Երգիչ Մհերը, որը հավակնում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում», չի՞ ուզում վճարել իր հետ համագործակցածների հոնորարները:
Ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանն ու նրա ազգանվանակից երգիչ Մհերը բարեկամներ չեն, ուղղակի համագործակցել են, բայց վատ վերջաբանով: Ըստ Հրաչյայի՝ Մհերն իրեն փորձում է «քցել» ու ինքն էլ իր փաստաբան Մամիկոն Մանուկյանի հետ պատրաստվում է հայց ներկայացնել դատարան, ապացուցելու, որ մոսկվաբնակ երգիչը Հայաստանում խաբեությամբ է զբաղվում: «Հայկական էստրադան առանց այն էլ խեղաթյուրված էր, հիմա էլ մոսկովյան երիտասարդն է բարի դեմքով ներխուժել Հայաստան ու փորձում է ինչ-ինչ բաներ անել: 2008թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Մհերի երեւանյան մենահամերգը: Նա ինձ պատվիրել էր իր համերգի տեսահոլովակը, գովազդային աֆիշների ամբողջ դիզայնը, Յուրմալայում տեղի ունեցած մրցույթի տեսաֆիլմը եւ այլն: Ինչպես գիտեք, այս ամենը ոչ միայն աշխատատար է, այլեւ՝ ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող: Հետո պարզվում է, որ Մհերը գումար չունի եւ չի կարող վճարել կատարված աշխատանքների համար»,- պատմեց ռեժիսորը: Նրա հավաստմամբ՝ սկզբում Մհերը վստահություն ներշնչող քայլեր է արել, որ հետո իր գործերն «առաջ տանի»: Ըստ մեր զրուցակցի՝ բոլորն, այդ թվում՝ լուսային, ձայնային խմբերը, «Օվացիան» եւ «Սկայլայդը» համբերատար տարել են Մհերի բոլոր քմահաճույքները, աշխատանքները փայլուն են կատարվել, մնում էր վճարումը, որն ի վիճակի չի եղել կատարելու պատվիրատուն: «Ես չէի կարող, օրինակ, «Շողակաթ» ընկերությանն ասել, որ Մհերը փողը չունի, ստիպված իմ գրպանից բոլորին վճարեցի: Բացի այն, որ հոնորարները չեն վճարվել, նաեւ իմ անձնական գումարներն եմ ծախսել, ինչի համար տունս եմ գրավ դրել, եւ հիմա բանկում տոկոսներն աճում են: Մհերն ասում է՝ ոչինչ, կտամ, բայց ե՞րբ: Ի՞նչ է, մտածում էր՝ մենահամերգին մարդիկ պիտի «շաբա՞շ» տան, որ մեր պարտքերը վերադարձնի, թե՞ որոշել է «Եվրատեսիլ» գնալ՝ փող աշխատելու նպատակով»,- ասում է Հրաչյան ու հավելում, որ ինքը միակ տուժածը չէ, ուղղակի ոմանք սպառնալիքով իրենց գումարը ստացել են Մհերից, ոմանք՝ ոչ: Հրաչյա Մեսրոպյանը պնդում է, որ ընդհանուր առմամբ Մհերն այս պահի դրությամբ իրեն պարտք է $ 6240: «Ինձ մեղադրում են, թե իբր սեւ PR -ով եմ զբաղվում, ուզում եմ վնասել Մհերին, որ ձախողվի նրա «Եվրատեսիլ» մեկնելը: Նպատակս այլ է, որ նման խաբեությունները անարձագանք չմնան: Եթե նա Մոսկվայում այդպիսի բաներ աներ՝ հաստատ չէր մարսի»,- կարծում է «քցված» ռեժիսորը, որին Մհերի PR մենեջերը խոստացել էր, թե երգիչը Հայաստան կվերադառնա փետրվարի 1-ին ու կփորձի շտկել ստեղծված իրավիճակը:
Կապվեցինք նաեւ Մհերի PR մենեջեր Լիանա Ավետիսյանի հետ, որը նրա մորաքրոջ աղջիկն է: Լիանան հեռախոսով «Առավոտին» հայտնեց. «Ճիշտն ասած, Մհերն իսկապես ունի որոշակի ֆինանսական խնդիրներ, որոնք Հրաչը մի քիչ ճոխացված է ներկայացրել՝ փորձելով խանգարել Մհերին «Եվրատեսիլ» մեկնելուց առաջ: Մհերը չի պատրաստվում Հրաչյային «քցել», ուղղակի այն հովանավորները, որոնք պիտի Մհերին գումար տային, Մոսկվայում այժմ լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ են: Մհերն անպայման պարտքերը կփակի: Չգիտես ինչո՞ւ են որոշ մարդիկ հենց «Եվրատեսիլ» մեկնելուց առաջ խառնվել իրար»:
Մեր տեղեկություններով, հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների նման, Մհերն էլ է «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ, որը Հայ առաքելական եկեղեցին աղանդ է համարում: Լիանայից խնդրեցինք մեկնաբանել նաեւ այս տեղեկությունը: Նա նախ հարցրեց. «Դուք մտածում եք, որ դա վա՞տ է,- ապա հավելեց,- Մհերը Մոսկվայում է եկեղեցի գնում ու չգիտեմ, թե ինչպիսի: Երբ փետրվարի 6-ին նա վերադառնա Հայաստան ու մամուլի ասուլիս տա, ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները հենց իրենից էլ կստանաք»: