Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամահավաքությո՞ւն, թե՞…

Փետրվար 03,2009 00:00

Որոշ ծնողներ նախընտրում են իրենց երեխաները դպրոցում սառչեն, քան իրենք օգնեն դպրոցին

Օրերս «Առավոտին» բողոքով դիմել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 162 դպրոցի մի քանի ծնողներ: Համաձայն նրանց՝ դպրոցը ջեռուցելու նպատակով տնօրինությունը որոշել է աշակերտներից գումար հավաքել: Դասղեկները դասարաններում հայտարարել են, որ ամեն երեխա պիտի 1000 դրամ փոխանցի դպրոցի հաշվեհամարին: Նշենք, որ դպրոցում ջեռուցումը կազմակերպելու համար 2 եւ ավելի երեխաներ ունեցողներին զեղչեր են արվել՝ յուրաքանչյուր երեխայի համար պիտի վճարվի 500 դրամ: Դժգոհ ծնողներին հիասթափեցրել էր այն, որ բոլոր գերատեսչությունների վերահսկողություններն անօգուտ են, քանի որ դպրոցներում, միեւնույն է, աշակերտներից շարունակում են գումար հավաքել:

Նկատենք, որ դպրոցները պետության կողմից գրեթե ամեն ինչի համար ֆինանսավորվում են, այդ թվում՝ ջեռուցման. տարեկան 13 մլն դրամ դպրոցը ստանում է «շենքի պահպանության» գումար, ուստի փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է դպրոցի տնօրենը ջեռուցման համար դրամահավաք նախաձեռնել:

Տնօրեն Աննա Ստեփանյանը հերքեց, որ դա արվել է իր գիտությամբ ու նախաձեռնությամբ եւ ասաց, որ նման բան առաջին անգամ է լսում. «Ծնողները, եթե ցանկացել են այդ նպատակով գումար հավաքել ու դա փոխանցել դպրոցի հաշվեհամարին, դա նրանց գործն է, ես որեւէ անգամ դրան չեմ խառնվել, դասղեկները՝ նույնպես: Հաշվեհամարն էլ սեպտեմբերից փակցվել է հայտարարությունների տախտակի վրա, մենք չենք հայտնել: Ուղղակի խնդիրն այն է, որ մենք ջեռուցման գումարներ չունենք, դրա մասին տեղյակ են բոլորը՝ ե՛ւ քաղաքապետարանը, ե՛ւ մեր դպրոցի ծնողները: Հունվարի 27-ին անջատվել է մեր ջեռուցումը՝ պարտքերի պատճառով, հին տնօրենն է կուտակել, ես ուսուցիչներին հավաքել եմ ու հայտնել այս ամենի մասին»: Նա ասաց նաեւ, որ սեպտեմբերից է նշանակվել թիվ 162 դպրոցի տնօրեն եւ առաջին իսկ օրվանից արգելել է դրամահավաքությունը, «որն ընդունված է եղել այստեղ: Ես առաջին մարդն եմ, որ արգելել եմ նման բաները: Այս մասին հայտարարությունների տախտակի վրա էլ ենք փակցրել, որ սկսած ծննդյան օրերից, վերջացրած տոներով, արգելվում է աշակերտներից գումար հավաքել»:

Իսկ երեկ խմբագրություն այցելեց նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Ահարոն Գասպարյանը եւ ասաց, որ իրականում իրենց դպրոցում ոչ մի դրամահավաքություն էլ չի կատարվում: Եվ այդ բողոքը նա բացատրեց որոշ ուսուցիչների դավադրությամբ. «Նրանք դժգոհ են, քանի որ նոր տնօրենը բոլորին բերել է օրինականության դաշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել