքը պիտի շահագրգռված լիներ, որպեսզի հրապարակվեր, հանրությանը ներկայացվեր երիտասարդի անունը: Չէ՞ որ մեզանում ստեղծված վատ ավանդույթի համաձայն, հայաստանյան կինոգործիչների անունները գրեթե դուրս չեն գալիս փառատոների շրջանակներից, չեն կազմակերպվում ֆիլմերի հանրային դիտումներ ու քննարկումներ:
«Առավոտը» հանդիպեց «Զատիկի ոտքից բռնված» ֆիլմի հեղինակ Արեգ Ազատյանին: Չորս խաղարկային եւ մեկ կարճամետրաժ ֆիլմի հեղինակ մեր զրուցակիցը փառատոների մասնակցության մեծ փորձ ունի: Նա տեղեկացրեց, որ ուսանողական տարիներին՝ 2003 թ. նկարահանել է «Պատուհանից այն կողմ» եւ «Դարպասը», 2004-ին՝ «Էշը» եւ 2006-ին՝ «Ճանճը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը: «Էշը» եւս ժամանակին մասնակցել է Ռոտերդամի փառատոնին, երբ ռեժիսորը ընդամենը 19 տարեկան էր: Այս առիթով Արեգը հիշեց, որ փառատոնին մասնակցության հայտ ներկայացրած 500 կարճամետրաժ ֆիլմից ընտրվել էր 32-ը: Այնուհետեւ հիշյալ ֆիլմով կինոռեժիսորը հրավերներ է ստացել Ռիո դե Ժանեյրոյից, Բարսելոնից, Փարիզից, Սինգապուրից: Իսկ 2006 թ. Դուշամբեի միջազգային կինոփառատոնում ցուցադրված «Ճանճը» ընտրվել էր Իրանից վտարված աշխարհահռչակ կինոռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի կողմից: Անդրադառնալով Ռոտերդամում ներկայացված «Զատիկի ոտքից բռնված» նկարին, Արեգն ասաց, որ այն չի մասնակցել մրցութային ծրագրին զուտ այն պատճառով, որ, ըստ կանոնակարգի, մրցութային ծրագրում (լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմեր) ընդգրկվում են դեբյուտանտ կինոռեժիսորներ. «Ինձ համար մեծ պատիվ էր, որ կինոփառատոնի կազմակերպիչներն այս ֆիլմը համեմատեցին Ֆրանց Կաֆկայի եւ Դանիել Հորնսի գրականության հետ»: Նշենք, որ երիտասարդ կինոռեժիսորի բոլոր ֆիլմերը նկարահանված են իր պատմվածքների հիման վրա, ընդ որում, Ա. Ազատյանի «Մարդու դատավարությունը» ժողովածուն 2004-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Արեգը, նշելով, որ իր ֆիլմը պետական միջոցներով չի նկարահանված, «Այսօր-պլյուս» ֆիլմարտադրության արտադրանք է, ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում հանրությունը չի կարող ծանոթանալ իր արվեստին. «Պարզապես, դրանք ներկայացնելը անհնարին է»: Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, Ա. Ազատյանը փոխանցեց, որ փառատոնային օրերին լիտվացի լրագրողներից մեկը զարմացել է, երբ իմացել է, որ Հայաստանում պետությունը արտադրում է ֆիլմեր (Հայաստանում կա Ազգային կինոկենտրոն եւ վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա), մինչդեռ նա պետք է լինի միայն ֆինանսավորողի դերում՝ աջակցելով մասնավոր կինոընկերություններին: