Դեռեւս 16.10.2008 թվականին, Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքապետ Հրաչիկ Ավագյանը, «Առավոտի» հարցմանն ի պատասխան, գրավոր պատասխանել էր, որ համայնքի ավագանու հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կայացրած բոլոր որոշումները մեզ կտրամադրի համայնքապետի ընտրություններից հետո (ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին): Քանի որ օրենքով 30 օրից ավելի պաշտոնյան իրավունք չունի հարցմանը չպատասխանել եւ չտրամադրել հրապարակման ենթակա որոշումները, դիմեցինք Արագածոտնի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Սիրաս Հովսեփյանին՝ ակնկալելով, որ նա «կարգի կհրավիրի» Բյուրականի գյուղապետին: Սակայն պարզվեց, որ մարզպետարանի պաշտոնյան ավելի անտեղյակ է իր գործից, քան գյուղապետը: «Դուք ձեր գրության մեջ չեք նշել, թե կոնկրետ որ խնդիրներն ու ոլորտներն են ձեզ հետաքրքրում: Գրությունով ուզել եք ավագանու կայացրած մի քանի ամսվա որոշումները ու, իմ կարծիքով, ամսով որոշում պահանջելը սխալ է: Եթե գյուղապետի հետ չեք պայմանավորվել, թե ընտրություններից հետո քանի օրվա ընթացքում որոշումները տրամադրվի, ուրեմն 20 օրն էլ է համարվում ընտրություններից հետո, մի ամիսն էլ: Եթե ձեզ հիմա հետաքրքրում են ավագանու որոշումները, բարեհաճեք երկրորդ անգամ նամակով դիմել՝ գյուղապետը կպատասխանի»,- ասաց Ս. Հովսեփյանը: Երբ նրան փոխանցեցինք, որ դա արդեն կլինի նույն պահանջով գյուղապետին ուղղված երրորդ նամակը, նշեց. «Կարող ա չորրորդն էլ լինի»: Պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար դիմեցինք նաեւ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Նա դեռեւս դեկտեմբեր ամսվա վերջին խոստացավ, որ հարցին լուծում կտա՝ կարգի կհրավիրի բաժնի պետին, իսկ գյուղապետին կպարտավորեցնի տրամադրել որոշումները: Մինչ օրս սպասում ենք մարզպետի արձագանքին: Այսքանից հետո ավելորդ է նշել, թե ով է բաժնի պետին «թեւ» տալիս եւ խրախուսում գյուղապետերի փակ աշխատանքային գործելաոճը: