Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ Է ՇՈՒԿԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ

Փետրվար 03,2009 00:00

\"\"Գյումրիում օր օրի խանութներ են փակվում ու կրպակներ դատարկվում

Նոր տարին սկսվելուն պես, Գյումրիի կենտրոնական շուկայի մոտ 40 խանութ արդեն կողպել է իր դռները: Երեկ ամբողջությամբ դատարկվեց մարզի օլիգարխներից մեկին՝ մարալիկցի Շոթային պատկանող կրպակների ցանցը. մոտ 80 կրպակատեր ոտքի կանգնեց ու շտապեց քաղաքապետի մոտ՝ փրկություն հայցելու: Թվում էր, թե բողոքի ավանդական թեման պետք է լինեին ՀԴՄ-ներն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Սակայն կրպակատերերին հուզողը սեփականատիրոջ քմահաճույքներն են, տարածքի համար ինքնագլուխ գին սահմանելն ու հարկայինի աչք փակելը:

Բողոքավորները բացարձակապես դեմ չեն աշխատել ՀԴՄ-ներով, ենթարկվել օրենքի բոլոր պահանջներին, եթե, իհարկե, երկրի օրենսդիրը մտածի նաեւ սեփականատերերին կարգի հրավիրելու մասին: «Ի՞նչ մուկ ու կատու են խաղում, ո՞ւմ են հիմարի տեղ դնում, եթե էդքան փափագում են օրենքի երկիր դառնալ, թող սկսեն սեփականատերերից, թե՞ վախենում են նրանց թանին թթու ասել, դե, բոլորը խառոշի տղեք են, ինչպե՞ս կլինի նրանց խաթրին կպնել: Շուկայի տերերին էնպիսի արտոնություն են տվել, որ ով ինչ գին ուզում՝ դնում է, իսկ դու պարտավոր ես ե՛ւ պետական հարկ ու տուրք մուծել, ե՛ւ սեփականատիրոջ քմահաճույքներին ենթարկվել: Որ մեր բիզնեսը փակվի, վաղը մյուս օր մոմով ման կգան ու բյուջեն մի դրամ մուծող անգամ չեն գտնի: Էդ ժամանակ գնացեք ու երկիր հզորացնելուց խոսեք: Էդ վարչապետին էդքան դժվա՞ր է գալ ու տեսնել Գյումրիի շուկաներում ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս են մեզ թալանում: Եթե վարչապետի քթի տակ՝ ոսկու շուկայում է սեփականատերն իրեն էդպես լավ զգում՝ պայման չստեղծած գումար է փախցնում, ապա հեռավոր Շիրակի մարզում ինչեր է կատարվում»,- ասում էին բողոքավորները:

Չնայած մարալիկցի Շոթայի տարածքը կենտրոնական շուկայում ամենաէժանն է համարվում, այդուհանդերձ, առեւտրականների ասելով, իրենք գնի մեջ չեն տեղավորվում: Նրանց հաշվարկներով, ամսական ամենաքիչը 83 հազար դրամ են մուծում, 1 քառակուսի մետրը նստում է մոտավորապես 9 հազար դրամ՝ սեփականատիրոջ սահմանած հարկը մեկ քմ-ի համար 8500 դրամ է, իսկ պետականը՝ 330 դրամ:

«Մենք պետք է 60 կտոր ապրանք ծախենք, որ կարողանանք տեղի փողն ու հարկայինի ծախսերը բավարարել, բայց եթե գործ չկա, ինչպե՞ս անենք: Նախկինում չէինք դժգոհում, վիճակը նորմալ էր, իսկ հիմա ի՞նչ անենք: Կոպիտ հաշվարկներով, 15 հազար դրամի եկամուտ պիտի ունենանք, որ կարողանանք ծախսերը փակել, բայց հիմա 5 հազարից անգամ վախենում ենք խոսել: Մեր պահանջը հիմա կոնկրետ այն է, որ առաջվա պես մենք վճարենք, ավելացված գումարը կոմպենսացվի, եթե մեր սեփականատերը գումարը չիջեցրեց՝ մենք հարկային դաշտից դուրս ենք գալու»,- ասում էին առեւտրականները: Ի դեպ, մի քանի ամիս առաջ, ՀԴՄ-ների պատճառով բարձրացած մեծ աղմուկի պահին, վերոհիշյալ տարածքի սեփականատերը առեւտրականներին խոստացել էր փոքր-ինչ իջեցնել տարածքի գումարը, եթե նրանք անաղմուկ հարկային դաշտ մտնեն եւ իր վրա խոսակցություն չբերեն: Իսկ հարկային դաշտ մտնելուց հետո իր խոստումն անմիջապես մոռացել էր: Այս կապակցությամբ մարալիկցի Շոթային պատկանող «Թերեզա-Գեւորգ» ՍՊԸ տնօրինությունը մեկ անգամ եւս հայտարարեց, որ իրենք նույնպես հարկատու են եւ սահմանվածից էժան այլեւս հնարավոր չէ: Ըստ տնօրեն Մարգարիտա Պողոսյանի, մի քանի տարի առաջ գների նվազեցում եղել է, ու այլեւս «աբսուրդ» է դրանից ավելի զիջումների գնալը: Իսկ թե ինչ լավ պայմաններ է ստեղծել սեփականատերը առեւտրականի համար, տիկինը թվարկում է ՀԴՄ-ներ տեղադրելը, նրանց համար հաշվապահ վարձելը, այսինքն՝ այն, ինչն, ըստ օրենքի, իր սուրբ պարտքն է եղել: Ի դեպ, մեր՝ շուկայում գտնվելու պահին մեզ մոտեցան դիմացի՝ «Պինգվին» ՍՊԸ-ին պատկանող տարածքի առեւտրականները՝ հարցնելով. «Բա մեր հալն ի՞նչ պետք է լինի, սեփականատերն էնքան է «հաբրգել», որ կրպակդ մի քայլ փոխելու՝ շուկային մոտենալու համար ասում է՝ 200 հազարդ  230 դարձրու, արի շուկային մոտեցի: Էսպիսի սանձարձակ գներ որտե՞ղ եք տեսել: Ո՞վ է սրանց էդքան իրավունք վերապահել»:

Ի դեպ, հենց նույն «Պինգվին» ՍՊԸ-ի կապակցությամբ դեռեւս հուլիս ամսին Գյումրիի նորանշանակ հարկային տեսչության պետ Խաչատուր Երոյանն «Առավոտին» ասել էր, որ հարկայինը իրավունք չունի հարկադրել սեփականատիրոջը իջեցնելու տեղի համար գանձվող գումարները, բայց իրենք աշխատում են նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի «վարձավճարների որոշակի սահման դրվի»: Սակայն, ինչպես երեւում է, հարկայինն այս ուղղությամբ ոչինչ էլ չի արել: Ցավոք, երեկ մենք չկարողացանք հարկայինի պետից պարզաբանումներ ստանալ նրա՝ մայրաքաղաքում գտնվելու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել