Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

Փետրվար 03,2009 00:00

Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում քննարկված «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վերաբերյալ 1633 բանաձեւի կատարման շուրջ» բանաձեւում արվել էր մի փոփոխության առաջարկ, որով ապրիլին այդ երկրների պատվիրակություններն էլ կարող էին հայտնվել Հայաստանի վիճակում: Ըստ այդ 55-րդ առաջարկի, որը հեղինակել էին Գորան Լինդբլադը, Անդրես Հերկելը, Մարիետա դը Փուրբախ-Լունդինը, Օլհա Հերասիմյուկը եւ ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության 3 անդամներ՝ բանաձեւում պիտի հավելվեր հետեւյալ պարբերությունը. «Վեհաժողովը կքննարկի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի պատվիրակությունների քվեարկության իրավունքը կասեցնելու հարցը 2009-ի ապրիլյան նստաշրջանում, եթե այդ երկրներից յուրաքանչյուրը լիովին չկատարի հետեւյալ պայմանները». Վրաստանի դեպքում պայմաններն այն էին, որ շարունակեն կատարել հրադադարի համաձայնագիրը, ներառյալ բոլոր զորքերի դուրսբերումը մինչեւ նախահակամարտային իրենց դիրքերը, նաեւ ԵՄ եւ ԵԱՀԿ դիտորդներին դիտարկման լիակատար հնարավորություն ընձեռելը ու համագործակցելը Եվրամիության հետաքննության ու Ստրասբուրգի եւ Հաագայի միջազգային դատարանների հետ: Իսկ ՌԴ-ի դեպքում այս ամենին ի հավելումն՝ պայման կար, որ չեղյալ համարեն Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչումը եւ ապահով վերադարձի հնարավորություն ընձեռեն ներքին տեղահանված անձանց: Գորան Լինդբլադը լիագումար նիստում առաջարկեց հանել այս փոփոխությունը, քանի որ բանաձեւում արդեն սահմանվել էր դրույթ, որով դատապարտվում էին ՌԴ-ի կողմից այդ ճանաչումները: Սակայն վրացի պատվիրակներից մեկը պնդեց առաջարկը, եւ դրա օգտին արտահայտվեց նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթին: Քվեարկությամբ մի ձայն չհերիքեց, որ փոփոխությունն ընդունվի՝ 68-ը կողմ էին, 68-ը՝ դեմ:

Նշենք, որ հայկական պատվիրակությունից եւ ոչ ոք չմասնակցեց ո՛չ այս փոփոխության, ո՛չ էլ ընդհանուր բանաձեւի քվեարկությանը, թեեւ նախօրեին ՌԴ պատվիրակները ակտիվ դեր ունեցան Հայաստանի հարցի քննարկման ընթացքում: Այդ ժամին, երբ մեկ ձայնն էլ կարող էր վճռորոշ լինել՝ մեր պատվիրակության անդամները մասնակցում էին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել