Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԱՐԺԵՑՆՈՒՄ» ԵՆ ՀԱՐԿՄԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ

Փետրվար 04,2009 00:00

Այս տարվանից իրենց եկամուտներից պետությանը պետք է բաժին հանեն բոլոր նրանք, ովքեր տանը նստած փող են աշխատում:

Տոնավաճառների եւ խանութների տերերին հարկային դաշտ «բերելուց հետո», Պետեկամուտների կոմիտեի տեսուչները հիմա էլ ընկնելու են տնետուն, որպեսզի ստուգեն, թե ով է տանը նստած փող աշխատում: Եթե պարզվի, որ որեւէ մեկը «համարձակվել» է իր բնակարանում կոշիկ կարկատել կամ ուրիշի լվացքն անել ու առանց հարկայինին տեղյակ պահելու՝ եկամուտն իր գրպանը դնել, տուգանքի կենթարկվի: Այսուհետեւ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց բնակարաններում ինչ-որ ծառայություն են մատուցում եւ դրա դիմաց գումար են ստանում, պետք է «կիսվեն» հարկայինի հետ:

Նման գործունեությամբ զբաղվող քաղաքացիներն այսօր բազմաթիվ են, որոնք գերադասում են ոչ թե ուրիշի «մունաթի տակ» աշխատել ու ստացած գումարից նրան տոկոս վճարել, այլ նույն գործը տանն անել եւ ամբողջ գումարը ինքը տնօրինել: Հարկատու պետք է դառնան բոլոր նրանք, ովքեր տան պայմաններում հագուստի, կոշիկի եւ կաշվե իրերի արտադրություն են իրականացնում, դասավանդում են օտար լեզուներ, կար ու ձեւ, հելունագործություն եւ գորգագործություն, տորթեր են պատրաստում, կենցաղային տեխնիկա են նորոգում, նկարներ են նկարում, զբաղվում են քանդակագործությամբ կամ դարբնոցային գործեր են անում: Ուշագրավ է, որ հարկ պետք է վճարեն նույնիսկ ուրիշի առանձնատան կամ բնակարանի վարձու աշխատողները, որոնք իրենց աշխատանքի դիմաց գումար են ստանում՝ խոհարարները, uպաuուհիները, ծառաները, լվացարարուհիները, անգամ դռնապանները, ձիապաններն ու վարորդները: Այս ամենը սահմանված է «Արտոնագրային վճարների մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Նշենք նաեւ, որ գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի տարեկան չափը սահմանվում է Երեւանում՝ 60 հազար, մարզկենտրոններում՝ 30 հազար, այլ քաղաքներում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններից մինչեւ 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում՝ 24 հազար, իսկ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում՝ 3600 դրամ: Որպեսզի շատ տնտեսվարողներ ֆիզիկական անձանց անվան տակ չկարողանան օգտվել օրենքի այս արտոնությունից եւ նվազեցնեն իրենց հարկային մուծումները, սահմանվել է նաեւ, որ արտոնագրային վճարով պետք է հարկվեն տարեկան մինչեւ 2,5 միլիոն դրամը չգերազանցող եկամուտ ունեցողները:

Նկատենք, որ տանը որեւէ գործով զբաղվով մարդկանցից ոչ բոլորն են կարողանում ամբողջ տարին փող աշխատել: Օրինակ, խմորեղեն պատրաստողները տարվա ոչ բոլոր ամիսներին են առատ պատվերներ ունենում կամ, ասենք, օտար լեզուների մասնագետները ոչ միշտ են աշակերտներ ունենում: Բացի այդ, նրանք իրենց մատուցած ծառայությունների դիմաց անհամեմատ մատչելի գին են պահանջում: Նրանցից շատերն էլ կատարած աշխատանքի դիմաց հաճախ գումար չեն ստանում, ծանոթի կամ բարեկամի մազերը հարդարելուց հետո վարսավիրին կոնֆետներ կամ լավագույն դեպքում ծաղիկներ են սպասվում: Սակայն, անկախ նրանից, թե տվյալ «տնտեսվարողը» մայրաքաղաքում աշխատել է 5, թե 50 հազար դրամ, պետք է պարտադիր 60 հազար դրամ հարկ վճարի: Ուշագրավ է, որ Պետեկամուտների կոմիտեն հույսը դրել է նրա վրա, որ այս գործունեությունը ծավալողները իրենք կներկայանան եւ ինքնակամ հարկատու կդառնան, նույնիսկ օրենքում սահմանվել է, որ 2009 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ը նրանք պետք է հարկային մարմին դիմում ներկայացնեն այն մասին, որ իրենք լրացուցիչ եկամուտներ են ստանում եւ անպայման ուզում են դրանից պետությանը բաժին հանել:

Ի պատասխան «Առավոտի» այն հարցին, թե տանը գործունեություն իրականացնող «տնտեսվարողները» ՀԴՄ կտրոն տրամադրելո՞ւ են, թե՝ ոչ, Հարկային պետական ծառայությունից պատասխանեցին. «Այդ մարդիկ համարվում են արտոնագրային վճար վճարողներ, ուստի հաշվիչ դրամարկղային կտրոններ չեն տրամադրելու: Հարկայինի նպատակն էլ նրանց հարկման կուլտուրան սովորեցնելն է, որպեսզի հետագայում, եթե նրանք անհատ ձեռնարկատեր դառնան կամ ավելի մեծ գործունեությամբ զբաղվեն, կարողանան հարկայինի հետ աշխատեն»:

Դեռ հայտնի չէ՝ Պետեկամուտների կոմիտեն ինչ մեթոդներով պետք է հայտնաբերի, թե ով իր տանը ինչ գործով է զբաղվում: Բայց ակնհայտ է, որ ում կհաջողվի հարկային դաշտ բերել՝ նրանց ծառայություններն անհամեմատ կթանկանան: Նշենք նաեւ, որ «Արտոնագրային վճարների մասին օրենքում» որեւէ տող նշված չէ այն մասին, որ եթե տվյալ մարդը տարեկան 2,5 միլիոն դրամից ավելի գումար է աշխատել, ի՞նչ ռեժիմով է հարկվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել