Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 03,2009 00:00

Ցեղասպանությունը չենք մոռանա

«ՀՀ դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ. մենք պետք է հասնենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»,- հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Ցյուրիխի «Հայաթ» հյուրանոցի սրահում շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք այլ խնդիր մեր առջեւ չենք դնում,- վստահեցրել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հունվարի 28-ին Ցյուրիխում կայացած հանդիպման մասին:- Եվ այն հեքիաթները, որ որոշ մարդիկ փորձում են պատմել, թե իբր, ելնելով ինչ-ինչ նպատակներից կամ տեղի տալով ինչ-ինչ ճնշումների, մենք կարող ենք միակողմանի զիջումներ անել ԼՂ խնդրում, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք չենք կարող մեր ազգային նպատակը, համընդհանուր խնդիրը զոհել ինչ-ինչ երկրորդական խնդիրներ լուծելու համար»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Դավոսում կայացած հանդիպմանը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Հանդիպման արդյունքում մենք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները: Կարծում եմ, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց որեւէ նախապայմանների բնականոն ու քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելը բխում է մեր շահերից: Այստեղ էլ ուզում եմ, որ բոլորի համար միանշանակ պարզ եւ հասկանալի լինի՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում ստորադասել մեր ազգային շահերն ինչ-ինչ խնդիրների: Մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ստեղծել միջկառավարական հանձնաժողով, այնուհետեւ քննարկել ցանկացած հարց, որ կա մեր երկու պետությունների, երկու ժողովուրդների միջեւ»:

Դավոսը լուծումներ չառաջարկեց

Ա\"\"նցած շաբաթ ավարտված դավոսյան միջազգային տնտեսական ֆորումը առանձնանում էր սպասելիքների բարձր մակարդակով, սակայն շվեյցարական առողջարան եկած ավելի քան 2500 պատվիրակները, այդ թվում՝ մի շարք երկրների ղեկավարներ եւ խոշորագույն ընկերությունների նախագահներ, չկարողացան տալ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչ պետք է անել միջազգային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, փակելով դավոսյան ֆորումը՝ դրա տնօրեն եւ հիմնադիր Կլաուս Շվաբը կոչ արեց ամբողջությամբ վերակառուցել միջազգային տնտեսական համակարգը եւ վերաձեւել ողջ բանկային ոլորտը: Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը առաջարկեց ստորագրել միջազգային տնտեսական խարտիա, որը կուրվագծեր նոր համակարգի կառուցվածքը, սակայն ինչպիսին պետք է լինի այդ կառուցվածքը, առայժմ ոչ ոք չգիտի: Թե՛ Մերկելը եւ թե՛ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը կարծիք հայտնեցին, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը չկարողացան կատարել իրենց կարեւորագույն գործառույթները: Այլ տնտեսագետներ նույնպես նշում են, որ ներկայիս ճգնաժամը ցույց տվեց ԱՄՀ-ի դերակատարության անհամապատասխանությունը ներկա խնդիրներին: Այդ կազմակերպությունը կարողացել է հավաքել միայն $250 միլիարդ՝ հակաճգնաժամային ծրագրերի համար, այն դեպքում, երբ տարբեր պետություններ իրենց բյուջեներից ծախսում են տրիլիոններ: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին դե Գարդը նշում է, որ պետությունների կարեւորագույն խնդիրն է աշխատեցնել տնտեսությունը եւ դադարեցնել ծախսել հարկատուների փողերը, բայց առաջին հերթին պետք է վերականգնել վստահությունը: Սակայն հնդիկ տնտեսագետ Մոնտեկ Սնիգհ Ահլուալիան նրանց պատասխանեց. «Վստահությունն աճում է նույնքան դանդաղ, որքան կոկոսի ծառը, բայց ընկնում է այնքան արագ, որքան կոկոսի պնդուկը»:

Ժողովրդին քշեցին միտինգների

\"\"Անցած հանգստյան օրերին «Յեդինայա Ռոսիա» իշխանական կուսակցությունը ողջ երկրով կազմակերպել է հանրահավաքներ, որոնց մասնակիցները սատարում էին Պուտինի կառավարության հակաճգնաժամային միջոցառումները: Ամենամասսայական հանրահավաքը տեղի ունեցավ Մոսկվայում, որտեղ հավաքվել էր 5-10 հազար հոգի: Մարդիկ վանկարկում էին. «Ժողովուրդ, Մեդվեդեւ, Պուտին, միասին կհաղթենք»: Ներկաների առաջ հանդես եկան մեքենայի վարորդը եւ ուսանողուհին. վերջինս, ի դեպ, նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի «Ժիգուլին» դառնա «Լեքսուսից» լավը: Ըստ gazeta.ru-ի, ինչպես միշտ, իշխանության նկատմամբ առավելագույն սիրով առանձնացավ Չեչնիան: Գրոզնիում իշխանամետ հանրահավաքի դուրս եկավ 10 հազար մարդ: Ելույթ ունենալով հանրահավաքում՝ Չեչնիայի վարչապետն ասաց, որ «նախագահ Կադիրովի իմաստուն քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել տնտեսական ճգնաժամի հետեւանքներից»: Միաժամանակ Մոսկվայում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան ընդդիմության հանրահավաքներ: ՌԴ մայրաքաղաքում «Այլ Ռուսաստան» ակտիվիստների վրա հարձակվեցին սպորտային հագուստով մարդիկ, ինչի հետեւանքով բողոքի ակցիայի մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Ցույցի մասնակիցներին այնուհետեւ ձերբակալեց ոստիկանությունը: Մեկ այլ ընդդիմադիր հանրահավաք անցկացրեցին կոմունիստները: Այդ միջոցառման ժամանակ միջադեպեր չեն գրանցվել, սակայն երբ հանրահավաքին միացավ «Նացիոնալ-բոլշեւիկների» արգելված կուսակցությունը, վերջինիս անդամներին գրող Էդուարդ Լիմոնովի գլխավորությամբ ձերբակալեցին: Ընդդիմության բողոքի ակցիաներ կայացան Ռոստովում, Կալինինգրադում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել