Ըստ Գառնիկ Մարգարյանի, մահակը Հայաստանի իշխանության գլխին պահելով՝ Եվրոպան փորձում է հարմար պահին Կովկասում իր գերիշխանությունը հաստատել:
«Միջազգային ինչ ատյանում ինչպիսի որոշում ուզում է կայացվի, որը նպաստելու է իշխանության մեկ օր ավելի պահպանմանը՝ մատուցվելու է որպես հաղթանակ: Հարցը նորից ապրիլ ամիս տեղափոխելը նշանակում է՝ իշխանությանը եւս մեկ շանս է տրված քաղբանտարկյալների հարցը լուծելու համար»,- ՀՀ վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին բանաձեւի մասին ասում է ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նրա համոզմամբ, անգամ փոխելով Քրեական օրենսգրքի հանրահայտ 300 եւ 225 հոդվածները, իշխանությունը կփորձի «7»-ի եւ «մարտի 1»-ի այլ գործերով դատական պրոցեսի մեջ գտնվող մյուս անձանց նկատմամբ այլ հոդվածներ կիրառել՝ նրանց պատանդ պահելով: «Քանի որ Եվրոպան չի ընդունում քաղբանտարկյալներ ունեցող երկրների, ստիպված իշխանությունների հետ գնացել են այսպիսի պայմանավորվածության: Բայց սա բնավ չի նշանակում, որ «մարտի 1»-ի պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրայից: Մեր ժողովուրդն ապացուցում է, որ իր կամքն անկոտրում է: Ես առաջարկում եմ որոշ մարդկանց սթափվել ու կամովին հանձնել իշխանությունը՝ գուցե դեռ ուշ չէ»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ՝ այս ամենն ուղղակիորեն շաղկապված է արցախյան հարցի հետ. «Այսօր սեղանին դրված է ոչ թե արցախյան հարցի՝ մադրիդյան, քիուեսթյան կամ այլ սկզբունքներով լուծումը, այլ գերտերությունների միջեւ պայքար է գնում՝ օր առաջ արցախյան տարածք մտնելու՝ Կովկասին իշխելու: Անցած տարվա նախագահական ընտրություններ, ոչ լեգիտիմ իշխանություն, «մարտի 1», եվրոպացիների անվերջ այցելություններ, մահակն իշխանության գլխին անընդհատ պահել՝ միտված են թուլացնելու այս իշխանությանը, որպեսզի պահը գալուն պես մտնեն տարածք»:
Մեր զրուցակցի համոզմամբ, սկսած Ռոբերտ Քոչարյանի ոչ լեգիտիմ կառավարումից ցայսօր, հայկական արտաքին քաղաքականությունը «փայլուն» պարտություններ է գրանցում՝ զուգահեռաբար թուլացնելով պետության եւ հասարակության դիմադրությունը: Դրան հակառակ՝ «ադրբեջանական կողմն իրար հետեւից հաղթանակներ է տանում արտաքին քաղաքականության ոլորտում: Արդեն խոսում են Հայաստանից շուրջ 450 հազար ադրբեջանցի փախստականների մասին… Բայց ոչ ոք չի խոսում կես միլիոնից ավելի Բաքվից, Կիրովաբադից հայ փախստականների մասին, ոչ ոք չի հիշում Արծվաշենը, Գետաշենը, Շահումյանը… Ադրբեջանը գնում է հարձակողական քաղաքականությամբ եւ աշխարհում ֆոն է ստեղծում՝ ամրապնդելով իր պետականությունն ու ռազմավարական շահերը, իսկ մեզ մոտ ամեն ինչ ուղղված է ոչ լեգիտիմ իշխանությունը պահելուն, անգամ՝ ազգային անվտանգությունը վտանգելու գնով: Ադրբեջանցիները հազարավոր դիմումներ ունեն միջազգային ատյաններում՝ փախստականների, նրանց սոցիալական, իրավական հարցերի վերաբերյալ: Մենք՝ այցելություններ դավոսներ, փակ զրույցներ, որոնց մասին հասարակությունը ճշգրիտ տեղեկություններ չունի: Իսկ մեր իմացածն էլ մեզ թույլ է տալիս ասելու, որ սա պարտվողական քաղաքականություն է հայ ժողովրդի համար: Խոսակցություններ կան, որ Լաչինի հարցն է մնում: Խնդիրը դրված է մադրիդյան նախագծի՝ ազատագրված տարածքները վերադարձնելու, միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման շուրջ, եւ երբ գա պահը, երբ իշխանությունը բավականաչափ թուլացած եղավ, ստիպելու են տարածքներից դուրս բերել զորքերը»: Արդյոք ընդդիմությունն էլ չի՞ սպասում իշխանության թուլացմանը՝ հարցի պատասխանը եղավ. «Դադարը հիմնավոր եւ ճշգրիտ էր, քանի որ իշխանափոխության հարցն ընդդիմության կողմից ինքնանպատակ դրված չէ: Դիլետանտական մոտեցում է, թե ընդդիմությունը սպասում է, որ երկիրը խեղդվի ճահճում: Երբ ռեժիմը լեգիտիմ չէ, խոցելի է, ներսից ուժեղացնել խոցելիության աստիճանը՝ անթույլատրելի է, նշանակում է, որ ազգային ուժ չես ու ազգային քաղաքականություն չես տանում»: