Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ՓԱԹԵԹ

Փետրվար 04,2009 00:00

Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուսը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը երեկ հայտարարությամբ անդրադարձել են ԱԺ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին. «Այդ փաստաթղթերի որակը գերազանցեց մեր բոլոր հոռետեսական ակնկալիքները. լեզվական, տրամաբանական եւ իրավական սխալների քանակն անիմաստ է դարձնում դրանց մանրամասն վերլուծությունը»: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ թեեւ 2008-ի դեկտեմբերին ԵՄԱ-ն ու «Ինտերնյուսը» ԱԺ համապատասխան հանձնաժողովին են ուղարկել այս փաթեթի նախորդ տարբերակի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ՝ «Մեր սկզբունքային դիտողություններից ոչ մեկը գործնականում հաշվի չի առնվել: Դրա փոխարեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծում հայտնվել են դրույթներ, որոնց մի մասն այլ բնութագրման, քան թյուրիմացությունն է, արժանի չէ»: Հիշատակված է նաեւ, որ 2008-ի նոյեմբերին այս կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվել են անդամակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովին կից՝ ԶԼՄ-ների օրենսդրության աշխատանքային խմբին, մասնակցել են դեկտեմբերին ԱԺ-ում կազմակերպված լսումներին՝ նվիրված հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության կարգավորմանը. «Սակայն, ինչպես երեւում է օրինագծերի փաթեթից, այդ միջոցառումները որեւէ օգուտ չեն տվել, իսկ նախագծերի ներկա տարբերակներին աշխատանքային խմբին ծանոթացնելը նույնիսկ հարկ չի համարվել: Այդ դեպքում ինչո՞ւ էին այն ընդհանրապես ստեղծում»: Մանրամասնելով, որ քննարկվող օրինագծերում չեն արտացոլվել նաեւ հեռարձակման օրենսդրության վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության հարցերով հանձնակատարի կոչերը՝ հայտարարության հեղինակները նշում են. «Ստեղծված իրավիճակում մեզ ոչինչ չի մնում, քան կոչ անել ԱԺ պատգամավորներին՝ հնարավորինս արագ մոռանալ ընթացիկ քառօրյայի քննարկմանը ներկայացված փաթեթը, վերադառնալ դրա նախկին տարբերակներից որեւէ մեկին եւ զբաղվել փաստաթղթերի արմատական վերամշակմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել