Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՎԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ

Փետրվար 04,2009 00:00

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանել է. յուրաքանչյուր մարդ ունի աշխատանքի, դրա ազատ ընտրության, արդար ու նպաստավոր աշխատանքների եւ գործազրկությունից պաշտպանվածության իրավունք:

\"\"Հայաստանի սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսգրքով, «Աշխատանքի վարձատրության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» գործող օրենքներով կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները: Մայրաքաղաքի «Քրջի բազարում» օրենքն ու սահմանադրությունը աղերսներ չունեն իրականության հետ, որովհետեւ այստեղ երկրի հոգնատանջ դեմքն է, չձեւակերպված իրավահարաբերություններն ու «քրջոտ» արժանապատվությունը: Նորայր Բաղդասարյանի համար տոն է այն օրը, երբ դռնեդուռ անցած, հավաքած, օգտագործված եւ վաճառքի հանված հագուստեղենից մի հատ օրվա ընթացքում վաճառվում է, այն էլ 200 \"\"դրամով: Այդ օրը կարող է նա իրեն լիարժեք տղամարդ զգալ, որովհետեւ ինքնուրույն ինչ-որ իր է կարողացել վաճառել: Օգտագործված հնոտի լամպն էլ Աստղիկ Սահակյանի համար դարձել է իսկական գլխացավանք, որովհետեւ 500 դրամի համար 10 ժամ կանգնում է ցուրտ ու կեղտոտ ասֆալտի վրա: Բայց ճար չունի, որովհետեւ երկու մանկահասակ երեխա է պահում, եւ նրանք սովահար իրեն են սպասում: Ա. Սահակյանը, ինչպես «կանգնածներից» շատերը, իրական գործազուրկներ են, որոնց, սակայն, երեսով են տալիս, թե աշխատանքի ազատ ընտրությունը ձերն է: «Քրջի բազարում» տեղյակ չեն աշխատանքային պայմանագրի մասին, իրենց իրավունքների ու ապագայի մասին: «Մենք պայմանագիր ունենք օրվա հետ: Այս պահին մեզ տիրություն անողը բնությունն է: Կարողանում ենք տանելի ցրտի պայմաններում մի քիչ երկար կանգնել»,- ասում է բարձրագույն կրթությամբ երիտասարդը, որը մեխեր, գործիքներ է փորձում վաճառել: Նա էլ խնդիր ունի. վիրահատելու են կնոջը եւ քանի որ գումար չունի, բժիշկներին մոտենալ չի համարձակվում: Եթե Աշխատանքային օրենսգրքով 14-16 տարեկանների համար շաբաթական 24 ժամ, 16-18 տարեկաններին՝ շաբաթական 36 ժամ աշխատանք է նախատեսված, այստեղ անչափահասներն ու կանայք անպակաս են: Կանգնում են սոված, անխնամ, ուշադրությունիզ զրկված: «Քշվածները» պատմում են, որ ամեն տարի իրենցից մի քանիսը ցրտից ու սովից մահանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել