Երեւույթի վերաբերյալ մեր քաղաքացիների տեսակետները խիստ հակասական են
Աշխարհում ընդունված եւ մեծ տարածում գտած մինչամուսնական կապերը ոմանց երջանկության, ոմանց էլ դժբախտության պատճառն են դառնում: Տարիներ առաջ գուցե այս երեւույթը խորթ թվար հայերիս համար, որովհետեւ այն ժամանակ Սովետական Հայաստանում ընդհանրապես «սեքս» չկար, ուր մնաց՝ մինչամուսնական, բայց այսօր այն ներխուժել է նաեւ Հայաստան, համենայն դեպս, այդ մասին սկսել են խոսել, այդ թեման այլեւս «տաբու» չէ: Թեմայի վերաբերյալ կատարած հարցումների միջոցով փորձեցինք պարզել՝ ընդունո՞ւմ են հայերը մինչամուսնական կապերը, թե՞ ոչ: Հարցումներից պարզ դարձավ, որ միջին եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կարծիքներն այս երեւույթի վերաբերյալ շատ տարբեր են: Հարցված 20 երիտասարդից 12-ի կարծիքով՝ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություններ ունենալը նորմալ է, իսկ մնացածը միանշանակ դեմ էր երեւույթին: Տարբեր էին նաեւ հարցված միջին տարիքի մարդկանց կարծիքները, բայց այս դեպքում մեծամասնությունն էր դեմ:
«Ընկերոջս հետ մեծ խնդիրներ ունեմ: Նա ցանկանում է նախքան ամուսնությունը սեռական հարաբերությունների մեջ մտնել ինձ հետ եւ սպառնում է՝ հակառակ դեպքում կբաժանվենք… Ընկերս՝ Քյումմեն, հույն է, եւ ես չեմ կարողանում նրան բացատրել, որ հայերիս մոտ ընդունված չեն մինչամուսնական կապերը: Հույները միշտ ասում են՝ ինչպե՞ս կարելի է ամուսնանալ մեկի հետ, ում հետ անկողին չես մտել: Եվ ես, ինչքան էլ կոկորդ պատռեմ, բացատրեմ՝ մեկ է, նրանց «թվայնացված» ուղեղներին չի հասնում, թե ինչ բան է առաջին ամուսնական գիշերվան հաջորդող կարմիր խնձորը: Ես երբեք չեմ գնա այդ քայլին, մինչեւ ամուսնանալս նրա հետ չեմ քնի, քանի որ ունեմ զուտ հայկական դաստիարակություն, բայց նաեւ չեմ էլ կարող հաշտվել նրան կորցնելու մտքի հետ»,- պատմում է Հունաստանում բնակվող ազգությամբ հայ 23-ամյա Տաթեւիկը:
54-ամյա Կարինեն ժխտում է այն փաստը, որ մինչամուսնական հարաբերությունները ներխուժել են Հայաստան. «Ես չեմ ընդունում: Համարում եմ, որ դա աղջկա կողմից ցուցաբերած թուլություն է: Այդ քայլից հետո աղջիկն էլ ինչպե՞ս պետք է ոտք դնի ամուսնու ընտանիք ու նայի սկեսուրի աչքերին: Եվ հետո, ոչ մի նորմալ հայ տղա չի ամուսնանա այն աղջկա հետ, ում հետ արդեն «եղած» լինի, եւ ով արդեն իր բարոյական կերպարը կոտրած լինի այդ տղայի մոտ: Օրինակ՝ ես երբեք նման աղջկա իմ տուն հարս չեմ բերի, նույնիսկ այն դեպքում, եթե տղաս եւ նա խենթի պես իրար սիրեն»:
49-ամյա Անուշն էլ գտնում է, որ նախքան ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալը խիստ անձնական հարց է եւ վերաբերում է միայն զույգերին. «Ես այդ երեւույթին ոչ դեմ եմ, ոչ էլ կողմ: Եթե մի փոքր լուրջ մոտեցում տանք հարցին, կտեսնենք, որ դա բնական երեւույթ է եւ խիստ կապված է մարդկանց ցանկությունների զսպվածության հետ: Ես երբեք չեմ նախատի այն զույգին, որն այդ քայլից հետո ամուսնանում է: Այս դեպքում անգամ խրախուսելի է, թող բոլոր զույգերի մոտ էլ այդպես լինի: Չեմ ընդունի միայն այն դեպքում, եթե դրանից հետո նրանք չամուսնանան, ուղղակի իրենց հաճույքի համար գնան այդ քայլին: Ես այս դեպքում կմեղադրեմ միայն աղջկան, որովհետեւ դա միայն նրա սխալը կլինի: Երբեք ոչ մի դեպքում աղջիկն իր դիրքերը չպետք է թուլացնի, հակառակ դեպքում՝ ցանկացած տղա կօգտվի այդ առիթից: Տղաների համար ոչ մի խնդիր չկա, նրանք ոչ ոքի առաջ պատասխանատու չեն: Այնպես որ, սա շատ անձնական հարց է»:
50-ամյա Սիմոնը նույնպես դեմ է: Ըստ նրա. «Եթե տղան աղջկան նման բան է առաջարկում, կամ եթե դա ստացվում է պահի ազդեցության տակ, այդ րոպեից աղջիկը տվյալ տղայի մոտ կորցնում է իր բարձր արժեքներն ու ողջ հարգանքը: Բոլոր տղաներն էլ, նման առաջարկ անելով, եւս մեկ անգամ փորձում են ստուգել իրենց սիրեցյալին, համոզվելու համար՝ կկոտրվի՞ աղջիկը, թե՝ ոչ»:
43-ամյա Սուսաննայի համար էլ ամուսնանալուց առաջ պարտադիր է տղամարդու հետ անկողին մտնելը. «Ինձ համար դա կարեւոր պայման է եղել: Գիտեմ, հայերիս մոտ դա բացթողում է, թերություն: Մենք մեր աղջիկներին շատ խիստ ենք դաստիարակում, ասում ենք՝ ոչ մի տղայի հետ չշփվես, չզբոսնես, հրավերները կմերժես եւ այլն: Աղջիկները կույս-կույս ամուսնանում են, եւ եթե հանկարծ ստացվում է այնպես, որ նրանց մոտ անկողնային հարաբերություններն այնքան էլ լավ ու հարթ չեն լինում, ստիպված համակերպվում են այդ մտքի հետ ու իրենց զոհաբերելով ապրում: Բայց չէ՞ որ այդ դեպքում երկուսն էլ դժբախտանում են, քանի որ սեռական հարաբերությունը նրանց համար դառնում է զուտ ամուսնական պարտականություն»:
«Առավոտի» հետ զրույցում 22-ամյա Լենդրուշը պատմեց, որ իր ընկերուհուց բաժանվել է այն պատճառով, որ նախքան ամուսնանալը սեռական հարաբերություններ են ունեցել. «Երբ նրան ընկերության առաջարկություն արեցի, խնդրեցի միայն մի բան՝ երբեք ինձ չտրվել, որքան էլ ես պնդեմ, որքան էլ ալկոհոլի ազդեցության տակ լինեմ, եւ որքան էլ, որ երկուսս ցանկանանք: Երկար ժամանակ ընկերություն արեցինք: Խենթի պես սիրում էինք իրար: Նշանված էինք, նա մեր տանն էր: Մենակ էինք: Խնդրեցի նրան սուրճ եփել: Սուրճը բերեց ննջասենյակ, որտեղ ես պառկած հանգստանում էի: Հենց այդտեղ էլ ամեն ինչ եղավ: Դրանից հետո նրան ոչինչ չասացի, միայն խնդրեցի, որ իմ կյանքից հեռանա, որքան էլ, որ ինձ համար դժվար էր. չէ՞ որ ես նրան խնդրել էի…»: