Լրահոս
Օրվա լրահոսը

18-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԷԼ ՉԻ ՄԱՅՐԱՆԱ

Փետրվար 04,2009 00:00

\"\"Բժիշկների մեղքով՝ նա պիտի բավարարվի միայն մի զավակով

Դեկտեմբերի վերջին օրերին Ալավերդու ծննդատանը ծննդաբերած 18-ամյա Մանե Մոսինյանի համար առաջին իսկ ծննդաբերությունը տխուր ավարտ ունեցավ: Նա ունեցավ 2,5 կգ քաշով աղջիկ: Մանեն ծննդատանը երեք օր մնաց բժիշկների հսկողության տակ, ապա, հարազատների վկայությամբ, 38 աստիճան ջերմությամբ դուրս գրվեց: Հաջորդ օրը նրա ջերմությունը ավելի է բարձրանում: Այդ օրերին Մանեն մի քանի անգամ այցելում է ծննդատուն, որտեղ թեեւ ստանում է որոշ բուժումներ, սակայն մանկաբարձ-գինեկոլոգները չեն նկատում հիվանդի մոտ ետծննդյան վտանգավոր զարգացումները: Շուտով հիվանդը ընկնում է փսիխոզ վիճակի մեջ: Տագնապի մեջ հայտնված հարազատները Մանեի վիճակի մասին խորհրդակցելու համար հրավիրում են հարեւան շենքում բնակվող Ալավերդու առողջապահական կենտրոնի անեսթեզիոլոգ Լեւոն Միքայելյանին, որն էլ, հիվանդին տեսնելուց հետո, առաջարկում է նրան շտապ տեղափոխել Երեւան: «Էրեբունի» հիվանդանոցում Մանե Մոսինյանի կյանքը փրկելու համար արգանդը հեռացնում են, որի արդյունքում 18-ամյա աղջիկը զրկվում է մայրանալու հետագա հնարավորությունից: Սա Ալավերդիում այժմ քննարկվող ամենաթեժ թեման է: Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը մեզ հետ զրույցում չժխտեց. «այդ սեփսիսի զարգացումը նաեւ մեր բժիշկների բացթողումն էր»: Սակայն Ստեփան Մոսինյանը նաեւ տեղեկացրեց, որ Մանե Մոսինյանի դեպքում բժիշկների մեղքի աստիճանը չի կարող ասել, առանց հիսթոլոգիական անալիզի պատասխանին ծանոթանալու: Ստեփան Մոսինյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Վերջին տարիներին Ալավերդու ծննդատունը չի վայելում շրջանի բնակիչ կանանց զգալի հատվածի վստահությունը: Նրանցից շատերը, կրկնակի ծախս կատարելով, նախընտրում են ծննդաբերել Վանաձորում կամ Նոյեմբերյանում: Ծննդատան մանկաբարձ- գինեկոլոգները գտնում են, որ մեղավորը Ալավերդու լրագրողներն են: Բժիշկները վստահ են, որ բոլոր քաղաքներում էլ, այդ թվում՝ Երեւանի ծննդատներում, մայրական մահեր եւ բժշկական բացթողումներ են գրանցվում, բայց ոչ մի տեղ աղմուկն այնքան մեծ չի լինում, որքան Ալավերդիում: Ալավերդու առողջապահական կենտրոնը ստեղծվել է ուղիղ մեկ տարի առաջ: Կենտրոնի ո՞ր բժշկական ծառայության որակն ու մակարդակն են առաջացնում բնակչության առավել անհանգստությունը՝ հարցին կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը խոստովանեց. «Անկեղծ ասած, դա մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքն է»: Ալավերդիում ծննդաբերող կանանց մեծ մասը դժգոհում է ծննդատանը հաճախ կրկնվող վարակներից: Այս կապակցությամբ Ստեփան Մոսինյանն ասաց. «Գիտեք, ես չեմ ուզում ասել, որ դրանում միայն մեր մանկաբարձ-գինեկոլոգներն ունեն իրենց մեղքը: Նախ ունենք շատ վատ պայմաններ, էսօր ծննդատանը էնպիսի սանհանգույցներ ունենք, որ այնտեղ հնարավոր չէ հիգիենիա պահպանել, այսօր ծննդատան զուգարաններում էլեկտրական պլիտաներ ենք դրել, որպեսզի ծննդաբերելուց հետո դրանից օգտվելով՝ կանանց մոտ ետծննդյան բարդություններ չառաջանան»: Ստեփան Մոսինյանը հայտնեց նաեւ, որ ծննդատնից՝ Ալավերդու կանանց խուսափելը վնասում է նաեւ կենտրոնի ֆինանսական առողջացմանը. «Պետությունը, 2008թ. 2-րդ կիսամյակից սկսած, կնոջ յուրաքանչյուր սովորական ծննդաբերության համար հատկացնում է 90 հազար դրամ: Յուրաքանչյուր հղիի՝ Ալավերդու ծննդատուն չհաճախելու դեպքում կենտրոնը, չհաշված աշխատավարձը, 25-30 հազար դրամ է կորցնում»: Սակայն Ստեփան Մոսինյանը, առաջնահերթ կարեւորելով ծննդաբերող կանանց առողջության անվտանգությունը եւ դրա հետ կապված իր ղեկավարած առողջապահական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, տեղեկացրեց. «Փետրվարի 1-7-ը Երեւանի Մարգարյան հիվանդանոցից, պրոֆեսոր Օկոեւի բաժանմունքից երեք փորձառու գինեկոլոգներ ենք հրավիրել մեզ մոտ երեք ամիս աշխատելու: Նրանք միաժամանակ իրենց փորձն են հաղորդելու մեր մանկաբարձ-գինեկոլոգներին, եթե նրանք դրական եզրակացություն տան մեր առաջատար մասնագետին, նա կշարունակի իր աշխատանքը, եթե՝ ոչ, ապա կաշխատենք որակյալ գինեկոլոգների հետ՝ մինչեւ հիմնական առաջատար մասնագետ ուղարկելը»: Ստեփան Մոսինյանը նաեւ հայտնեց, որ 2008-ին Ալավերդու ծննդատանը գրանցվել է մայրական մեկ եւ երկու նորածնի մահ: Մահացած կինը Լոռու մարզի Թումանյան քաղաքի բնակչուհի Չիչաք Սաշիկի Մկրտումյանն է, մահվան պատճառը՝ «Կեսարյան վիրահատությունից հետո արագ արյունահոսեց եւ մահացավ»: Ստեփան Մոսինյանը տեղեկացրեց, որ Չ. Մկրտումյանի մահվան գործում, ըստ դատաբժշկական փորձագիտական եզրակացության, ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները մեղավոր չեն եղել, այդուհանդերձ, մահվան այս դեպքից անմիջապես հետո ծննդատան առաջատար մասնագետ Ամալյա Ազատյանը փոխարինվում է առաջատար մասնագետ Լյուդա Մկրտումյանով: «Ընդհանրապես, բժշկության մեջ բացթողումներ լինում են, ընդամենը երկու օր առաջ մեզ մոտ Ախթալա քաղաքից բերել էին արյունահոսող հղի կնոջ, երեխան արգանդում մահացած էր, վայրկյանների խնդիր էր՝ մայրը կփրկվի, թե՝ ոչ: Մեր գինեկոլոգները փրկեցին այդ կնոջը»,- հայտարարեց Ստեփան Մոսինյանը:

Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները վիրահատական կամ ետծննդյան մահերի ու բարդությունների դեպքում հայտնվում են կնոջ համար բավականին ծանր հոգեբանական վիճակում եւ կարծում են, որ Հայաստանում բժիշկներն անպաշտպան են: Ու մինչ Ալավերդու հղի կանայք ու մանկաբարձ-գինեկոլոգները «տառապում» են ստեղծված իրավիճակում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը եւ Լոռու մարզպետարանը այդպես էլ տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկում Ալավերդու ծննդատան նկատմամբ վստահության բարձրացում, բժիշկների մասնագիտական պատշաճ պատրաստվածություն, անվտանգ ծննդաբերություն ապահովելու համար:

Հ. Գ. Փետրվարի 2-ին հրապարակվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների իրավիճակը աշխարհում» 2009 թվականի զեկույցը, ուր նշված է, որ Հայաստանում մայրական մահացության իրավիճակը մտահոգիչ է: Հայաստանում կանանց՝ հղիությունից կամ ծննդաբերության բարդություններից մահանալու հավանականությունը 9 անգամ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում: Հայաստանում այս իրավիճակին նպաստող գործոններից են ոչ բավարար նախածննդյան եւ նորածնային խնամքը, որակյալ անձնակազմի եւ անհրաժեշտ սարքավորումների պակասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել