Լրահոս
Օրվա լրահոսը

Նա չէր կարող ինքնասպան լինել

Փետրվար 04,2009 00:00

\"\"2008 թվականի դեկտեմբերի 10-ին Բերդի նախկին սովխոզի ավտոպարկի տարածքում հայտնաբերվել էր Տավուշի Աղբյուր գյուղի բնակիչ Օգսեն Գալստյանի դիակը, որը բռնության հետքերով էր: Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել՝ փորձելով կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն: Օ. Գալստյանի հայտնաբերումից 12 օր անց ոստիկանությունը քրեական գործ դեռեւս չէր հարուցել, թեեւ բոլոր այն անձինք, որոնցից ոստիկանությունը բացատրություններ էր վերցրել, շեշտել էին, թե նա երբեք ոչ ինքնասպանության փորձեր է կատարել, ոչ էլ նման մտքեր արտահայտել: Դիակը հայտնաբերվելու 12-րդ օրը միայն քրեական գործ հարուցվեց՝ հսկողություն իրականացնող Տավուշի մարզի դատախազության դատախազի դեկտեմբերի 22-ի գրավոր ցուցումից հետո՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի սպանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում բացահայտվեց ոչ միայն սպանությունը, այլեւ նշված հանցագործությունը կատարողի հետ կապված այլ հանցագործություն:

Այսպես՝ Բերդ քաղաքի բնակիչ Նվեր Վալերիկի Գինովյանը, 2008թ. նոյեմբերի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Բերդ քաղաքի նախկին ավտոկայանի տարածքում գտնվող ջրավազանի մոտ վիճաբանության մեջ է մտել Տավուշի մարզի Աղբյուր գյուղի բնակիչ Օգսեն Գալստյանի հետ, ապտակել, այնուհետեւ հրել նրան, որի հետեւանքով վերջինս ընկել է ջրավազանը եւ, ջրահեղձ լինելով, խեղդվել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի նախորդ օրը Ն. Գինովյանը եւ 0. Գալստյանը, նախապես հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ, Արսեն Գալստյանին պատկանող անասնապահական ֆերմայից գողացել են մոտոցիկլետի երկու անվադող՝ գույքի սեփականատիրոջը պատճառելով 20 000 դրամի գույքային վնաս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել