Ձեւական աճուրդով
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի վարույթ է ուղարկվել օրեր առաջ Դեբեդ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ: Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավար Գ. Նազլուխանյանը համայնքի ավագանու անդամ Լ. Անտոնյանին շուկայականից էժան գույքի օտարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, առանց համապատասխան գնահատման, ձեւական աճուրդ կազմակերպելու միջոցով, համայնքի հաշվեկշռում գտնվող 1 մլն դրամ արժողության չգործող ջրհան կայանի մասնաշենքը եւ կից՝ 1497 քմ հողատարածքը 283 140 դրամով վաճառել է Լ. Անտոնյանին:
Այդպես էլ գործ չի հարուցվել
Վերջերս «Առավոտին» դիմեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մ/ճ գլխավոր հաշվապահ Ալվարդ Մարգարյանը: Մինչ այդ նա դիմել էր դատախազություն, ոստիկանություն, արդարադատության նախարարություն: «Ձեզ է դիմում որդեկորույս մի մայր, որը սփոփանքի ոչ մի շող չի տեսնում՝ ամոքելու իր մեծ վիշտը: Շատերի պես որդի եմ մեծացրել, դաստիարակել, ուսման եմ տվել: Նա ծառայել է հայոց բանակում»,- ասաց Ա. Մարգարյանը, որը մեզ տրամադրեց բոլոր այն դիմումներն ու «ձեռնարկված միջոցառումները», որոնք հետեւել են դրան: Մարգարյանի 32-ամյա որդին՝ Սոս Արտաշի Ղուկասյանը, Իջեւան-Բերդ ճանապարհին վթարի է ենթարկվել: Ըստ տուժողի մոր, հրաշքով փրկված որդին գիտակցությունը չէր կորցրել, կոտրվածքներ էլ մարմնի վրա չկային՝ մինչ Տավուշի մարզի հիվանդանոց տեղափոխելը: Նրան վիրահատում են: «Առաջին վիրահատության ժամանակ հեռացրին փայծաղը, սակայն ներքին արյունահոսությունը չէր դադարում: Ես, ամուսինս, քույրս արյուն տվեցինք: Սոսին երկրորդ անգամ տարան վիրահատարան. նրան իր որովայնի արյունն էին ներարկել»,- հավելում է մայրը: Վիրահատության ժամանակ հիվանդանոցի դեղատնից հարազատներին ստիպել էին դեղեր գնել, որտեղ յուրաքանչյուր դեղ կրկնակի թանկ էր «սովորական» դեղատան համեմատությամբ: Գլխավոր բժշկին հակառակ, տեսնելով, որ իրենց որդու վիճակը ծանրանում է՝ տեղափոխում են զինվորական հոսպիտալ: Գլխավոր բժիշկը, ըստ մոր, Սոսի բերանից քաշում-հանում է զոնդը, հրաժարվելով տրամադրել պատգարակ:
«Երրորդ վիրահատությունը կարծես հաջող անցավ, սակայն տղայիս սիրտը չդիմացավ: 10 րոպե հետո նա կլինիկական մահ տարավ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից մեքենա պահանջեցինք, սակայն արդեն ուշ էր»,- հավելում է Ա. Մարգարյանը: Քրեական գործ չհարուցվեց: Փորձագետները եզրակացրին, որ «Սոս Ղուկասյանի մահը վրա է հասել նրա կողմից ավտովթար կատարելուց հետո տարբեր բուժհիմնարկներում վիրահատվելուց առաջացած օբյեկտիվ բարդությունների հետեւանքով»:
Ռ. Մ.