Հրապարակախոս չեմ, ուստի չեմ էլ ուզում երկար ու բարակ բաներ ասել: Խոսքս «Երկու աստղ» հեռուստանախագծի մասին է: Ավելի ճիշտ՝ ցանկանում եմ հարցեր տալ «Երկու աստղ», այսպես կոչված, հեռուստանախագծի աստղերին ու կազմակերպիչներին:
Իրոք, ո՞վ է երգիչն ու ո՞վ՝ «չերգիչը»: Ինչպե՞ս պետք է գուշակել դա, երբ նույնիսկ մրցույթի ժյուրին դա չի կարող անել: Ինչպե՞ս կարելի է երգիչ, առավել եւս աստղ անվանել մի քանի աղջնակների ու տղաների, որ պատահաբար կամ թյուրիմացաբար երգարվեստ են մուտք գործել եւ ողջ տարվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրը մեկական երգով խարտում է մեր նյարդերն ու մեր երեխաներին անճաշակություն պարտադրում (խոսքս, անշուշտ, բոլորին չի վերաբերում):
Ո՞վ է այս հավաքածուն ընտրել, թեեւ երեւի ներկա դրությամբ մեր ունեցած չունեցածը հենց սա է: Ե՞րբ ենք վերջապես վերադառնալու մեր էստրադայի ակունքներին՝ Զառա Տոնիկյան, Բելլա Դարբինյան, Արտաշես Ավետյան, Լոլա Խոմյանց, Ռաիսա Մկրտչյան…
Ի՜նչ մեղք են մեր երեխաները, որ չգիտեն նրանց մասին: Ինչ մեղք եմ ես, որ մի ամբողջ տարի փնտրեցի նրանց ձայնասկավառակներն ու չգտա, որովհետեւ ոչ ոք նրանց չի ճանաչում, որովհետեւ նրանց աստղերը վաղուց մարել են մեր երկրում: Տեսնես մի ուրիշ երկրում կա՞ այսպիսի վերաբերմունք հին արժեքների ու նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես մեր «քաղաքակիրթ» երկրում:
Լավ, կարճ կապեմ, վերջում ուզում եմ ուղղակի դիմել «տաղանդավոր» հաղորդավար Ֆելիքսին. Ֆելիքս ջան, ո՞ր «կապույտ»-ից ես այդքան վառված, որ Հանրային եւ ոչ հատվածային հեռուստաալիքով ոչ մի առիթ բաց չես թողնում նրանց փնովելու: Լսե՞լ ես, որ ասում են. ինչքան շատ ես խոսում անկեղծությունից, այնքան կեղծ ես, ինչքան շատ ես խոսում քո երջանկությունից, այնքան դժբախտ ես, ինչքան ասում ես «սիրում եմ», այնքան քիչ ես սիրում եւ այլն…
Վերջում մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ «Հ1»-ը հանրային հեռուստաալիք է, ուստի ոչ ոք իրավունք չունի ասելու՝ «չես հավանում՝ ալիքը փոխի»: Երկու դիտողություն եւս՝ սեւամորթների, կանանց, «կապույտների» իրավունքների մասին արտահայտվողը պարտադիր չէ, որ լինի սեւամորթ, կին, կամ «կապույտ»: Երկրորդ՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը դիտում են նաեւ «կապույտները»: