Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շախմատային քաղաքականություն

Փետրվար 04,2009 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը ԱԺ-ում

«Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում հայ շախմատիստների փայլուն հաղթանակները թույլ են տալիս որոշ զուգահեռներ անցկացնել շախմատի եւ քաղաքականության միջեւ:

Հնագույն խաղում հաջողության հասնելու գրավականներից մեկը արքայի տեսակն է: Առաջնորդի հատկանիշներով իրոք օժտված թագավորը՝ թեկուզեւ փոքրաթիվ, բայց սխրանքի պատրաստ ռազմիկներով կարող է ջախջախել հակառակորդին, իսկ ապաշնորհ արքան մեծաթիվ ուժերով անգամ դատապարտված է պարտության:

Շախմատային արքային կապիտուլացնելու նպատակով հակառակորդը շարքից հանում է նրա ֆիգուրները: Պարտիան ավարտվում է, երբ մատ են հայտարարում թագավորին: Հետեւաբար բոլոր ֆիգուրների գոյության նախապայմանը արքան է, որի անվտանգության համար գիտակցաբար կամ բնազդաբար պայքարում են մյուսները: Թերեւս պարադոքսալ է հնչում, բայց շախմատում ամենաանպաշտպանը արքան է: Անգամ թագուհին է իրեն զոհաբերում հանուն թագավորի: Միաժամանակ շախմատում զինվորն անգամ կարող է թագուհի դառնալ, բայց թագավոր՝ երբեք: Քաղաքականության մեջ ամեն զինվոր չէ, որ կարող է իսկական արքա դառնալ: Թերեւս մեծ տարբերություն կա արքա ծնվածի եւ հանգամանքների բերումով թագավոր դարձածի միջեւ:

Շախմատում խաղի կանոններն ի վերուստ սահմանված են, եւ ֆիգուրների գունափոխությունը բացառված է: Քաղաքականության մեջ, որպես կանոն, արմատավորված են յուրայինների խարդավանքները, դավադրությունները եւ գունափոխությունը: Շախմատային ֆիգուրներին արգելված է դիմել դասալքության եւ անցնել հակառակորդի ճամբարը: Քաղաքականության մեջ դասալքությունը տարածված երեւույթ է:

Շախմատային եւ քաղաքական մարտերում լինում են հաղթանակներ, որոնք հավասարազոր են պարտության, քանի որ ձեռք են բերվում հպատակների կամ յուրայինների ոչնչացման գնով: Պատահում են նաեւ դեպքեր, երբ թագավորը իր հպատակների կամ յուրայինների կյանքը փրկելու մղումով զոհաբերում է իրեն: Դրանք աստվածատուր եւ ընտրյալ արքաներն են:

Թերեւս այստեղ են հատվում հնագույն խաղի եւ քաղաքականության զուգահեռները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել