Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանում նույնպես քաղկալանավորներ կան

Փետրվար 03,2009 00:00

Եվ նույնպես՝ հայեր

Հունվարի 28-ին եւ 29-ին երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է 3 տարի առաջ մարտի 11-ին տեղի ունեցած հանրահավաքի համար: Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 11-ին: Դատական նիստերին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրեցին հետեւյալը.

Վահագն Չախալյանը եւ նրա հայրն ու եղբայրը (ոչ էլ նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը) չէին տիրապետում վրացերենին, եւ դատարանը հատկացրել էր թարգմանիչ: Սակայն թարգմանությունը կատարվում էր անփույթ կերպով՝ բացթողումներով եւ ընդհատումներով: «Թարգմանությանը խոչընդոտում էր նաեւ դատավորը, որն իրեն հաճախ նեղություն չէր տալիս թարգմանության համար իր խոսքում անհրաժեշտ ընդմիջումներ անելու»,- նկատել են դիտորդները: Վերջինները երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դատարանի դահլիճում չի թույլատրվում տեսագրել, ձայնագրել կամ լուսանկարել. «Մինչդեռ դատալսումների տեսագրումը կամ ձայնագրումը թույլ կտար ապահովագրվել դատական նիստերի արձանագրությունների հնարավոր կեղծումից»:

Դատական նիստերը տեղի են ունեցել Չախալյանների ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի բացակայության պայմաններում: Վրացական իշխանությունները արհեստականորեն ձգձգում են նրա գրանցումը, թեեւ այդ նպատակով համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Վրաստանի արդարադատության նախարարություն՝ դեռեւս հունվարի 13-ին: Դատական նիստի ժամանակ պարզվել է նաեւ, որ Վ. Չախալյանին չէին տրամադրվել իր մեղադրական եզրակացությունները՝ հայերեն թարգմանված: Դատավորը մերժել է դատապաշտպանների միջնորդությունը դատահետքաբանական փորձաքննության ենթարկել Չախալյանների տանը եւ Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (ՋԵՄՄ) շենքում, իբր, հայտնաբերված զենքը՝ այն պատճառաբանությամբ, որ զենքի «հայտնաբերումից» հետո անցել է կես տարի եւ մատնահետքերն արդեն ջնջվել են: Մինչդեռ, պաշտպանական կողմը փորձաքննության միջնորդությունը ներկայացրել էր դեռեւս 3 ամիս առաջ:

Դատական նիստերին ներկա չէր եւ ոչ մի վկա. միայն մի քանիսը գրություն էին ուղարկել դատարանին առ այն, որ նրանք պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները եւ չեն ցանկանում ներկայանալ դատարան: Հունվարի 29-ի նիստին ներկայացան միայն 2 վկա եւ 2 տուժող: Քննվեցին 2006թ. մարտի 11-ին Ախալքալաք քաղաքում հայ բնակչության զանգվածային բողոքի ցույցի հանգամանքները, որի կազմակերպումը Վահագն Չախալյանին առաջադրված մեղադրանքներից մեկն է:

«Երկիր» միությունը նորից դիմում է համապատասխան միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին, կոչ անելով նրանց՝ ճանաչել Վահագն Չախալյանին, ինչպես նաեւ առնչվող գործերով քրեական հետապնդման ենթարկվող անձանց քաղբանտարկյալներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել