Փետրվարին կայանալիք ՀՌԱԿ համագումարը կտա բոլոր հարցերի պատասխանները
Երկու տարի առաջ ավելի առարկայական դարձավ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների լուծարման եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը միավորվելու գործընթացը: Անցյալ տարի դրան միացավ Հայաստանի ազատական կուսակցության այն հատվածը, որը չգնաց Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ մնաց Աշոտ Անտինյանի հետ: Մեր տեղեկություններով՝ մեկնարկած, սակայն դեռ չավարտված այս գործընթացում խոչընդոտներ են առաջացել: ՀՌԱԿ կանոնադրությունը պահանջում է երդվել՝ կուսակցությանն անդամակցելու համար, ինչը դուր չի եկել որոշ նոր անդամագրվողների. «Պետությանը կամ բանակին կարող ենք ծառայելու երդում տալ, բայց կուսակցությանը պարտադիր չէ, քանի որ դա քաղաքացիական իրավունք է: Ի՞նչ է, եթե դուրս գանք՝ երդմնազա՞նց ենք լինելու»: 100-ամյա պատմությամբ կուսակցության կանոնադրությունն ու ավանդույթն է դա՝ դիտարկմանը արձագանքեցին՝ ժամանակին, երբ ստեղծվել են այդ կուսակցությունները, այլ ժամանակներ եւ իրավիճակներ էին: «Առավոտի» հետ զրույցում «Դաշինքի» ներկայացուցիչ Գնել Ղլեչյանն ասաց, որ միավորումը դեռ ընթացքի մեջ է, երբ վերջնական որոշում լինի՝ կտեղեկացնեն. «Մանրամասները հիմա չեմ կարող ասել՝ բանակցային գործընթացներին չվնասելու համար»: Նաեւ ասաց, որ մեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ «Եթե այդքան կուսակցություններ միավորվում են, կկատարվեն կանոնադրական եւ այլ տիպի փոփոխություններ: Թե արդյունքում ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն, կպահպանվի՞ երդման տեքստը, թե՞ ոչ՝ համագումարի որոշելիք խնդիրն է: Ազդեցիկ, հզոր կուսակցություն ստեղծելու նպատակ ունենք, եւ նման մանր խնդիրները չեմ կարծում, թե կխանգարեն»:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նախ հեգնեց. «Նման խնդիր եթե չի եղել՝ որտեղի՞ց եք լսել: Ամեն ասած չեմ մեկնաբանում: Եվ որեւէ խնդիր՝ պնակալեզներ, պաշտոնավորներ, ՀՌԱԿ-ում վաղուց չկան, որքան էլ փորձում եք գտնել: ՀՌԱԿ-ում երբեւէ այսպիսի հանգիստ վիճակ չի եղել: Սամվել Բաբայանի, Ալբերտ Բազեյանի հետ ունեմ նորմալ, ընկերական հարաբերություններ: Մութ սենյակում սեւ կատու թող չփնտրեն»: Նա տեղեկացրեց, որ մինչեւ փետրվարի վերջ նախատեսված է վերջնական համագումարը, որտեղ կհնչեն բոլոր հարցերի պատասխանները: Օրակարգում կլինեն նաեւ ծրագրային եւ կանոնադրական փոփոխություններ: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ փոփոխվի կուսակցությանն անդամակցելու համար երդվելու պահանջը: «Կան ավանդույթներ, որոնցով ՀՌԱԿ-ը տարբերվում է մյուս կուսակցություններից: Չեմ կարծում, որ կուսակցության 123 տարվա պատմությունը կսկսենք սրբագրել: Միգուցե, 21-րդ դարում փոքր-ինչ տարօրինակ են հնչում՝ երդում- երդմնառությունը, բայց դա է: Ում համար դա է խոչընդոտը, կարող է ընտրել այլ կուսակցություն»,- ասաց նա:
Ալբերտ Բազեյանի կարծիքն էլ սա է. «Մենք հատուկ հանձնարարական չենք տվել, կուսակցությանն անդամագրվելը կամավոր է: Մենք այդ ճանապարհն ընտրեցինք, ուղղությունը ցույց տվեցինք, մնացածը թող յուրաքանչյուրն իր համար որոշի: Ես, համենայնդեպս, առայժմ չեմ շտապում ստորագրել երդման տեքստը»: