Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ագրեսիա, արյունահեղություն, մաֆիա, բռնություն

Փետրվար 04,2009 00:00

Նմանատիպ այլ տարրեր պարունակող խաղերը ստիպում են, որ երեխաները ժամերով համակարգչի էկրանից «պոկ» չգան:

«Ես տղայիս ամեն առավոտ բուֆետի փող եմ տալիս, իսկ նա, ինչ-որ բան ուտելու փոխարեն, այդ գումարով վազում է ինտերնետ՝ խաղալու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Վարդուհին:

Տիկին Արմինեի խոսքերով էլ. «Իմ 8-ամյա որդին որոշ ժամանակ այնքան էր տարվել համակարգչային խաղերով, որ նույնիսկ քնի մեջ կռվում էր ինչ-որ հրեշների դեմ, տարօրինակ շարժումներ էր անում: Այժմ մենք նրան կտրականապես արգելել ենք համակարգչով նման ագրեսիվ խաղեր խաղալ»:

«Մահվան գնացողները», «Եղբայրները պատերազմում», «Սատանայի կղզին» եւ այլն. սրանք այն համակարգչային խաղերի անվանումներն են, որոնք խիստ գրավում ու հետաքրքրում են մեր անչափահաս երեխաներին: Ագրեսիա, արյունահեղություն, մաֆիա, բռնություն, հաշվեհարդար եւ նմանատիպ այլ տարրեր պարունակող խաղերը ստիպում են երեխաներին ժամերով նստել համակարգչի առջեւ, ինչը նրանց վրա ոչ միայն հոգեբանորեն է ազդում, այլեւ վնասակար է տեսողությանն ու կեցվածքին:

«Առավոտը» 7-16 տարեկան շուրջ 30 երեխաների եւ պատանիների շրջանում հարցում կատարեց, պարզելու՝ նրանք խաղո՞ւմ են համակարգչային խաղեր: Հարցվածներից գրեթե բոլորը նշեցին, որ իրենց օրվա մի քանի ժամերն այդ խաղերով են տարված: «Դասերից հետո ընկերներով ամեն օր գնում ենք ինտերնետ, տարբեր խաղեր ենք խաղում, լիցքաթափվում»,- մեզ հետ զրույցում ասաց 15-ամյա Դավիթը: Իսկ 6-ամյա Դավիթի պատմելով՝ ինքը ստիպված է լինում օրվա մեծ մասը համակարգչի առաջ անցկացնել ու խաղեր խաղալ, քանի որ մայրն աշխատանքի է լինում, ու ինքը տանը մենակ է:

Նկատենք, որ ինտերնետ ակումբները հիմնականում տեղակայված են ուսումնական հաստատությունների հարեւանությամբ ու ժամային եւ տարիքային սահմանափակում չունեն: Դպրոցականները շատ հաճախ ոչ թե դասերից հետո են գնում «լիցքաթափվելու», այլ՝ հենց դասերի հաշվին:

Հանրակրթական դպրոցներից մեկի հարեւանությամբ գտնվող ինտերնետ ակումբի մենեջեր Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ իրենք շատ հաճախ են ականատես լինում, թե ինչպես ծնողները, չբավարարվելով իրենց երեխաներին սաստելով, հայտնվում են ինտերնետ սրահում, «սկանդալ» սարքում, անպատվում սրահի աշխատակիցներին եւ ասում, որ նրանք կտրում են իրենց երեխաներին դասերից ու նրանցից գումար շորթում. «Ես չեմ հասկանում՝ մենք ի՞նչ մեղք ունենք: Թող իրենց երեխաներին արգելեն այստեղ գալ, պատժեն, գումար չտան, մեզնից ի՞նչ են ուզում, մենք միայն մեր աշխատանքն ենք կատարում, իսկ մնացածը ոչ թե մեր, այլ իրենց խնդիրն է»:

«Առավոտի» հետ զրույցում հոգեբան Նարե Գրիգորյանն ասաց, որ ցանկացած մարդ ի ծնե իր մեջ ունի ագրեսիա՝ անկախ այն բանից, թե որքանով է այն արտահայտվում: Իսկ համակարգչային ագրեսիվ խաղերը երեխաների եւ դեռահասների մեջ արթնացնում են այդ ագրեսիան եւ դառնում նաեւ այն բավարարելու միջոց:

Ըստ հոգեբանի. «Խաղալով այդ խաղերը՝ երեխաները կտրվում են հասարակությունից, կորցնում են շփման հմտությունները, մի խոսքով՝ փախչում են իրականությունից, եւ հենց դա էլ առաջացնում է ագրեսիա: Եվ քանի որ դեռահասության շրջանում առաջ է գալիս մարմնի եւ հոգու անհամապատասխանություն, որը կոչվում է «հորմոնալ փոթորիկ», դեռահասները չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է կատարվում: Արդյունքում՝ առաջ են գալիս ռեակցիաներ, որոնք առաջացնում են մահվան, կործանման բնազդներ, իսկ այդ խաղերի միջոցով բավարարվում են այդ ագրեսիվ բնազդները»:

Նրա խոսքերով՝ նմանատիպ խաղերով չափից շատ տարվելը առաջ է բերում մեկ այլ վնասակար հատկություն. «Երեխայի իմացական պրոցեսը հետ է զարգանում եւ նա դառնում է բնազդների գերի, այսինքն՝ վերածվում է զոմբիի: Հատկապես մանուկ հասակում դրանք խիստ բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեկերտվածքի վրա, քանի որ այդ տարիքում է երեխայի հոգին զարգանում, եւ որ գծերը իշխող են լինում՝ դրանց հիման վրա էլ ձեւավորվում է երեխայի հոգեկերտվածքը»: Եվ չնայած այս ամենին, տարեցտարի համակարգչային խաղերն էլ ավելի են «կատարելագործվում»՝ մեկը մյուսից ագրեսիվ ու դաժան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել