Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Փետրվար 03,2009 00:00

Կամ զբոսաշրջային ցուցահանդեսի տպավորություններով

Ցուցահանդես՝ «պլյուս» հայկական աշխուժություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 25-27-ը Վիեննայում կայացավ actb-2009 (Austrian and central European travel business)՝ Ավստրիայի եւ Կենտրոնական Եվրոպայի զբոսաշրջային ոլորտի ամենամյա ցուցահանդեսը, որն այդ երկրների զբոսաշրջային կազմակերպությունների եւ Ավստրիայի զբոսաշրջային ներկայացուցչության համատեղ նախագիծն էր: Շքեղ միջոցառմանը, որն ուղեկցվում էր բացառիկ ցուցադրություններով, համերգային ծրագրերով, մասնակցում էին Սլովենիան, Սլովակիան, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան եւ այլ երկրներ:

\"\"Այս «բարձրահասակ» աղջիկները ողջունում էին ցուցահանդեսի այցելուներին:

Ի տարբերություն հայաստանյան նմանօրինակ միջոցառումների՝ ցուցահանդեսի բացման տոնակատարության ժամանակ հնչող երաժշտությունը ամենեւին «քյաբաբխորովածային» մթնոլորտ չէր ստեղծում, ամեն ինչ դասականի հիմքի վրա էր: Հսկա սրահում մարդիկ հնարավորություն ունեին ոչ միայն համտեսելու նրբահամ ուտեստներ ու խմիչքներ, այլեւ վայելելու պարային, գործիքային, վոկալ եւ այլ բարձրակարգ կատարումներ: Հիշեցնենք, որ Հայաստանում «Ավստրիական ավիաուղիները» եւ տեղական զբոսաշրջային գործակալությունները ցուցահանդեսին մեկնել էին իբրեւ գնորդ: Հայաստանի «Ավստրիական ավիաուղիների» շնորհիվ «Առավոտը» եւս հնարավորություն ունեցավ ներկա գտնվել ցուցահանդեսին: Հայաստանի պատվիրակությունը actb-2009-ի շրջանակներում ցուցահանդեսից հետո մեկնեց Հունգարիա՝ «ուսումնասիրելու» այդ երկրի զբոսաշրջային գրավչությունը: Ինչպես Ավստրիայում, այնպես էլ Հունգարիայում հայերն առանձնացան իրենց կենսուրախությամբ, հումորի զգացողությամբ ու երաժշտականությամբ: Այստեղ լավ իմաստով տեղին է հիշել՝ «Ինչպես տարբերել հայերին բազմության մեջ» հարցի պատասխանը. «Մի քիչ սպասեք, եւ հայերն իրենք կտարբերվեն»: Բուդապեշտ մեկնած մոտ 4 տասնյակ զբոսաշրջային ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչները բառացիորեն «գլուխ էին ջարդում» հայտնվելու այն ավտոբուսում կամ ռեստորաններում՝ այն սեղանների շուրջ, որտեղ հայերն էին: Հայաստանյան պատվիրակության անդամները երգում էին բոլոր լեզուներով՝ գուցեեւ նախանձ առաջացնելով հատկապես ռուսների մեջ: Նույնիսկ բուդապեշտյան մի ռեստորանում մթնոլորտն այնքան շիկացավ, որ հայավարի «շաբաշներ» տեղացին, ու երաժիշտները կամաց-կամաց տեղափոխվեցին հայերի սեղանի մոտ:

actb-2009-ի մասին

\"\"Հայկական պատվիրակության
մի մասը:

«Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի նախագահ Ռուբեն Գրիգորյանն «Առավոտին» ասաց, որ նման ցուցահանդեսները լուրջ խթան են նախեւառաջ զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարների միջեւ կապեր հաստատելու առումով: «Այստեղ ներկայացված է ողջ Ավստրիան, ոչ թե միայն Վիեննան կամ, ասենք, Զալցբուրգը: Հնարավորություն ունենք երկրին խորությամբ ծանոթանալու: Չեխիան, Հունգարիան, Սլովենիան, Սլովակիան նույնպես ներկայացվում են ու ոչ պակաս գրավիչ: Լավ է, որ ամբողջ աշխարհից գալիս են այստեղ, եւ լուրջ կապեր են հաստատվում այն օպերատորների հետ, որոնք արտագնա տուրիզմով են զբաղվում, արդյունքում հնարավոր է զբոսաշրջիկների նոր հոսք ստանալ Հայաստանի համար»,- նշեց մեր զրուցակիցը: Պարոն Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ նման միջոցառումների ժամանակ մեր հարեւան հանրապետության ներկայացուցիչների հետ հիմնականում նորմալ են շփվում. «Ադրբեջանցիների հետ ոչ մի խնդիր չի լինում, խոսքը նրանց մասին է, ովքեր թունավորված չեն քաղաքականությամբ: Բացի այդ, զբոսաշրջությունը ինտերնացիոնալ գործունեություն է, քաղաքականությունը չի կարող դեր խաղալ: Ինչ վերաբերում է Վրաստանին, այս երկիրը ցուցահանդեսում ներկայացված չէր, գուցե դա նրանից է, որ ԱՊՀ երկրների Ավստրիական ներկայացուցչությունը Ռուսաստանում է գտնվում, կամ գուցե այս անգամ վրացիները այլ ցուցահանդեսների էին նախընտրել մասնակցել: Ամեն դեպքում, ավստրիական կառավարությունն անում է ամեն ինչ, եւ ես նման շքեղությամբ, հյուրընկալությամբ եւ ընդունելությամբ ցուցահանդես դեռ չեմ տեսել, չնայած եղել եմ շատ երկրներում»:

\"\"«Բարեւ, բարեկամի» աղջիկները՝ Piaristenkeller-ի գլխարկներով:

Հայաստանի «Ավստրիական ավիաուղիների» տնօրեն Մակ Վարթանուսյանն ու ընկերության վաճառքի եւ մարկետինգի պատասխանատու Տաթեւիկ Սամվելյանը հայաստանյան ատվիրակությանը հաղորդակից էին դարձնում ցուցահանդեսի հետ կապված բոլոր նրբություններին: Պարոն Վարթանուսյանը համոզված է, որ հայաստանյան ընկերությունների համար ցուցահանդեսին մասնակցությունը արդյունավետ կլինի հետագա աշխատանքի առումով, կհաստատվեն արժեքավոր կապեր, դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսք կապահովի արտերկիր եւ հակառակը. «Ավստրիական ավիաուղիները» մթնոլորտ ստեղծողն է, մենք ընդամենը տոմսերով ենք զբաղվում, մնում է կազմակերպություններն այս առիթից օգտվեն, եւ իրենց աշխատանքը արդյունք տա»:

Fivestars travel կազմակերպության մենեջեր Նատալյա Բունիաթյանը եւս տպավորված էր: Նա ասաց, որ իրենց կազմակերպությունն արդեն 4-րդ տարին է մասնակցում ցուցահանդեսին. «Այս կարգի ձեռնարկները տալիս են շփումների, նոր ծանոթությունների հնարավորություն, ինչն անհրաժեշտ է ոչ միայն գործընկերային, այլեւ զուտ մարդկային փոխհարաբերությունների առումով: actb-ն մեզ համար հետաքրքիր է, որովհետեւ հաճախ ենք խմբեր ու անհատներ ուղարկում հատկապես Ավստրիա»:

Atlantis European Aiways եւ «Ատլանտիս տուր» ընկերությունների ներկայացուցիչ Ադրինե Գործունյանն ասաց, որ զբաղվում են ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիզմով: Նա փաստում է, որ նման ցուցահանդեսները, անշուշտ, օգտակար են ոլորտի հայաստանյան մասնագետների համար, եւ դրսի հաջողված փորձը արժե տեղայնացնել: Ըստ Ա. Գործունյանի, Հայաստանը եւս կարելի է աշխարհին ներկայացնել որպես հրաշալի տուրիստական շուկա, մանավանդ՝ դրա բոլոր հնարավորությունները կան. «Չնայած առկա են որոշ խնդիրներ, որոնք միայն զբոսաշրջային կազմակերպություններն իրենց ջանքերով չեն կարող լուծել»: Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների խոսքով, դրանց թվում են Հայաստանում որոշ դեսպանատների ստեղծած դժվարությունները:

«Բարեւ, բարեկամ» ընկերության տնօրեն Արմինե Մարտիրոսյանը կարծում է, որ հարուստ մշակութային ավանդույթներ եւ ժառանգություն ունեցող Ավստրիան ու Հունգարիան միշտ էլ հետաքրքիր են մեր հայրենակիցներին: Նա դժգոհ էր միայն այդ երկրներում սպասարկման ոլորտից: Ա. Մարտիրոսյանը նկատել էր, որ հատկապես հունգարական ռեստորաններում սնունդն անփույթ են մատուցում, գինին էլ լցնելիս կեղտոտում են հաճախորդի շորերը: Նրա համոզմամբ, այս առումով Հայաստանում վիճակն ավելի բարվոք է:

Ցուցահանդեսը լուսաբանելու էին եկել բազմաթիվ լրագրողներ: Նրանց թվում էր Եկատերինբուրգի «Բացիր քո աշխարհը» տուրիստական ամսաթերթի խմբագիր Սերգեյ Չիգլինցեւը: Սպասո՞ւմ են, արդյոք, ԱՊՀ երկրներին կամ Սերգեյի խոսքով՝ ռուսախոսներին, actb-ում: «Եթե նախկինում ոչ այնքան, ապա այժմ գլոբալ ֆինանսական ճգնաժամը ստիպել է ուշադրության արժանացնել անգամ ամենափոքրիկ երկրին»,- համոզված է նա:

Վիեննայի ոգին՝ Piaristenkeller-ում

\"\"Մի անգամ՝ Piaristenkeller-ում:

Ե՛վ Վիեննայում, ե՛ւ Բուդապեշտում բազմաթիվ ինքնատիպ այցելություններ եղան, ամենատպավորիչը, սակայն, Piaristenkeller գողտրիկ ռեստորանն էր՝ ստորգետնյա մենաստանի տեսքով: Այն բացառիկ էր ոչ միայն ազնվական գինու տեսականիով, հնամյա սպասքով ու ազգային բաղադրատոմսերով պատրաստված ճաշատեսակներով, այլեւ հին վիեննական լայնեզր եւ սպայական գլխարկների թանգարան-հավաքածուով, որտեղ այցելուն իր ընտրությամբ կարող է կրել այդ գլխարկներից, նաեւ գինու մառանում՝ էքսկուրսիայով: Եթե այս ամենին գումարենք մոմերի լույսը, կենդանի մեղմ երաժշտությունը, գեղեցիկ շրջանակներով նկարներն ու հայելիները, պատկերն ավելի պարզ կդառնա: Ջերմիկ մթնոլորտին նպաստում էր նաեւ անձամբ ռեստորանի տերը, որ բոլորին ասես իր տանը հյուրընկալած լիներ: Նա բոլորի դեմքերը մտապահում էր: Համենայնդեպս, actb-ի հայկական պատվիրակության անդամներ, Fivestars travel-ի ներկայացուցիչներ Եղիշե Թանաշյանին եւ Սիմոն Խաչատրյանին, որոնք վերջին անգամ Piaristenkeller էին այցելել անցյալ տարի, ռեստորանի տերը ողջունեց իբրեւ հին ծանոթների: Խոստովանենք, որ նման անկյուն Հայաստանում չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել