Այսուհետեւ նրանք կգործեն մեկ ՍՊԸ-ի անվան տակ եւ սրտների ուզածի չափ տաքսի կվարեն
Անհատ տաքսիների վարորդներն իրենց համար գտել են հարկային դաշտ դուրս գալու շահավետ միջոցը: Նրանք որոշել են միավորվել եւ մեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բացել, որտեղ կարող է աշխատանքի ընդունվել ցանկացած անհատ վարորդ, ստանալ համապատասխան փաստաթուղթ, վճարել ամսական 22 հազար դրամ եւ ուզածի չափ տաքսի վարել: Սակայն սրանով անհատ տաքսիների վարորդների խնդիրները դեռ լիովին չեն լուծվում: Բանն այն է, որ դեռ օդի մեջ «կախված» է կառավարության այն որոշումը, ըստ որի՝ տաքսիները չպետք է լինեն 10 տարուց ավելի արտադրության:
Անհատ տաքսիստների «Վարորդ-ոստիկան» նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Դոստուրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ արդեն մոտ 100 անհատ տաքսիստներ դիմել են իրենց. «10 օրից կստանանք ՍՊԸ-ի լիցենզիան, մեզ դիմած վարորդներն էլ կստանան համապատասխան փաստաթուղթ: Արդեն մեքենաների համար կայանատեղի ենք վարձել, բժիշկ է աշխատելու, տեխզննման համար բոլոր պայմաններն էլ ապահովել ենք: Այսպիսով, եթե նախկինում տաքսիստները պետք է մոտ 100 հազարի ծախս անեին, որպեսզի եւ լիցենզիա, եւ հաշվիչ սարք, եւ դեղին պետհամարանիշ ձեռք բերեին, մեր միջոցով այդ ծախսերը կրճատվում են, նրանց օգնում ենք այդ ամենը ստանալու եւ փոխշահավետ աշխատում ենք»: «Առավոտի» այն դիտարկմանը, որ ՍՊԸ-ն, ըստ էության, «տաքսի-սերվիս» է լինելու, բայց ի տարբերություն մյուսների՝ մի քանի հարյուրի հասնող մեքենաներով, պարոն Դոստուրյանն ասաց. «Այո, նման մի բան է լինելու, մենք գրասենյակ ենք ունենալու, բայց հեռախոսավարուհի չենք ունենալու ու կանչեր չեն լինելու: Պարզապես՝ վարորդը մեզ համապատասխան վճարումներ է կատարելու՝ խուսափելով հարկայինի հետ շփվելուց»:
Ըստ Գ. Դոստուրյանի՝ ՍՊԸ բացելը ձեռնտու է նաեւ մեր իշխանություններին, քանի որ զանգվածային ակցիաներ ու ցույցեր էլ չեն լինի. «Եթե կառավարությունը չընդուներ այս տարբերակը, ապա խառնաշփոթ կլիներ: Շուտով մարտի 1-ն է, եւ մենք պատրաստվում էինք բազմահազար տաքսիստներով ցույց անել»: