Իշխանությունը յուրովի է հասկացել այն պահանջները, որոնք առաջադրել է ԵԽԽՎ-ն
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում հունվարի 27-ին Հայաստանի վերաբերյալ ընդունված թիվ 1643 բանաձեւից «քաղբանտարկյալներ» ձեւակերպումը հանելն ու Վեհաժողովում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելը ԽՎ Մոնիտորինգի հանձնախմբի՝ ՀՀ հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը պայմանավորել էին նաեւ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ենթատեքստ եւ տարընթերցումների լայն հնարավորություն պարունակող ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածները բարեփոխելու պատրաստակամությամբ: Հիշեցնենք, որ խոսքը «Զանգվածային անկարգություններ» եւ «Պետական իշխանության յուրացում» հոդվածների մասին է, իսկ բարեփոխման հիմնական նպատակը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելը: Ենթադրվում է, որ օրենսդրական այդ փոփոխությունների արդյունքում, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել առնվազն մինչեւ ԽՎ ապրիլյան նստաշրջան, ազատ կարձակվեն մասնավորապես 225-րդ հոդվածով արդեն դատապարտված 21 քաղկալանավորները, նաեւ «Յոթի» գործով այս եւ 300 հոդվածով ամբաստանվող 7 անձինք եւ ոչ միայն նրանք:
Հայաստանյան ընդդիմության մի հատվածը, սակայն, թերահավատ է, թե իշխանությունները քաղաքական կամք ու ցանկություն ունեն թեկուզ այդպիսի գործընթացի արդյունքում ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ընդդիմության մի հատվածն էլ աղոտ հույսեր ունի, թե օրենսդրական այդ փոփոխությունը հարմար պատրվակ է իշխանությունների համար, առանց իրենց հաշվին «նահանջ» գրանցելու, ազատվել քաղբանտարկյալներից: Բոլոր դեպքերում, ընդդիմության ներկայացուցիչների դիտարկմամբ, իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել ե՛ւ հիշյալ հոդվածները ԵԽԽՎ-ին «բարեփոխված» ներկայացնելու, ե՛ւ քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելու համար:
Բայց բանն այն է, որ ԽՎ հիշյալ բանաձեւի ընդունումից ընդամենը օրեր անց իշխանության ներկայացուցիչները շատ ընդհանուր պատասխաններ են տալիս այն հարցադրումներին, թե՝ ի վերջո, ՔՕ 225 եւ 300 հոդվածներում ակնկալվող բարեփոխումների արդյունքում արդյոք այդ հոդվածներով դատապարտվածները կամ մեղադրյալները ազատ կարձակվե՞ն: Այս հարցադրումն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում, նկատի ունենալով հունվարի 31-ին «Առավոտ» թերթին տված ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ու նույն օրը «Panorama.am»-ին տված ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի հարցազրույցները: Դրանցից պետք է ենթադրել, որ այդ հարցում իշխանության մոտեցումը այնքան էլ միանշանակ չէ: Այսպես, նախարար Գ. Դանիելյանը հայտարարում է, թե՝ ՔՕ համապատասխան հոդվածները միանշանակ մեղմացվելու են. «Եթե անգամ սանկցիաները չփոխվեն, ապա՝ միեւնույն է, իրավական նորմի դիսպոզիտիվ մասի հատկանիշներն այն չափով կվերանայվեն, որ ինքնըստինքյան դա կհանգեցնի անձանց վիճակի բարելավմանը: Հնարավոր է անգամ այն աստիճանի, որ այս կամ այն անձի արարքը դադարի հանցավոր համարվելուց՝ տվյալ հոդվածով: Շատ հնարավոր է՝ ունենանք մի իրավիճակ, որ ոչ թե պատժաչափը կամ պատժատեսակը մեղմացվի, այլ՝ ընդհանրապես կոնկրետ արարքի կոնկրետ որեւէ դրսեւորում համարվի քրեորեն ոչ հետապնդելի»: Հիշյալ բարեփոխումներն իրականացնող խորհրդարանական գլխադասային հանձնաժողովի նախագահի պատասխանը եւս միանշանակ չէ եւ ավելի ընդհանրական բնույթ է կրում. «225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխությունն ուղղակիորեն նպատակաուղղված չէ անազատության մեջ գտնվող անձանց խնդրի լուծմանը: Նպատակը՝ այդ հոդվածների համապատասխանեցումն է իրավական որոշակիության սկզբունքին եւ եվրոպական չափանիշներին: Հիշեցնեմ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցը, որտեղ նա, ի թիվս այլոց, նշել էր, որ ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածների ձեւակերպումները հոդվածների դրույթների լայն մեկնաբանման տեղիք են տալիս: Մասնավորապես, իշխանությունը բռնազավթելու սահմանումը լայն մեկնաբանություն կարող է ունենալ եւ հստակ ուղենիշներ չի պարունակում՝ ինչպե՞ս տարբերակել կարծիքի օրինական արտահայտումը բռնությունների կոչ անելուց: Միաժամանակ, հարկ է նկատել, որ այդ հոդվածների փոփոխության դեպքում մեղադրանքը պետք է համապատասխանեցվի նոր ձեւակերպումներին»:
Այս ընդհանուր ձեւակերպումները չեն գոհացնում ընդդիմության ներկայացուցիչներին, հատկապես նրանց, ովքեր իշխանության քայլերը ընդամենը «իմիտացիա» եւ «ժամանակ ձգձգել» են որակում:
Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանի համոզմամբ, եթե ՔՕ 300 եւ 225 հոդվածների դիսպոզիցիան փոխվի, բնականաբար, դա կազդի «Յոթի» գործի վրա: Միաժամանակ, նկատի ունենալով հիշյալ պաշտոնյաների հարցազրույցները, Ա. Խաչատրյանը նկատեց, որ այդ հնարավոր ազդեցությունը կախված է նաեւ այն բանից, թե ի՞նչ փոփոխություններ են լինելու հիշյալ հոդվածներում: Նրա ասելով՝ առայժմ խոսք կա այդ հոդվածներն ընդամենը կոնկրետացնելու եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու մասին, մինչդեռ, նրա ասելով, այդ հոդվածները շատ էլ կոնկրետ են: «Այդ փոփոխությունները իշխանությունների համար ընդամենը միջոց են ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար: «Յոթի» պաշտպանները պնդում են, որ ցանկացած փոփոխություն իմիտացիա է: Իրականում իրենց պաշտպանյալների գործողություններում նույնիսկ գործող օրենսդրությամբ չկա որեւէ քրեորեն հետապնդելի արարքի հանցակազմ»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Ա. Խաչատրյանը։
Ընդդիմության թերահավատության օգտին է խոսում, թերեւս, նաեւ այն, որ ԵԽԽՎ հիշյալ բանաձեւի կամայական եւ իշխանության համար ցանկալի մեկնաբանությամբ օրերս հանդես է եկել նաեւ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Վերջինս համոզված է, որ ԵԽԽՎ-ն Հայաստանին ոչ թե վերջնաժամկետ, այլ ժամանակ է տվել՝ բանաձեւի պահանջները կատարելու համար: