ԳԱԼԱՈՒՐԻՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՇՓՎԵԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ
Եկող շաբաթ Վրաստանի խորհրդարանը պետք է հաստատի նոր վարչապետի պաշտոնում 33-ամյա Նիկոլոզ Գիլաուրիին: Ինչպես նշում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, նա կլինի 5-րդ վարչապետը 2003 թվականի «Վարդերի» հեղափոխությունից հետո: Զուրաբ Ժվանիան մահացավ 2005-ին ողբերգական եւ մինչեւ վերջ չպարզված հանգամանքներում: Զուրաբ Նողիդելին հրաժարական տվեց 2007-ի նոյեմբերին՝ ընդդիմության ցույցերը դաժանորեն ճնշելուց հետ, եւ ինքը անցավ ընդդիմության շարքերը: Վլադիմիր Գուրգենիձեն ղեկավարում է կառավարությունը 1 տարուց պակաս եւ անցած տարվա օգոստոսյան պատերազմից հետո հեռացվեց աշխատանքից: Վերջապես Գրիգոլ Գալոբլիշվիլին պաշտոնավարեց ընդամենը 3 ամիս եւ հրաժարական տվեց՝ վկայակոչելով իր առողջական վիճակը: Ներկայացնելով վարչապետի պաշտոնին հերթական թեկնածուին՝ Սահակաշվիլին հատկապես նշեց Գիլաուրիի աշխատանքը էներգետիկ ոլորտում: Ապագա վարչապետն ակտիվորեն շփումներ ուներ ՌԱՕ «ԵԷՍ»-ի հետ, որը տնօրինում է Թբիլիսիի բաշխիչ ցանցերի 75 տոկոսը, ինչպես նաեւ «Խրամի-1» եւ «Խրամի-2» էլեկտրակայանները: Ի դեպ, նույն ռուսաստանյան ընկերությունը վարձակալում է էլեկտրահաղորդման գծերը, որոնք միացնում են Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը: Գիլաուրին ստիպված կլինի նորից բանակցել ռուսաստանյան կողմի հետ, քանի որ պետք է որոշվի Ինգուրիի ՀԷԿ-ի տնօրինության խնդիրը: Այդ ամբարտակը գտնվում է Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում, իսկ ղեկավարման վահանակը՝ Աբխազիայում: Չնայած ընդդիմությունը արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Գիլաուրիի թեկնածությանը, նրա համար միանգամայն բավարար կլինեն նախագահամետ մեծամասնության ձայները:
ԼՈՐԴԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԼՈԲԲԻ՞ՍՏ
Մեծ Բրիտանիայում ծավալվում է խոշոր քաղաքական սկանդալ։ Անցած շաբաթ Լորդերի պալատի երկու անդամներին մեղադրել են պարգեւատրման դիմաց անհրաժեշտ օրենքներին սատարելու համար։ Լոնդոնի լրագրողները, ըստ «Նովոյե Իզվեստիա» թերթի, ձայնագրել են 4 լորդերի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը, որտեղ հայտնաբերել են «ռուսական հետք»։ Այս քառյակից մեկին՝ լորդ Տրասքոթին, մեղադրում են Ռուսաստանում լայն տնտեսական շահեր ունենալու մեջ։ Տրասքոթի կինը ռուս է, նրա անունը Սվետլանա է։ Ըստ բրիտանական մամուլի, հենց նրա կինն է որոշիչ դեր խաղացել լորդի տնտեսական եւ քաղաքական առաջխաղացման մեջ։ 1994 թվականին Տրասքոթն ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր եւ մասնակցում էր ԵՄ-Ռուսաստան կապերի ամրապնդմանը։ 2006-2007 թթ. նա զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը եւ խորհուրդներ էր տալիս վարչապետ Թոնի Բլերին՝ Մոսկվայի հետ հարաբերությունների ոլորտում։ Խոսքն այդպիսով ուղղակի լոբբիզմի մասին է, որն արգելված է բրիտանական օրենսդրությամբ։ 2004 թվականին լորդ Տրասքոթը գրեց օտար լեզվով ամենադրական գիրքը Ռուսաստանի առաջնորդի մասին՝ «Պուտինի առաջընթացը», իսկ անցյալ տարի նա պաշտպանում էր Ռուսաստանին, որին բրիտանացի քաղաքական գործիչները քննադատում էին Վրաստանի հետ պատերազմի համար։ Այժմ լորդը աշխատում է որպես խորհրդատու գովազդային մի գործակալությունում, որը սերտորեն համագործակցում է «Գազպրոմի» հետ։
ՌԱՀՄՈՆԸ ԽԻՍՏ Է ՆԵՂԱՑԵԼ
Տաջիկստանի եւ Ռուսաստանի միջեւ հակասությունները վերածվել են լուրջ հակամարտության։ Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը ցուցադրաբար հրաժարվել է իր մոսկովյան այցից եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից, որոնք նախատեսված էին չորեքշաբթի օրը։ Ռահմոնը չի մասնակցելու նաեւ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի եւ «Եվրալես»-ի նիստերին։ Ըստ պաշտոնական վարկածի, Տաջիկստանի նախագահը չի լքի իր երկիրը էներգետիկ ճգնաժամի պատճառով, սակայն բոլորը վստահ են, որ դա քաղաքական ակցիա է։ Ընդ որում, ռուսական կողմը՝ «Կոմերսանտ» թերթի տվյալներով, փորձում էր համոզել Ռահմոնին, բայց վերջինս անդրդվելի էր։ Մինչդեռ ՀԱՊԿ-ի նիստին Տաջիկստանի ձայնը կարող է կարեւոր լինել, քանի որ նախատեսվում է որոշում ընդունել այդ կազմակերպության արագ արձագանքման ուժեր ստեղծելու վերաբերյալ։ Փորձագետների կարծիքով, ՌԴ-ի եւ Տաջիկստանի հարաբերությունները վատթարանում են վերջին ամիսների ընթացքում։ Մասնավորապես՝ կողմերը չեն կարողանում պայմանավորվել Ռոգունի ՀԷԿ-ի շինարարության, ինչպես նաեւ այդ երկրում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի վերաբերյալ։ Հավանաբար, վերջին կաթիլն էր Դմիտրի Մեդվեդեւի այցը Տաշքենդ, որի ընթացքում նա հայտարարեց, թե Ռուսաստանը ձեռնպահ է մնալու հիշյալ ՀԷԿ-ի շինարարությունից։ Ըստ փորձագետների, տաջիկները ունեն որոշակի հեռանկարներ՝ ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունները բարելավելու, մանավանդ որ՝ ամերիկացիներն արդեն օգտագործում են այդ երկրի ռազմական օդանավակայաններից մեկը։ Մյուս ամիս նախատեսվում են Ռահմոնի այցերը Բրյուսել եւ մերձբալթյան երկրներ։