Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փետրվար 03,2009 00:00

Ուիլյամսն ու Նադալը՝ «AUSTRALIAN OPEN»-ի հաղթողներ

\"\"Մելբուռնում ավարտվեց թենիսի «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:

Կանանց մենախաղերի եզրափակիչում հանդիպեցին ռուսաստանցի Դինարա Սաֆինան եւ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ): Նրանց միջեւ համառ պայքար այդպես էլ չստացվեց, չնայած Սաֆինան հայտարարել էր, թե կանի ամեն բան պատվավոր մրցանակին տիրելու համար: Ամերիկուհին, չհանդիպելով լուրջ դիմադրության, 6/0, 6/3 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Նա գլխավորեց աշխարհի վարկանիշային դասակարգման ցուցակը եւ միեւնույն ժամանակ դարձավ մարզաձեւում կանանց թենիսի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզուհին:

Դրա փոխարեն՝ տղամարդկանց մենախաղերում աշխարհի թիվ մեկ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալից 4 ժամ 30 րոպե պահանջվեց իր գլխավոր մրցակից, Շվեյցարիան ներկայացնող Ռոժե Ֆեդերերի դիմադրությունը կոտրելու համար՝ 5/7, 6/3, 6/7, 6/3, 6/2:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Միակ պարտության գինը

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի «Corus 2009» 19-րդ կարգի գերմրցաշարը:

Նախորդ երկու տարիներին ուժեղագույնների «A» խմբի հաղթող՝ հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այս անգամ բավարարվեց երկրորդ տեղով, ընդամենը կես միավորով զիջելով առաջին տեղը գրաված ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Պայքարի գրեթե ամբողջ ընթացքում մրցաշարային աղյուսակը հերթով գլխավորում էին հենց այս երկու շախմատիստները: Ընդ որում, մրցաշարի միջնամասից հետո այդ դերն ավելի շատ կատարում էր Արոնյանը: Այդպես շարունակվեց մինչեւ 11-րդ տուրը, որում Լեւոնը սեւ խաղաքարերով պարտվեց Կուբան ներկայացնող Լեյներ Դոմինգեսին: Եվ, ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը, այդ միակ անհաջողությունը վճռական նշանակություն ունեցավ: Հայաստանի լավագույն շախմատիստն արդեն միայն լրացուցիչ գործակիցներով էր պահպանում առաջատարի դիրքերը, սակայն մրցաշարային աղյուսակի վերնամասում արդեն ահավոր նեղվածք էր: Միանգամից եւս երեք գրոսմայստերներ՝ Դոմինգեսը, Ռաջաբովը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, իրենց անվան դիմաց գրանցեցին 6,5-ական միավոր: Ստեղծված իրավիճակում ամեն բան որոշելու էին եզրափակիչ երկու հանդիպումներում վաստակելիք միավորները: Արոնյանը երկու դեպքում էլ բավարարվեց ոչ-ոքիով, մյուսներն էլ առավելագույն արդյունավետությամբ հանդես չեկան: Եվ ստացվեց այնպես, որ մինչ այդ 6,0 միավորով վեցերորդ հորիզոնական նահանջած ուկրաինացին ցույց տվեց հարյուր տոկոսանոց արդյունք եւ դարձավ միանձնյա հաղթող: Վեյկ ան Զեեի գերմրցաշարի ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Սերգեյ Կարյակին 8,0 միավոր

2. Լեւոն Արոնյան 7,5

3. Թեյմուր Ռաջաբով 7,5

4. Սերգեյ Մովսիսյան 7,5

5. Մագնուս Կարլսեն 7,0

6. Լեյներ Դոմինգես 7,0

7. Գատա Կամսկի 6,5

8. Լյուկ վան Վելի 6,0

9. Յան Սմիթս 6,0

10. Վանգ Յուե 6,0

11. Դանիել Ստելվագեն 5,5

12. Վասիլի Իվանչուկ 5,5

13. Մայքլ Ադամս 5,5

14. Ալեքսանդր Մորոզեւիչ 5,5:

Մեկնարկել է «MOSCOW OPEN»-ը

Մոսկվայում մեկնարկել է շախմատի «Moskow Open» հոբելյանական 5-րդ մրցաշարը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից մրցավայր է մեկնել մոտ երեք տասնյակ շախմատիստ: Ուժեղագույնների խմբում, ըստ մրցաշարի պաշտոնական կայքի, մեր հանրապետությունից ընդգրկվել է ինը հոգի: Խաղացված երկու տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը տարել է երկու հաղթանակ: 1,5-ական միավոր են վաստակել Յուրի Համբարձումյանը, Դմիտրի Հարությունյանը եւ Աղասի Ինանցը: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռաֆայել Վահանյանն առայժմ ունեն 1,0-ական, իսկ Վարդան Խոջայանը՝ 0,5 միավոր:

Երեկ կայացավ երրորդ տուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել