Այս տարի Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլու կողմից երկրի հանրակրթական դպրոցների բոլոր մանկավարժները ստացան ամանորյա նվերներ՝ նոթատետր, գրիչներ, ինչպես նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ստորագրությամբ շնորհակալական բացիկ եւ ներքին գործերի նախարարի շնորհավորական նամակը: Նվերը տեղ է հասել տոներից հետո՝ հունվարի երրորդ տասնօրյակում:
Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլին նույնպես՝ մանկավարժներին հասցեագրված ուղերձ-նամակում շնորհավորում է նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն եւ բարեկեցություն: Նույն նամակում Ի. Մերաբիշվիլին ուսուցիչներին նաեւ տեղեկացնում է՝ նախորդ տարիների ընթացքում իրավախախտումների կտրուկ նվազեցմանն ուղղված երկրի ներքին գործերի նախարարության կողմից իրականացված որոշ քայլերի մասին: ՆԳ նախարարը պնդում է, որ «Վրաստանում «օրենքով գողի» ինստիտուտ գոյություն չունի, իսկ ծանր հանցագործությունները, ինչպիսիք են՝ ավազակությունը, մարդկանց առեւանգումն ու կանխամտածված սպանությունը, նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ նվազել են: Բացի այդ, ավտոմեքենաների գողությունը արդեն գրեթե չի անհանգստացնում մեր երկրի քաղաքացիներին»: Փոխարենը Վրաստանում դեռ լուրջ խնդիր են թմրամոլությունն ու իրավախախտումները անչափահասների շրջանում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գտնում է, որ հենց ուսուցիչների օժանդակությամբ եւ նրանց հետ համագործակցելով հնարավոր կլինի հասնել էական արդյունքների այս գործում: