Ըստ հանրապետական Արմեն Աշոտյանի՝ սկսել են կատարել
– ԵԽԽՎ 1643 բանաձեւում դարձյալ կարեւոր են համարվել անկախ լրատվամիջոցների գործունեության համար բավարար պայմանների ապահովումը, hեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անկախությունը եւ այլն: Նաեւ կոչ է արված աշխատել Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ. եվրոպացիների այս պահանջները պատրաստվո՞ւմ եք իրականում բավարարել:
– Մենք արդեն լուրջ փորձ ունենք եվրոպացի փորձագետների հետ աշխատելու, եւ առաջին անգամը չէ, որ գնում ենք այդ ճանապարհով: Էլեկտրոնային լրատվամիջոցների մասին օրենքը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, ուզում եմ շեշտել մի քանի հիմնական խնդիրներ, որ հաճախ ծագում են հեռարձակողի եւ ՀՌԱՀ գործառույթների հետ կապված: ՀՌԱՀ-ի կազմավորման կարգի հետ կապված օրենսդրական փոփոխությամբ ենթադրվում է ՀՌԱՀ-ի՝ ԱԺ-ի կողմից ներկայացվող անդամների կեսի համար մրցութային կարգ, որով կերաշխավորվի արժանի թեկնածուների ընտրությունը եւ նշանակումը: Նախագահի լիազորությունն է նշանակել ՀՌԱՀ-ի անդամների մյուս կեսին, եւ այդ լիազորությունն օրենքով փոփոխելու իրավասություն ԱԺ-ն չունի, բայց նախագահը քանիցս պատրաստակամություն է արտահայտել՝ նման նշանակումները նույնպես անել մրցութային կարգով, որի ապացույցն է վերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում (ՀՀՌԽ) երկու թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: Երկրորդ խնդիրը ֆինանսավորման խնդիրն է, որը դիտվում է որպես ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԽ-ի անկախության գրավական: Մեր օրենսդրությամբ՝ ֆինանսավորումը համաչափորեն փոփոխվում է բյուջեի փոփոխմանը զուգընթաց, ինչը թույլ կտա այս կառույցներին ավելի անկախ լինել:
– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելտեքս» ՍՊԸ-ին վերաբերող որոշմամբ ՀՀ-ին կոչ է արվել հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման գործընթացը դարձնել ավելի թափանցիկ: Կարծես այս ուղղությամբ դեռ քայլեր ձեռնարկված չեն:
– Եվրոդատարանի համապատասխան որոշմամբ Հայաստանը չի պարտավորվում վերաբացել «Ա1+»-ը. խնդիրը վերաբերում է օրենսդրական դաշտի կարգավորմանը եւ լիցենզիա տրամադրելուն: Մի շարք փոփոխություններ համապատասխան հոդվածներում արդեն իրականացրել ենք, որոնցով լիցենզիա տրամադրելու եւ մերժելու հիմնավորման եւ մրցութային կարգի առավել թափանցիկ դառնալու մեխանիզմներ են առաջարկվում: Կան նաեւ այլ առաջարկներ, մասնավորապես՝ հովանավորության, գովազդի եւ այլնի հետ կապված: Պետք է շեշտել, որ էլեկտրոնային մամուլի բլոկում կանխատեսվում է երկու փոփոխությունների ալիք եւս. մեկը ենթադրվում է, որ կլինի այն ժամանակ, երբ ՀՀ-ն կվավերացնի ԵԽ-ի կողմից 1989 թվին ընդունած անդրսահմանային հեռարձակման կոնվենցիան, որը մենք ստորագրել ենք 2006-ին, բայց դեռ չենք վավերացրել: Փոփոխությունների հաջորդ բլոկը կգա այն ժամանակ, երբ ՀՀ-ն պատրաստ կլինի ներկայացնել թվայնացման գործընթացի ռազմավարությունը եւ նրանից բխող օրենսդրական փոփոխությունների հիմնավորումներն ու կարիքը: Մեր հանձնաժողովի եւ էկոնոմիկայի նախարարի պայմանավորվածությամբ, շուտով կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ թվայնացման խնդիրների հետ կապված. որպեսզի այս խնդիրը զերծ պահվի քաղաքական շահարկումներից, պետք է այդ գործընթացը դարձնել թափանցիկ, հանրային սեփականություն:
– Ձեր հանձնաժողովն անցած տարի ակտիվորեն սկսեց «պայքարել» գովազդի եւ հովանավորության դեմ, օրենսդրության մեջ կոնկրետ փոփոխություններից էիք խոսում, ինչո՞ւ հետեւողական չեղաք:
– Ցավոք սրտի, միջազգային ճգնաժամն անդրադարձավ նաեւ Հայաստանի վրա, այն իրեն զգացնել է տալիս նաեւ գովազդային շուկայում, եւ լրատվամիջոցների ֆինանսական անկախությունն ապահովելու, բազմակարծությանը նպաստելու ու ստեղծված իրավիճակում լրատվամիջոցներին ավելի դժվար պայմաններում չդնելու համար, իմ կարծիքով, այս տարի գուցե պետք է զերծ մնալ խստացումներից: Սա իմ մոտեցումն է, որը մտադիր եմ ներկայացնել նաեւ հանձնաժողովին: Խնդիրներն օրակարգից չեն հանվում, բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրացուցիչ բեռ եւ դժվարություններ հեռուստաընկերությունների համար փորձում ենք չստեղծել: Դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունները պետք է չարաշահեն այս մոտեցումը եւ շարունակեն ներկայիս գովազդային քաղաքականությունը, որն ակնհայտ հակասությունների մեջ է անգամ գործող օրենսդրության հետ: