Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ ԽԵՂՃԱՑՐԵԼ Է

Փետրվար 03,2009 00:00

Նախորդ տարվա 300 խոշոր հարկատուներից շատերը, 2007-ի համեմատությամբ, մի քանի միլիարդ դրամով նվազեցրել են

պետբյուջե վճարվող գումարները:

Տնտեսագետներից ոմանց հավաստմամբ` անկախ միջազգային տնտեսական ճգնաժամից, Հայաստանի տնտեսությունը վաղ թե ուշ կանգնելու էր խնդիրների առջեւ: Ըստ նրանց՝ մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ գործազրկության ակնհայտ աճը, արտահանման ծավալների կամ շինարարության անկումը, վկայում է, որ Հայաստանում, ըստ էության, կառուցվածքային ճգնաժամ է, ինչը մեր պետության ղեկավարների սխալ վարչարարության հետեւանքն է: Ճգնաժամը կառուցվածքայի՞ն է, թե՝ անմիջականորեն կապված է համաշխարհային տնտեսության անկումով՝ տարբեր տնտեսագետներ տարբեր կերպ են մեկնաբանում: Մի բան ակնհայտ է, որ մի շարք ոլորտներում առաջացած պարապուրդը բացասական ազդեցություն է ունեցել պետբյուջեի հարկային մուտքերի վրա, ինչը պարզ երեւում է Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկից:

Մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտի գրեթե բոլոր ընկերությունները, 2007-ի համեմատությամբ, 2008-ին մի քանի միլիարդ դրամով պակաս հարկեր են վճարել: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ավելի քան 19 միլիարդ դրամով պակասեցրել է հարկային մուտքերը՝ 2007-ի 33 մլրդ 604 մլն դրամի փոխարեն նախորդ տարի վճարելով ընդամենը 14 մլրդ 377 մլն դրամ: Գրեթե կիսով չափ պետբյուջե պակաս գումարներ է մուծել նաեւ հանքարդյունաբերության ոլորտի մեկ այլ ձեռնարկություն՝ «Ագարակի պղնձամոլիբդենային ընկերությունը»: 2007-ի մոտ 2 մլրդ 242 մլն դրամի փոխարեն ընկերությունը նախորդ տարի վճարել է ընդամենը 1 մլրդ 810 մլն դրամ: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» եւս կիսով չափ նվազեցրել է հարկային վճարումները եւ 1 մլրդ 404 մլն դրամի փոխարեն նախորդ տարի պետբյուջե է մուծել 641 մլն 217 հազար դրամ: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը 2007-ի 1 մլրդ 545 մլն-ի փոխարեն 2008-ին վճարել է մոտ 1 մլրդ 343 մլն դրամ: Չնայած ոլորտում առկա դժվարություններին, հանքարդյունաբերական որոշ ընկերություններ էլ նույնիսկ ավելացրել են հարկային մուծումների չափը: Մասնավորապես, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» 2007-ի 233 մլն 817 հազարի փոխարեն նախորդ տարի վճարել է 275 մլն 729 հազար դրամ, իսկ «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը 540 մլն 108 հազարի փոխարեն վճարել է մոտ 602 միլիոն դրամ: Նկատի ունենալով, որ հանքարդյունաբերական գործարաններում աշխատակիցների մասսայական կրճատումները եւ արտադրական ծավալների անկումը տեղի են ունեցել հիմնականում նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին, թերեւս ոլորտի իրական պատկերը պարզ կդառնա միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հարկատուների ցուցակից:

Դատելով նրանից, որ Հայաստանի ֆինանսական համակարգի ընկերությունները մի քանի միլիոն դրամով ավելացրել են հարկային մուծումները, կարելի է եզրակացնել, որ ճգնաժամն այս ոլորտի կողքով է անցել: 300 խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած առեւտրային գրեթե բոլոր բանկերն էլ կրկնակի ավելի հարկ են վճարել: «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը 2007-ի 1 մլրդ 90 մլն դրամի փոխարեն նախորդ տարի վճարել է 2 մլրդ 287 հազար դրամ: «Արդշինինվեստբանկը» մոտ 922 մլն-ի փոխարեն 2008-ին վճարել է ավելի քան 2 մլրդ դրամ: «Հայէկոնոմբանկն» ավելացրել է իր հարկային մուծումները մոտ 73 միլիոն դրամով: 2007-ին վճարած 567 մլն դրամի փոխարեն նախորդ տարի «Յունիբանկը» վճարել է ավելի քան 869 մլն դրամ: Նախորդ տարվա խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած բանկերից «Կոնվերս բանկը», «ՎՏԲ Հայաստան» բանկը եւ «Հայբիզնեսբանկը» եւս ավելացրել են պետբյուջե վճարած հարկերի ծավալները:

Ի տարբերություն վերոնշյալ բանկերի, 2008-ը թերեւս հաջող չի ընթացել «Անելիք» բանկի, «Էյչ-Էս-բի-սի» բանկի, «Ինեկոբանկի» եւ «Առէկսիմբանկի» համար, քանի որ 2007-ի համեմատ այս բանկերը մի քանի միլիոն դրամով նվազեցրել են իրենց հարկային մուծումները: Ուշագրավ է նաեւ, որ մի քանի վարկային կազմակերպություններ ավելի շատ հարկ են վճարել, քան որոշ առեւտրային բանկեր: Մասնավորապես, «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը նախորդ տարի վճարել է 349 մլն 301 հազար դրամ, «Նորվիկը»՝ 328 մլն 924 հազար, իսկ «Ֆինքան»՝ մոտ 329 մլն դրամ, այսինքն՝ այս վարկային կազմակերպություններից յուրաքանչյուրը վճարել է ավելի շատ հարկ, քան, ասենք, «Առէկսիմբանկը»: Նշենք նաեւ, որ 300 խոշոր հարկատուների ցանկում չեն ընդգրկվել «Պրո կրեդիտ բանկը», «Պրոմեթեյ բանկը» կամ, ասենք, «Արցախ բանկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել