Վրաստանի Մառնեուլի շրջանի 75 գյուղերից 9-ը բացառապես հայկական են՝ Ախկյորփին, Չանախչին, Գյուլուբաղը, Խոխմելը, Դամիան, Բրդաձորը, Կարմիրգյուղը, Շահումյանը, Ղուդրին, իսկ Սիոն, Ծոփ եւ Խոժոռնի գյուղերում հայերի հետ միասին ապրում են նաեւ այլազգիներ: Բայց բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Սակայն այստեղ չի գործում ոչ մի հայկական դպրոց: Մի քանի տարի առաջ փակվեցին տեղի գործող հայկական դպրոցները՝ փոխարենը ամրապնդելով ու ուժեղացնելով վրացական կրթարանները:
Ըստ «Բագին» լրատվական կետրոնի, դպրոցները փակելը զգալի չափով վնասել է հարեւան գյուղերի երիտասարդների հայեցի կրթություն ստանալուն: Գրեթե բոլոր հայկական գյուղերում էլ դպրոցները ութամյա են: Եվ միջնակարգ կրթություն ստանալու նպատակով շատ դպրոցականներ հաճախում էին վերը նշված գյուղերի հայկական դպրոցները: «Քանի որ դպրոցը փակվեց, իսկ հարեւան գյուղ ամեն օր հնարավորություն չունեմ տանելու չորրորդ դասարանի երեխային, ստիպված երեխաներս հաճախում են գյուղի միակ վրացական դպրոցը»,- լրագրողին պատմել է երեք դպրոցականի մայր Մարիամը: Մարիամը միակը չէ, ում երեխաները հարկադրաբար մայրենի հայերենը թողած՝ պիտի սովորեն վրացերեն: