Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՝ «ՊԵՐԵՐԻՎՈՎ» ԵՆ ԳՆՈՒՄ

Փետրվար 04,2009 00:00

\"\"Որպեսզի սոված չմնան՝ «Նանեի ժպիտ» մանկապարտեզ-քոլեջ հաճախող երեխաներն իրենց հետ սնունդ են տանում

Աբովյան քաղաքում գործող «Նանեի ժպիտ» մանկապարտեզ-քոլեջում երեխաները սնունդ չեն ստանում: Այն ծնողները, որոնք այստեղ են բերում իրենց մանկահասակ աղջիկներին ու տղաներին, ստիպված են նրանց հետ 2 անգամվա սնունդ դնել, որպեսզի երեխաները սոված չմնան: Ամեն երեխա ուտում է այն, ինչ բերել է իր հետ, ինչն էլ, ծնողներից ոմանց հավաստմամբ, երեխաների միջեւ կոնֆլիկտների առիթ է դառնում: Երեխաները հետեւում են, թե ով ինչ է բերել ու ինչքան, որպեսզի կարողանան օգտվել ուրիշների «բարիքներից», իսկ եթե չի ստացվում, բնականաբար, կռիվներ են առաջանում, ու երեխաները սկսում են լաց լինել: Բացի այդ, մանկապարտեզ է գալիս մի կին, որը հատը 50 դրամով կարկանդակ է վաճառում երեխաներին, ու եթե ոչ բոլոր մայրիկներն են դրամ տված լինում կարկանդակ գնելու համար, դա եւս մեկ առիթ է, որպեսզի երեխաները կռիվ անեն: Այս մասին «Առավոտին» դժգոհել են մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները: Նրանց խոսքերով՝ տարածքում ուրիշ մանկապարտեզ չկա, միայն սա է, դրա համար են իրենց երեխաներին բերում «Նանեի ժպիտ»: Նրանք ասում էին, որ պատրաստակամ են ավելի գումար վճարելու, միայն թե երեխաները սոված չմնան: Ամենից շատ նրանց զայրացնում է այն, որ մանկապարտեզում կարկանդակ են վաճառում. «Մեզ ասում են, որ գումար չկա սնունդ մատակարարելու համար: Հասկանում ենք, որ սնունդ չեն տալիս, մենք այդ պայմաններին համաձայնել ենք, սակայն ինչպես կարելի է մանկահասակ երեխաների մոտ կարկանդակ բերել ու վաճառել: Կարող է ես այդ օրը գումար չունեմ եւ չեմ կարողանում երեխայիս 50 դրամ տալ, մյուս ծնողն էլ տվել է այդ 50 դրամը, նա կգնի, իսկ իմ երեխան ստիպված կլինի նստել ու նայել, թե ինչպես են մյուս երեխաները կարկանդա՞կ ուտում: Հետաքրքիր է այն, որ այս ամենը կատարվում է տնօրենի գիտությամբ»:

Նկատենք, որ այս մանկապարտեզի վարձն այնքան էլ թանկ չէ՝ ամսական 5000 դրամ, որի դիմաց հաստատությունը պարտավորվում է երեխաներին միայն տեղ տրամադրել, իսկ եթե անհրաժեշտ է՝ նաեւ քնեցնել: Այստեղ աշխատում են օրական ընդամենը 5 ժամ: Երեխաներին էլ ընդունում են առանց տարիքային սահմանափակումների:

Նշենք, որ կրթության ու գիտության նախարարությունը հաստատել է մանկապարտեզների գործունեության կանոնակարգ: Անկախ նրանից՝ հաստատությունը մասնավոր է, թե պետական, պետք է երեխաներին 3,5 ժամ պահելու դեպքում ապահովի սննդով: Հաստատված է նաեւ այն մթերքների ցուցակը, որ պետք է մատակարարվեն երեխաներին: Ըստ այդ ցուցակի՝ երեխաները պետք է ուտեն ցորենի եւ տարեկանի հաց, մակարոն, կարտոֆիլ, բանջարեղեն, մրգեր, չիր, միս, ձուկ, կարագ, ձու, թթվասեր, կաթնաշոռ եւ խմեն թեյ ու կաթ:

«Նանեի ժպիտի» տնօրեն Արմիկ Կարապետյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ դժգոհությունների եւ սնունդ չմատակարարելու առնչությամբ, սակայն նա ասաց, որ դժգոհողները հաստատ իրենց մանկապարտեզի ծնողներ չեն եղել եւ «որ բավականին երկար ժամանակ է՝ նման բանսարկություններով ուզում են իր ոտքի տակը փորել»: Այնուհետեւ տիկին Կարապետյանը սպառնաց, որ եթե «Առավոտն» այդ մասին հոդված տպագրի՝ պրոբլեմներ կունենա: Տիկին Կարապետյանը ընդամենը 20 րոպեից Աբովյանից հասավ «Առավոտի» խմբագրություն եւ պարզաբանում տալու փոխարեն մեծ աղմուկ բարձրացրեց:

Մեր հարցին, թե օրենքով թույլատրվո՞ւմ է մանկապարտեզներում սնունդ չտալ, կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական բաժնի պետ Հասմիկ Միտոյանը պատասխանեց, որ դա կախված է հաստատության կանոնադրությունից: Նա մեզ խորհուրդ տվեց դիմել «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության ուսումնակրթական ծրագրերի բաժին, պարզելու՝ այդ մանկապարտեզը լիցենզավորվա՞ծ է, թե՝ ոչ, որպեսզի պարզ դառնա նրա գործունեության օրինականությունը: Այդ բաժնի ավագ մասնագետ Ցողիկ Ավետիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ մանկապարտեզը լիցենզավորված չէ, քանի որ այն նախատեսված չէ որպես մանկապարտեզ, այլ երեխաների խնամքի կենտրոն է, որտեղ ծնողները երեխաներին ընդամենը մի քանի ժամ են ի պահ տալիս, ուստի պարտադիր չէ սննդով ապահովելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել