ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ առավոտյան քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների փաթեթը, որն իր մեջ ընդգրկում է հետեւյալ օրինագծերը՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկա չէր, նա Վրաստանում Վենետիկի փորձագետների հետ քննարկում է 300 եւ 225 հոդվածների փոփոխությունների հարցը: Նիստը վարում էր փոխնախագահ Արտյուշա Շահբազյանը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ներկայացմամբ՝ օրինագծերի ընդունումը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումներով, որոնց նպատակն է ՀՀ դատական համակարգի անկախության եւ ինքնակառավարման սկզբունքի ամրապնդումը, Սահմանադրությամբ նախատեսված եռաստիճան դատական համակարգի վերականգնումը: Լիագումար նիստի ժամանակ նախարարը հայտարարեց, որ դատական ատյաններում գործերի անհիմն բաշխում կա, ինչն անհարկի նվազեցնում է 1-ին ատյանի դատարանների դերը: Նա անդրադարձավ նաեւ առանց ամբաստանյալի դատական նիստ անցկացնելու հնարավորությանը: Ներկայումս գործող կարգավորումը դժվարություններ է առաջացնում, երբ ամբաստանյալը դատարանում ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորում: Պարոն Դանիելյանը գտնում է, որ «նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում խոցելի է դառնում նաեւ ամբաստանյալի իրավունքների պաշտպանությունը»: Ըստ նրա՝ օրենսդրական փաթեթն ամբաստանյալի վիճակը բարելավող բնույթ ունի. դատարանի դահլիճից հեռացման արդյունքում կալանավորված անձանց համար պատժի ժամկետի մեջ չհաշվելու խնդիր չի առաջանում, ամբաստանյալին դահլիճից հեռացնելու դեպքում պաշտպանի մասնակցությունը նիստին դառնում է պարտադիր:
«Սա ես գնահատում եմ որպես իրավիճակային լուծում, «7-ի գործով» դատավարության ժամանակ դատավորը հայտնվել է պատային վիճակում, եւ կառավարությունն առաջարկում է նման լուծում»,- հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ հռետորական հարց տվեց. «Երբ դատարանում հայտարարում են «Ոտքի՛, դատարանն է գալիս», արդյոք խոսքը ա՞յն դատարանի մասին է, որը կատարում է քաղաքական պատվեր, արդյոք խոսքը ա՞յն դատարանների մասին, է որոնք կոռումպացված են»: Ապա ամփոփեց. «Հայաստանի նման երկրներում իրավական խնդիրները լուծվում են քաղաքական հարթությունում, եւ եթե այսօր ՀՀ ղեկավարությունը դրսեւորի քաղաքական կամք, ապա դրան կհաջորդեն նաեւ իրավական քայլեր»: