Թեր եւ դեմ կարծիքներ՝ ԱԺ նիստերի եւ դատարանի դահլիճներում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ:
Նախ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվեց «7»-ի գործով՝ դատավարության դահլիճ լրագրողների մուտքն արգելելով եւ առանձին սենյակում մոնիտորների միջոցով դատին հետեւելու պարտադրանքով:
Իսկ հետո խորհրդարանի այս նստաշրջանում, ինչպես արդեն հաղորդել ենք, փետրվարի 2-ից սահմանափակվեց նիստերի դահլիճում ԶԼՄ-ների տեսախցիկների տեղաշարժը: Պատգամավորների դեմքերը նկարելու համար օպերատորներին միայն 30 րոպե ժամանակ է տրվում, այն էլ՝ նիստի սկզբում: Դրանից հետո օրենսդիրներին հնարավոր է նկարել միայն թիկունքից, քանի որ տեսախցիկները պետք է մնան շարքերի հետեւում: Ապարդյուն են եղել այս կարգը փոխելու վերաբերյալ բանակցություններն ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում կիրառված այս նոր կարգի կապակցությամբ ասաց. «Կարծում եմ, սա նորմալ չէ՝ նախ լրագրողների աշխատանքին ընդհանրապես հնարավորինս ազատություն տալու իմաստով: Եվ երկրորդը՝ նորմալ չէ հենց խորհրդարանի համար, քանի որ պատգամավորների գործունեության ամբողջական լուսաբանում այս դեպքում չի լինի: Ինձ թվում է՝ այստեղ կա՛մ խորհրդատուներն են ոչ մասնագետ, կա՛մ ուղղակի խորհրդականները չեն էլ փորձել ԱԺ ղեկավարությանը բացատրել, որ նման քայլի, նման որոշման հետեւանքով շատ թերի կլուսաբանվի խորհրդարանի աշխատանքը»:
Մեր հիշեցմանը, թե ԵԽԽՎ-ի աշխատանքներին լրագրողները հետեւում են անգամ ոչ թե նիստերի դահլիճում, այլ մամուլի կենտրոնում՝ մոնիտորների միջոցով՝ Գեղամ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Բայց նույն Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը մատուցում է հատուկ ծառայություններ եւ հնարավոր է լինում ստանալ տեսանյութեր: (Իրոք, ԵԽԽՎ մամուլի ծառայությունը պահանջի դեպքում տրամադրում է անգամ Վեհաժողովի նիստի ողջ տեսագրությունը.- Ա. Ի. ): Հիմա պատկերացրեք, երբ որ մեր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պատգամավորները հարց ուղղեն նախարարներին՝ տեխնիկապես ուղղակի անհնար կլինի նկարահանել կամ լուսանկարել հարց տվողին»:
Ի դեպ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագիրն այս կապակցությամբ հիշեցրել էր, թե մի քանի տարի առաջ Ադրբեջանի խորհրդարանում երկու պատգամավորների ծեծկռտուքից հետո ընդհանրապես էր արգելվել օպերատորների մուտքը դահլիճ, եւ հեռուստաընկերություններին տրամադրում են մոնտաժված կադրեր միայն: «Ես երբեք չէի ցանկանա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների միջեւ զուգահեռներ տանեին»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նրա համար կարծես համոզիչ չէր «7»-ի գործով դատավարության ընթացքում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակման պատճառաբանությունը՝ լրագրողների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովելու մտահոգությունը: «Նույն հարցն է,- ասաց պրն Մանուկյանը:- Կարելի էր ապահովել լրագրողների համար նման պայմաններ, բայց դա չպետք է պատճառ դառնար, որ լրագրողների մուտքն ընդհանրապես արգելվեր դատարանի նիստերի դահլիճ»:
Իսկ Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ-ում այս նորամուծությանը՝ արդյոք դա լրագրողների աշխատանքի սահմանափակո՞ւմ է՝ պատասխանեց. «Ո՛չ, դա միջազգային պրակտիկայում ընդունված է՝ գործում է ԱՄՆ կոնգրեսում եւ շատ այլ խորհրդարաններում: Լրագրողներն այս դեպքում էլ ունեն բոլոր հնարավորությունները հետեւել խորհրդարանի աշխատանքի բովանդակային մասին: Իսկ թե բազմաթիվ ժամերի ընթացքում ինչ է կատարվում դահլիճում, եթե դա օրենքի շրջանակներից դուրս չէ՝ չպետք է նաեւ տեսախցիկային տեսագրման պարտադիր առիթ դառնա: Անտեղի, երկրորդական մանրամասները, մանրուքները կարող են օգտագործվել պատգամավորների վարկաբեկման համար: Իսկ պատգամավորների հիմնական աշխատանքը նրանց օրենսդրական նախաձեռնությունները եւ ԱԺ ամբիոնից ելույթներն են: Այդ ամենին լրագրողները կարող են հետեւել նաեւ նոր կարգի սահմանումից հետո»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը, սակայն, այլ կերպ գնահատեց «7»-ի գործով դատավարության ընթացքի լուսաբանման նկատմամբ կիրառված սահմանափակումը: Լրագրողների մտահոգությունների առնչությամբ, որ առանձնացված սենյակում տեղադրված մոնիտորները չեն փոխանցում դատարանի դահլիճում կատարվողի ամբողջական պատկերը՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «Որքան գիտեմ, այդ դատավարության ընթացքում լրագրողներին ստիպում են ներկա չլինել ոչ միայն տեսախցիկների պատճառով: Եվ նույնիսկ գրող լրագրողները, որոնք պետք է ծանոթ լինեն ամեն ինչին, ինչ կատարվում է դահլիճում, հետեւեն ե՛ւ մթնոլորտին, ե՛ւ կարեւոր իրադարձություններին՝ փաստորեն, չունեն այս ամենի հնարավորությունը: Այն դեպքում, երբ ԱԺ-ի դեպքում ոչ ոք չի ստիպում լրագրողներին հեռանալ նիստերի դահլիճից: Այսինքն՝ այստեղ ես սկզբունքային տարբերություն եմ տեսնում: Եվ եթե խորհրդարանի դեպքում միանգամայն կողմնակից եմ այդ նոր նախաձեռնությանը, ապա դատարանի դեպքում՝ համարում եմ անընդունելի»: