Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԱԿԱՏԱՐ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ

Փետրվար 03,2009 00:00

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակն իրոք վճռորոշ դարձավ, որ չկասեցվի ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության քվեարկության իրավունքը:

Մինչ Ստրասբուրգում կքննարկվեր Հայաստանի հարցը՝ մեր երկրի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2003 թ. սեպտեմբերից մինչեւ 2007-ի հոկտեմբերը ղեկավարած Տիգրան Թորոսյանն «Առավոտին» տված հարցազրույցում հիշեցրել էր, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո էլ էր ԵԽԽՎ-ում քննարկվել այդ երկրի պատվիրակների քվեարկության իրավունքը կասեցնելու հարցը. «Ու թեեւ պատվիրակությունն ի վերջո չզրկվեց ձայնի իրավունքից, սակայն նվաստացումը լիակատար էր»: Այս համեմատությունն էի մտաբերում, երբ միայն Ստրասբուրգում տեղեկացա ԱԺ նախագահի մի նոր նամակի մասին, որն ուղղված էր «թանկագին պրն Պրեսկոտին եւ թանկագին պրն Կոլոմբիեին»:

Դատողություններ չենք անի, թե Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո որքանով է բարձրացել խորհրդարանի դերը, բայց մի՝ հրապարակայնության հարցում ակնհայտ հետընթաց կա՝ այն է, որ մեր օրենսդիր մարմնի պաշտոնական գրագրության եւ երբեմն նաեւ՝ հանդիպումների մասին ստիպված ենք լինում տեղեկանալ երրորդ աղբյուրներից: Այդպես եղավ ե՛ւ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին 2008-ի դեկտեմբերի 30-ին ուղարկված նամակի պարագայում, ե՛ւ այս մեկի, որն ուղարկվել է արդեն 2009-ի հունվարի 22-ին: Վերջին նամակը որպես appendix կցված է համազեկուցողների հունվարի 26-ին հրապարակած զեկույցի հավելվածին, իբրեւ յուրօրինակ պարտավորագիր կամ մուրհակ՝ Հայաստանի իշխանությունների կողմից:

Իսկ այս մի նամակում, ի տարբերություն նախորդի՝ Հովիկ Աբրահամյանն այլեւս չի գրել Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ին ընդունած նախագծի «շատ վտանգավոր բովանդակության մասին, որն ընդունվելու դեպքում՝ էականորեն կվնասի Հայաստանի ներքին կայունությանը եւ դատական գործընթացին միջամտություն կլինի», կամ այլեւս չի նշել, թե անկեղծորեն վստահում է հասցեատիրոջ «ողջախոհությանը եւ բարեկամեցողությանը», այլ ուղղակի հանձն է առել պարտավորություններ՝ հստակ ժամկետներ նշելով դրանց կատարման համար:

Ավելի վաղ որոշ մեջբերումներ արել էինք այդ նամակից: Հիմա առավել մանրամասնենք, որ այս նամակում ԱԺ նախագահը նախ իր «անկեղծ գնահատականն» է հայտնել համազեկուցողներին իրենց «հետեւողական եւ սկզբունքային մոտեցումների համար այն բարդ խնդիրները հասցեագրելու հարցում, որոնց Հայաստանը դիմագրավել է անցյալ տարեսկզբից»: Նաեւ հավելել է. «Ես շատ երախտապարտ եմ այն քննադատական, խորքային եւ հանգամանալի ըմբռնման համար, որ Դուք դրսեւորում եք մեր դիրքորոշումների քաղաքական եւ իրավական կողմերի հանդեպ»: Հետո Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, թե ցուցաբերելու են քաղաքական կամք՝ վերականգնելու քաղաքական կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը Հայաստանում. «Այդ իսկ պատճառով այս նամակով ես վերահաստատում եմ իմ մտադրությունը՝ անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի որոշակի հոդվածների իրավական անկատարությանը, որոնք կիրառվել են այն անձանց հանդեպ, որոնք մեղադրվում են մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի առնչությամբ»: Ու թեեւ ԱԺ նախագահը միայն հունվարի 23-ին հրաման ստորագրեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը պետք է ՔՕ 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ մշակի եւ մինչեւ այն օրը, երբ կլրանա նախագահական ընտրությունների 1 տարին՝ ներկայացնի առաջարկություններ, արդեն իսկ հունվարի 22-ի նամակում Հովիկ Աբրահամյանը համազեկուցողներին հայտնել է. «Այսօր ես որոշում եմ ստորագրել Ազգային ժողովում աշխատանքային խումբ ստեղծելու մասին»: Եվ հետո հավելել. «Խմբին հրահանգված է աշխատանքն ավարտել մեկ ամսում, որից հետո ես փոփոխությունները կներկայացնեմ մեր խորհրդարանի քննարկմանը: Ես մտադիր եմ փոփոխությունների ընդունման գործընթացը, համաձայն սահմանված ընթացակարգի, ավարտել եւ դրանք ներկայացնել Հայաստանի նախագահի վավերացմանը շուրջ մեկամսյա ժամկետում՝ նախագիծը խորհրդարան ներկայացնելու պահից սկսած»:

Հովիկ Աբրահամյանը նամակի վերջում կրկնել է, թե այս նախաձեռնությունը «նշանակալի առնչություն» ունի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ընթացող դատավարական գործընթացին. «Միեւնույն ժամանակ, ես նախաձեռնում եմ այս գործընթացն առանց կանխակալ տրամադրվածության՝ օգտագործել բոլոր այլ միջոցները, ներառյալ՝ իրավական, որոնք մատչելի են իշխանության համար՝ այն անձանց հանդեպ, որոնք հիշատակված են 1620 բանաձեւի 5-րդ կետում»: Հիշեցնենք, որ այդ կետով Վեհաժողովը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին, «որպեսզի դիտարկեն, որպես բարի կամքի արտահայտում, առկա բոլոր իրավական միջոցները, ներառյալ համաներումը, ներման հրամանագրերը կամ մեդադրանքներից հրաժարումը 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված կամ դատարանի կողմից դատավճիռներ արձակած բոլոր անձանց նկատմամբ, բացառությամբ նրանց, ովքեր անձնապես կատարել են բռնություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը, կամ նրանց, ովքեր կատարել են այլ լուրջ հանցագործություններ»:

Ահա այս նամակը, որը բաժանվել էր ԵԽԽՎ պատվիրակներին, վճռական գործոն դարձավ, որ Հայաստանին եւս մեկ անգամ ժամկետ տրամադրեն՝ մինչեւ առաջիկա 2 ամսում մեր իշխանությունը կկատարի իր ստանձնած պարտավորությունները: Եվ մի նրբերանգ՝ միայն այս նամակից հետո էր, որ նաեւ իշխանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները գործուղվեցին Ստրասբուրգ. նրանք Ֆրանսիայի դեսպանատուն արագացված կարգով վիզա ստանալու համար մտել էին միայն հունվարի 23-ին:

Ա՛յս գնով, նմա՛ն հանձնառություններ ստանձնելուց հետո՝ խիստ տարօրինակ էր մեր հարցի քննարկման հաջորդ օրն իսկ ընթերցել, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ վերոհիշյալ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը Panorama.am-ի հարցին՝ «Համազեկուցողների հայտարարություններից ու ԵԽԽՎ քննարկումներում տեղ գտած հայտարարություններից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ԵԽԽՎ պահանջների շարքում գերիշխողը անազատության մեջ գտնվող անձանց խնդրի լուծումն է: Արդյոք Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ այդպիսով ցանկություն կա հիշյալ խնդրին լուծում տալ»՝ պատասխանել էր. «225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխությունն ուղղակիորեն նպատակաուղղված չէ անազատության մեջ գտնվող անձանց խնդրի լուծմանը: Նպատակը՝ այդ հոդվածների համապատասխանեցումն է իրավական որոշակիության սկզբունքին եւ եվրոպական չափանիշներին»: Եվ հավելել էր. «Այդ հոդվածների փոփոխության դեպքում մեղադրանքը պետք է համապատասխանեցվի նոր ձեւակերպումներին»:

Եթե ընդամենը դա է արվելու մինչեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստը, որը կայանալու է մարտի վերջին, եւ քաղբանտարկյալները (կամ քաղաքական դրդապատճառներով մեղադրվողները՝ ձեւակերպումից էությունը չի փոխվում) շարունակելու են մնալ բանտերում՝ շա՜տ խիստ կասկածում ենք, թե ապրիլին Հայաստանի որեւէ իշխանավորի մի նամակ ազդեցություն կունենա եւ դրանում առկա հավաստիացումներն այլեւս վստահություն կներշնչեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել