Լոռու մարզպետը համայնքապետերին զգուշացրել է, որ եթե շարունակեն աշխատելու փոխարեն՝ այստեղ-այնտեղ գառ ուտել, անցնելու է կտրուկ գործողությունների:
«Ես որոշել եմ այլեւս չփորձել ձեզ հորդորել կամ քննադատել: 6 ամիսն անցավ՝ անցնում եմ գործողությունների: Այլեւս ոչ մի մեղմացուցիչ հանգամանք ու անձնական հարաբերություններ: Ոչ մի բան չեմ ներելու: Սրանից հետո դոտացիաների տրամադրումը կախված կլինի ձեր եկամուտների հավաքագրումների մակարդակից»,- հունվարի վերջին կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ համայնքապետերին զգուշացրել է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Մարզպետի դժգոհության պատճառը եղել է 2008-ին գրեթե բոլոր համայնքների վատ աշխատանքը. «60 եւ ավելի տոկոսով սեփական եկամուտները հավաքագրել է ընդամենը 36 համայնք: Հողի հարկի հավաքագրումը ցածր է եղել մի շարք համայնքներում: Մինչեւ 30% հավաքագրում կատարել է ընդամենը 16 համայնք: 2007-ի նկատմամբ հողի հարկի հավաքագրման մակարդակը նվազել է Թումանյանի՝ 14, Տաշիրի՝ 11 եւ Ստեփանավանի՝ 10 համայնքներում»: Ըստ Ա. Քոչարյանի՝ այս ամենի պատճառն այն է, որ գյուղացին չի վստահում որոշ գյուղապետերի. «Շատ դեպքերում մեքենա եք գնում, գործուղումների վրա եք ծախսում, ոչ նպատակային ծախսեր եք անում, դրա համար էլ չեն վստահում եւ չեն տալիս գումարները: Բոլոր վերահսկողություն կատարող կառույցներն այսուհետ պետք է նաեւ վերահսկեն, արդյո՞ք գյուղացիների վճարած գումարները արձանագրվում են գյուղապետարանների մատյաններում, թե՝ ոչ: Ինչո՞վ բացատրել, որ մեր ստուգումներից հետո իրավապահները գնում են ու ինչ-որ բաներ արձանագրում: Որովհետեւ մերոնք գնում են այնտեղ թեյ են խմում կամ գառ են ուտում ու ետ են գալիս»:
Ա. Քոչարյանը մարզպետարանի բոլոր աշխատակիցներին հրահանգել է ամբողջ օրը համակարգիչով խաղեր խաղալու փոխարեն՝ իրենց աշխատանքով զբաղվեն. «Փետրվարի 1-ից մարզպետարանի բոլոր աշխատակիցները, անկախ նրանից, թե որ ծառայությունում են աշխատում, օրվա մեծ մասը չպետք է անցկացնեն աշխատավայրում: Այստեղ այդքան նստելու բան էլ չկա: Աշխատողների հսկայական մեծ բանակը, որ նստած «կոմպյուտեր» է խաղում, պետք է գնա համայնքներում աշխատի»: Ա. Քոչարյանն իր դժգոհությունը հայտնեց նաեւ մարզի առանձին ոլորտներից: Նրա ներկայացմամբ, չնայած ծննդատան աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են, բայց մարդկանց ստիպում են, որ անհարկի գումարներ վճարեն. «Կամ, ասենք, անհանգստացնող վիճակ կար սոցիալական ոլորտում՝ կապված նպաստների նշանակման հետ, ինչի առիթով դատախազության կողմից քրեական գործեր էին հարուցվել: Համայնքների ղեկավարների մի մասը՝ չիմանալու, մի մասն էլ՝ մտածված կեղծ տեղեկանքեր տալու արդյունքում մարդկանց դարձնում էին նպաստառու»:
Մարզպետը գոհ չէր նաեւ կրթական ոլորտից. «2008-ի արդյունքներով մարզն ունեցավ դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի 45 մրցանակակիր՝ նախորդ տարվա 37-ի փոխարեն: Սակայն խնդիր է այն, որ արդեն մի քանի տարի է, ինֆորմատիկա առարկայից հանրապետական փուլի մասնակից չենք ունենում: Դպրոցները տեխնիկապես զինում ենք, վերապատրաստում ինֆորմատիկայի ուսուցիչներին, բայց ոչ մի տեղաշարժ չի նկատվում»: