Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴԸ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է ԴԱՍԻՆ

Փետրվար 03,2009 00:00

Աղանդավոր ընտանիքների զավակների հետ հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերին որոշ խնդիրներ են առաջանում:

«Մեր դասարանի տղաներից մեկը, որը Եհովայի վկա է, ինձ սիրո խոստովանություն անելիս այսպես է դիմում. «Դու նման ես Աստվածուհու, դու իմ Աստվածուհին ես»,- թիվ 131 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներից Անին (անունը փոփոխված է) «Առավոտին» պատմեց իր ոչ սովորական դասընկերոջ մասին: Զրույցի ընթացքում աշակերտուհին նաեւ այլ մանրամասներ բացահայտեց, մասնավորապես, որ իրենց «աղանդավոր» դասընկերները հրաժարվում են էքսկուրսիաների մասնակցելուց. «Նույնիսկ, երբ մի անգամ գնացել էինք Օշական, մեր աղանդավոր դասընկերները հրաժարվեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին մոտենալ: Իսկ երբ Ամանորին գնացինք դասղեկի տուն, նրանք կրկին հրաժարվեցին միանալ մեզ: Կամ երբ տղաների տոնին նրանց նվերներ մատուցեցինք, հրաժարվեցին վերցնել, քանի որ իրենց հավատքը նվեր ընդունել թույլ չի տալիս»: Անին մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց հայոց եկեղեցու պատմության դասաժամերին եւս խնդիրներ են առաջանում աղանդավոր ընտանիքների երեխաների հետ: «Օրինակ, երբ ուսուցչուհին ասում է, որ «Հայր մերն» ասեն կամ խաչակնքեն, երեխաները հրաժարվում են, իսկ նա սպառնում է անբավարար նշանակել: Հայ գրականության դասաժամերին էլ են խնդիրներ առաջանում: Օրինակ՝ Գրիգոր Նարեկացու տաղերն են մեր աղանդավոր դասընկերները հրաժարվում արտասանել, քանի որ վերջում օրհնություն կա»: Այս խնդիրն անհատական չէ եւ չի վերաբերում միայն մեկ դպրոցի: Այն գոյություն ունի բոլոր այն կրթօջախներում, որտեղ հաճախում են աղանդավոր ընտանիքների զավակներ: Այս դեպքում մանկավարժական խստապահանջությունը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության հետ, որով ամրագրված է կրոնի եւ դավանանքի ազատություն:

«Առավոտը» զուգահեռներ անցկացնելու համար զրուցեց նաեւ որոշ իրանահայ երիտասարդների հետ, պարզելու, թե արդյո՞ք իսլամադավան այդ պետությունում քրիստոնեադավան աշակերտները ենթարկվում են գաղափարական բռնությունների, կամ արդյո՞ք նրանք կանգնում են ինչ-ինչ սահմանափակումների առաջ: Երիտասարդների փոխանցմամբ՝ բացառիկ դեպքեր, իհարկե, լինում են, սակայն հիմնականում կրթօջախներում վառ արտահայտված խտրականություններ չեն դրվում տարբեր կրոններ դավանող աշակերտների միջեւ: Բայց նման դեպքերից խուսափելու համար քրիստոնյաները խուսափում են իրենց երեխաներին ուղարկել Իրանի պետական դպրոցներ:

«Առավոտը» զրուցեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն՝ hոգեշնորհ տեր Վարդան աբեղա Նավասարդյանի հետ, պարզելու համար, թե մանկավարժ- աղանդավոր ընտանիքի զավակ հակասություններն ինչպե՞ս են փորձում հարթել: «Մենք կազմակերպում ենք ուսուցիչների վերապատրաստումներ, որտեղ խոսվում են այդ խնդիրների մասին: Երեւանի դպրոցների ուսուցիչներին դեռ չենք հանդիպել, դա ծրագրվում է հաջորդ ամսվա ընթացքում,- հայտնեց տեր Վարդանը եւ հավելեց:- Մենք ուսուցիչներին հորդորում ենք երբեէ որեւէ բախում չունենալ աղանդավոր ընտանիքների զավակների հետ: Ուսուցիչը իրավունք չունի այդ երեխաներին ստիպել խաչակնքել եւ այլն: Այն, ինչ անում ենք հանրակրթական դպրոցներում, պետական չափորոշիչների սահմանում է: Ուսուցիչների առաջ աղանդավոր ընտանիքներից դուրս եկած աշակերտների հետ հակառակվելու պահանջ չենք դնում, այլ ասում, որ ամեն ինչ պիտի լինի սիրո հիման վրա: Շատ աղանդավոր երեխաներ կան, որ լռությամբ սովորում են հայոց եկեղեցու պատմության թեմաները՝ զուտ իբրեւ դաս: Ուստի, ուսուցիչ-աղանդավոր աշակերտ շփումը մնում է այդ սահմանի վրա: Ոչ ուսուցիչները, ոչ էլ դպրոցների տնօրենները իրավունք չունեն այդ երեխաներին ստիպել մասնակցելու ուխտագնացությունների: Այնպես, ինչպես նմանատիպ հարցերում են զատորոշվում աղանդավոր աշակերտները, նույն ձեւով էլ պիտի տարբերվեն հայոց եկեղեցու պատմության առարկայի դեպքում: Ցանկացած ճնշման դեպքում լուրջ նկատողություն է տրվում ուսուցչին: Կան մեկ տարվա մեջ հավատքի եկած ուսուցիչներ, որոնք պատմաբան կամ լեզվաբան են եւ միանգամից սկսում են երեխաներին ստիպել, որ դասը խաչակնքելով սկսեն, կամ «Հայր մեր» ասեն: Եհովայի վկայի երեխան, իհարկե, չի անի այդ բանը»: Խնդիրն առավել կոնկրետացնելու համար հետաքրքրվեցինք, թե տեր Վարդանը ճի՞շտ է համարում այն, որ ուսուցիչն այս կամ այն միջոցով փորձում է պատժել դասի որոշ հատվածներ պատասխանելուց հրաժարվող աշակերտին: Նա պատասխանեց. «Սկզբունքորեն պատժելն ինձ համար ընդունելի է, բայց ոչ՝ այս պարագայում: Մենք ոչ թե պիտի պատժենք, այլ աշխատենք շահել, ետ բերել մեր զավակներին: Գուցե երեխան ծնողի ճնշման տակ գնացել է աղանդի հետքերով, բայց դա բնավ հարմար առիթ չէ, որ ուսուցիչը նրան անբավարար նշանակի, այլապես դա կնմանվի սեւամորթների եւ սպիտակամորթների պայքարին»: Անդրադառնալով հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասագրքերին՝ տեր Վարդանը նշեց. «Նյութը շատ խորացված եկեղեցապաշտություն չի քարոզում: Այդտեղ կան Սուրբ գրքից հատվածներ, որոնք չեզոք են: Իսկ առարկան իր կերպի մեջ մի միջոց է՝ աղանդների դեմ պայքարին ուղղված»: Տեր Վարդանը նաեւ նշեց, որ կան դեպքեր, երբ աղանդավորների երեխաները դարձի են եկել. «Վանաձորից, Աբովյանից վկայություններ ունեցանք, որ տարիներ առաջ հոգեգալստականների աղանդին հետեւող որոշ աշակերտներ այժմ եկեղեցի են գնում, քանի որ հասկացել են՝ ինչն ինչ է: Այս դեպքում էլ խնդիր է առաջանում նրանց ծնողների հետ, որոնք դիմել են Գուգարաց մարզպետարան՝ հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցից հանելու համար, քանի որ իրենց երեխաները սկսել են իրենց հակադրվել՝ ճշմարտությունը ճանաչելով»: Տեր Վարդանը «Առավոտին» նաեւ տեղեկացրեց, որ արդեն սկսել են մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստումները, որտեղ նրանց տրվում են քրիստոնեական որոշ գիտելիքներ՝ փոքրիկների հարցերին ճիշտ պատասխանելու համար: Սա դեռ պաշտոնական գործընթաց չէ, դրանում ընդգրկված են Երեւանի եւ մարզերի որոշ մանկապարտեզներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել