Անցած տարվա վերջին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովում մարզաձեւի ղեկը վստահվեց գործարար Արման Մուրադյանին
Միեւնույն ժամանակ՝ որոշվեց մինչեւ հաջորդ համաժողովը նրան հանրապետությունում բռնցքամարտի ընդհանուր վիճակին եւ մինչ այդ կատարված աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու եւ հետագա անելիքների ավելի հստակ ծրագրեր մշակելու նպատակով ժամանակ հատկացնել:
Շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ֆեդերացիայի չորրորդ համաժողովում, որին ներկա էին նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, արդեն կազմակերպչական կարեւոր խնդիրներ լուծվեցին. ընտրվեց ֆեդերացիայի նոր ղեկավար կազմ: Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում մնաց օրերս Մադրիդում կայացած AIBA-ի եվրոպական կոնֆեդերացիայի համաժողովում գործկոմի անդամ վերընտրված Դերենիկ Գաբրիելյանը: Իր պարտականությունները կատարել կշարունակի նաեւ գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը: Իսկ մյուս տեղակալների ու գործկոմի անդամների ճնշող մեծամասնությունը փոխվեց:
Արման Մուրադյանը տեղեկացրեց արդեն կատարված որոշ քայլերի մասին: Ավարտվում է ֆեդերացիայի նոր գրասենյակի հիմնանորոգումը, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով գնվել է ավտոմեքենա, իսկ 2009-ի առաջին եռամսյակում ազգային հավաքականի համար ձեռք կբերվի նաեւ ավտոբուս: Լուծվել են հանրապետության լավագույն բռնցքամարտիկներին, նրանց անձնական եւ հավաքականների մարզիչներին 2009-ի հունվարից լրացուցիչ աշխատավարձի, մրցավարներին՝ ցենզի համար լրացուցիչ գումարների նշանակման, մարզադպրոցներին անհրաժեշտ գույքով ապահովելու, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ դահլիճների վերանորոգման խնդիրները: Մասնավորապես, մոտ ժամանակներս կսկսվեն Աբովյան 9 հասցեում գործող հավաքական թիմերի բռնցքամարտի մասնագիտացված մարզադպրոցի գազիֆիկացման եւ ջեռուցման աշխատանքները: Եվ այս անելիքները շարունակական են լինելու:
Բայց մինչ այդ, Ա. Մուրադյանը կարեւորեց Հայաստանի մարզական կյանքում կարեւոր դերակատարություն ունենալիք երկու միջազգային միջոցառում: Առաջինը փետրվարի 16-18-ը ՄՀՀ-ում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի պատանեկան հավաքականների միջեւ ընկերական մրցումն է, երկրորդը՝ մայիսի 22-31-ը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նույն մարզահամալիրում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որոնց բարձր մակարդակն ապահովելու համար ֆեդերացիան նախապատրաստվում է: Արդեն առաջինի համար ձեռք է բերվել միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող ռինգ:
Նորընտիր նախագահը ֆեդերացիայի անդամներին վստահեցրեց, որ մարզաձեւի զարգացման համար արվելու է հնարավոր ամեն բան, բայց, միեւնույն ժամանակ, տեղեկացրեց, որ լինելու է պահանջկոտ: «Միայն մեր միասնական ջանքերով է հնարավոր առաջ ընթանալ եւ հասնել մեր առջեւ դրված նպատակներին»,- եզրափակեց նա: