Լրահոս
Օրվա լրահոսը

Տանիքային կրքեր

Փետրվար 04,2009 00:00

Կայացված որոշումների արդյունքում տուժում են գործի հետ կապ չունեցողները

Երեւանի քաղաքապետարանը կցակառույցի իրականացման եւ Թումանյան փողոցի 9 շենքի թիվ 50 բնակարանի տանիքը՝ մանսարդային հարկի վերակառուցման համար, 2007 թվականի հուլիսի 3-ին շինարարության թույլտվություն է տվել Քնարիկ Հարությունյանին, որն իր կառույցով խախտում է նույն շենքի 51 բնակարանի սեփականատեր Սիմոն Էլչյանի սեփականության իրավունքը. «Քնարիկ Հարությունյանին թույլատրվել է կառուցել մանսարդային հարկ՝ այն դեպքում, երբ ես իմ համաձայնությունը չեմ տվել: Բացի այդ, մանսարդային հարկի կառուցման համար օգտագործվել է իմ բնակարանի տանիքի մակերեսը: Ճակատային հատվածում թիվ 50 բնակարանն ունի մեկ պատուհան, իսկ իմ 51-րդ բնակարանը՝ երկու պատուհան: Դա երեւում է ոչ միայն շենքի ճակատային մասից, այլեւ՝ ձեղնահարկի հատակագծից, որտեղ պարզ երեւում է, որ իմ բնակարանի տանիքը մտցվել է թիվ 50 բնակարանի հատակագծի մեջ: Զարմանալի է, թե ինչպե՞ս է իմ հատվածը ընդգրկվել հարեւանիս բնակարանի տարածքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Էլչյանը: Ըստ նրա, քաղաքապետարանի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի փաստաթղթում նշված է, որ Ք. Հարությունյանի բնակարանի նախագիծը մշակվել է տվյալ բնակարանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով նշված տարածքի սահմաններում: «Դա իրականությանը չի համապատասխանում եւ հենց այդ ամենի պատճառով է խախտվել իմ սեփականատիրական իրավունքը: Ինձ հասցեագրված նամակում քաղաքապետարանից նշում են, թե ճարտարապետական առումով նախագծվող մանսարդային հարկի ճակատային լուծումները մշակվել են շենքի ամբողջ երկայնքով, որի մեջ է ներառվել նաեւ իմ բնակարանի հատվածը: Հետաքրքիր է, քաղաքապետարանից ինչո՞ւ ինձ չեն թույլատրում մանսարդային հարկ կառուցել, երբ իմ բնակարանի երկու կողմից՝ աջից կառուցված է, իսկ ձախից արդեն կառուցվում է»,- ավելացրեց Սիմոն Էլչյանը: Նա քաղաքապետարանից պահանջում է չեղյալ համարել հաստատված նախագիծը իր բնակարանի մասով եւ միաժամանակ թույլատրել իր բնակարանի վրա մանսարդային հարկ կառուցել:

Ս. Էլչյանը բազմիցս դիմել է քաղաքապետարան, սակայն ամեն անգամ նրան պատասխանել են, թե տարածքի վերակառուցման թույլտվությունը տրվել է սեփականության իրավունքի վկայականով նախատեսված սահմանում՝ բացառելով թիվ 51 բնակարանի հատվածը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Խուրշուդյանը Սիմոն Էլչյանին գրավոր պատասխանել էր, որ իրենց բաժնի կողմից գրություն է ուղարկվել Քնարիկ Հարությունյանին, որպեսզի վերջինս քաղաքապետարան ներկայացնի իր բնակարանի տանիքը մանսարդային հարկի վերակառուցելու աշխատանքային նախագիծ. «Հաշվի առնելով, որ քաղաքաշինական փաստաթղթերը կառուցապատողի կողմից չեն ներկայացվել վարչության քննարկմանը, հարցը կարող է քննարկվել դատական կարգով»,- այս պատասխանով քաղաքապետարանն իր լիազորությունը համարել է ավարտված՝ կրակի մեջ գցելով քաղաքացուն: Մինչդեռ, հենց քաղաքապետարանի մեղավորությամբ է, որ տրվել է շինթույլտվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել