Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Փետրվար 03,2009 00:00

\"\"Վրացական իշխանությունները շարունակում են հետապնդել ջավախահայ գործող ուղեղներին

Օրեր առաջ՝ հունվարի 21-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանավորել են «Շարլ Ազնավուր» բարեգործական ընկերության եւ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիշա (Գրիգոր) Մինասյանին: «Առավոտի» ունեցած տեղեկությունների համաձայն, ձերբակալվածները կասկածվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ լրտեսության, հանցագործության նախապատրաստման եւ զինված խմբակցության ղեկավարման մեջ: Դեպքի վերաբերյալ արդեն իրենց վրդովմունքն են արտահայտել ոչ միայն Սամցխե-Ջավախքի, այլեւ՝ հայկական առաջատար հասարակական-քաղաքական կազմակերպությունները: Նրանց կարծիքով, ջավախահայ գործիչների կալանքն իրականում ոչ թե քրեական, այլ քաղաքական նպատակներ է հետապնդում: Շատերը համոզված են, որ վրացական կառավարությունը, պարզապես չհանդուժելով գաղափարական արժեք ունեցող ջավախահայ հասարակական գործիչների ներկայությունը, որոշել է նրանց «իրենց տեղը ցույց տալ»՝ փորձում են «զսպաշապիկ հագցնել» «հանդուգն» հայերին: Հայ գործիչներին «կպցված» մեղադրանքները շարունակում են հարուցել ոչ միայն տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների, այլեւ՝ շարքային քաղաքացիների բողոքը:

Տեղացի հայերի զգալի հատվածի կարծիքով՝ Սերգեյ Հակոբջանյանի եւ Գրիգոր Մինասյանի կալանքը մեկ պատճառ ունի՝ «նրանց հասարակական ակտիվ գործունեությունն ինչ-որ առումով չի տեղավորվել վրացական իշխանությունների ծրագրերի մեջ»:

«Ախր, այդ մարդիկ՝ ո՜ւր, լրտեսներն ու հանցագործները՝ ո՜ւր: Այնպիսի հանցանքների մեջ են մեղադրում, որ երեւի իրենց ծիծաղն էլ է գալիս: Գրիշան ու Սերգեյը, բացի բարեգործական ու մարդասիրական արարքներից, այլ բաներով չեն զբաղվել ու չեն զբաղվում, ինչքան կարելի է ասել եւ գոռալ: Ի՞նչ են ուզում այդ անմեղ մարդկանցից: Ախր մի մարդ չէ, որ նրանց պաշտպանում է, բոլորը, բոլորը: Ինչո՞ւ, որովհետեւ գիտեն նրանց ով լինելը, տեղյակ են, որ այս մարդիկ հարգված են եղել ոչ միայն հայերի, այլ նաեւ վրացիների շրջանում»,- պատմում է տեղացի Ա. Կարապետյանը:

60-ամյա Գեղամ պապիկը նույնպես դժգոհ է կատարվածից: Սերգեյին ու Գրիգորին անձամբ չի ճանաչում, բայց շատ-շատ անգամ է գովեստի խոսքեր լսել նրանց հասցեին. «Թե ինչի՞ են էսպես բաներ կատարվում: Մենք վրացիների հետ միշտ էլ կողք կողքի ենք ապրել ու միշտ էլ հարգանք ենք ունեցել իրար նկատմամբ: Հիմա մեզ ինչո՞ւ են զոռով թշնամացնում: Ասում են՝ ում որ բռնել են, հանգիստ, խաղաղ մարդիկ են, թող բաց թողնեն ու ընտանիքներին վերադարձնեն: Չեմ ուզում քեն պահենք: Ես ամեն ինչ կտայի, մենակ թե չար բաներ չկատարվեին»:

Թե ինչպիսի զարգացում կունենա ջավախահայ հասարակական գործիչների ձերբակալման իրադարձությունների ընթացքը, եւ թե Գեղամ պապիկի խոսքերն արդյոք իրականություն կդառնան, պարզ կլինի երկու ամսից՝ հենց այսքան ժամկետով է նախնական կալանք տրվել «Շարլ Ազնավուր» բարեգործական ընկերության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին եւ Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին:

Ջավախահայության տրամադրություններն ու վերաբերմունքն է փորձել պարզել նաեւ Ա-ինֆո գործակալությունը:

«Ես հաստատ համոզված եմ, որ թե՛ Գրիգորը, թե՛ Սերգեյը իսկական հայրենասերներ են: Նրանք ոչ լրտեսներ են, ոչ էլ հանցագործություն ծրագրավորողներ, որովհետեւ այս մարդիկ միայն հանրօգուտ աշխատանքներով էին զբաղվում: Ես թեեւ անձնապես չեմ ճանաչում այս տղաներին, բայց շատ եմ լսել նրանց մարդկայնության ու ազգանպաստ գործունեության մասին: Այնպես որ, պարզապես ծիծաղելի են այն կասկածները, որոնք վերագրվում են նրանց: Ամեն ինչ պարզ կերպով երեւում է. նրանք վրացիներին սկսել են «ձեռ չտալ»,- ասում է Ախալցխայի բնակիչ Կ. Հ.-ն:

«Վրացիներն ամեն գնով ուզում են ջավախահայերի վերջը տալ, իսկ Գրիգոր Մինասյանի եւ Սերգեյ Հակոբջանյանի նմանները խանգարում են գործին: Ինչո՞ւ, որովհետեւ տարածաշրջանում բանական եւ մեր շահերը պաշտպանող մարդիկ քիչ են մնացել: Բոլորը վախեցած վիճակում են, իսկ մյուսներն էլ մի քանի գրոշ են ստանում ու ինչ ապօրինի քայլեր էլ որ տեսնեն՝ աչք են փակում ու վրացիներին ասում՝ դուք ճիշտ եք: Եթե այսպես շարունակվի՝ Ջավախքը հաստատ կդառնա Ջավախեթի»,- մտածում է Ախալցխայի բնակչուհի Ս. Կ.-ն:

«Առաջարկում եմ միավորվել, պայքարել տղաների ազատ արձակման համար: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է անմեղները տառապեն, եթե մենք կարող ենք օգնել ու պահանջել, որ ճշմարտությունը հաստատվի: Բոլորս կողքից ցավում ենք, շատերս լալիս ենք, բայց ի՞նչ օգուտ: Պետք է հասկանալ, որ այդպես չենք կարող նպաստել գործին: Կրկնում եմ՝ եթե քայլեր չձեռնարկենք՝ վաղը նույնը կարող է պատահել ցանկացածի հետ»,- ասում է Գ. Հ.-ն:

«Ես չեմ ուզում ոչ մի բան մեկնաբանել: Թող այդ տղաներն իրենց ընտանիքների գիրկը վերադառնան, ուրիշ բան պետք չէ: Մեկ էլ խաղաղ ու հանգիստ միջավայրում ապրենք: Սա է կարեւորը»,- գտնում է Ժ. Մ.-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել