Հայրենի պատգամավորները, եթե խելք ունենային՝ օլիգարխների ու օլիգարխիկների (որոնց թվում իրենցից շատերն են) տակ մեծաքանակ տրոտիլով «ական» կդնեի՞ն:
Բայց դրեցին. ամառային հանգստի մեկնելուց առաջ փոփոխություններ, լրացումներ կատարելով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում, փաստաբաններին էլ դարձրին «գործակալներ», ովքեր 21 այլ հաշվետու անձանց (բանկերի, գրավատների, վարկային կազմակերպությունների, նոտարիատների, նաեւ խաղատների) պես կասկածելի գործարքների դեպքում պետք է հաշվետվություն ներկայացնեն համապատասխան մարմնին: Ասենք թե, Քաջիկ Նազարյանը մի օր 20 մլն-անոց գործարք է անում կամ 50 մլն-անոց անշարժ գույք գնում (վաճառում), կամ հարեւան գյուղի Հրանուշ Արեւշատյանի հետ գործարար հարաբերություններ է հաստատում, ինչը, անկախ գումարի չափից, կասկած է հարուցում գործարքը հաստատող բանկի կամ նոտարի մեջ: Վերջիններս էլ, ենթարկվելով գործող օրենքին, վազում են Կենտրոնական բանկ (լիազոր մարմին) ու հայտնում են առկա կասկածի մասին:
ԿԲ-ն էլ իր հերթին վազում է քրեական հետապնդում իրականացնող մարմնի դուռը, թե՝ գիտեք, Քաջիկ Նազարյանը քաջություն է ունեցել կասկածելի գործարք անելու, որը կարող է իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով: Դե, քրեական հետապնդման մարմինն էլ հետապնդումներ է սկսում Քաջիկի նկատմամբ: Վերջինս էլ, ինքնապաշտպանվելու նպատակով, գնում է փաստաբանի մոտ, նրան վստահում իր գործարքային գաղտնիքները, քանի որ փաստաբանը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով պարտավոր է պահպանել փաստաբանական գաղտնիքը եւ չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, հայտնել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու: Բայց ի՞նչ իմանա Քաջիկ Նազարյանը, որ փաստաբանն էլ մյուս «գործակալների» նման, իր գործը թողած, «թիթեռ է նկարելու» համապատասխան մարմնի համար. հաշվետվություն է ներկայացնելու իր վստահորդի գործարքի վերաբերյալ՝ ամենայն մանրամասնությամբ ու ձրի: Չի էլ կարող չտրամադրել կամ թերի եւ ուշ տրամադրել, որովհետեւ, եթե հետագայում պարզվի, որ փաստաբանի ձեռքի տակով անցած Քաջիկի գործարքը հանցակազմ է պարունակում, փաստաբանին կպատժեն՝ կնախազգուշացնեն կամ կտուգանեն նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհազարապատիկ չափով:
Իսկ որպեսզի փաստաբանը կարողանա օրենքի հակասությունների պարագայում «քյանդրբազական» խաղը լավ տանել՝ ե՛ւ վերեւներին գործ տա, ե՛ւ փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ դրույթը չխախտի, պետք է համոզի Քաջիկին՝ ընդունել կասկածելի գործարքի մեղքը, շուտ դատվել ու շուտ ազատվել: Եթե Քաջիկը համոզվի, թույլ կտա փաստաբանին՝ իր շահերին հակասող գործողություն անել: Բայց արդյո՞ք կհամոզվի:
Իսկ ի՞նչ իմաստ ուներ փաստաբաններին խցկել այդ «գործակալական» ցանկի մեջ, եթե հաշվի առնենք, որ «Փաստաբանության մասին» գործող օրենքը շատ էլ հստակ կարգավորել էր հանցագործության դեպքում՝ փաստաբանի գործողությունը. «Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն»: Այսինքն՝ եթե Քաջիկ Նազարյանը հայտնի «ոզնիներն» ու սամուրայի թուրը ձեռքին մտնում է փաստաբանական օֆիս՝ գործարք անելու եւ փաստաբանին հայտնում է, որ գնում է ոստիկաններին դիմադրելու եւ իշխանափոխություն անելու, փաստաբանը պետք է դիմի համապատասխան մարմնին, քանի որ տեսնում է իրական վտանգը:
ԱԺ-ում օրենքի փոփոխությունից այսպիսի հետեւություն. իշխանությունը փաստաբաններին դարձրեց խոստովանահոր դեմքով «գործակալներ»՝ ավելի խոցելի, որոնց ճնշելով, շանտաժի ենթարկելով, հնարավոր կլինի նրանց ծառայեցնել իշխանահաճո նպատակների: Այդ դեպքում եւ շարքային քաղաքացին, եւ, հատկապես, օլիգարխներն այլեւս չեն դիմի նրանց: Փաստաբանները կմնան անգործ, քաղաքացիներն էլ՝ անպաշտպան: Եվ իշխանությունն անպաշտպանների հետ կանի այն, ինչ ուզում է: Ախորժաբեր կլինեն հատկապես խոշոր ու միջին տրամաչափի գործակալներն ու չինովնիկները: