ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե ոտքի չկանգնելը բոլոր դեպքերում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:
Կառավարությունն անցած շաբաթվա վերջին խորհրդարանին է ներկայացրել դատաիրավական համակարգում փոփոխություններ նախատեսող օրինագիծ, որի ընդունմամբ դատաիրավական համակարգում շատ բան կփոխվի, ընդհուպ՝ դատարանները: Օրենքը պետք է գործողության մեջ մտնի մարտի 1-ից, կառավարությունն այս փոփոխությունները հրատապ է ճանաչել, եւ, ինչպես ԱԺ նիստում երեկ տեղեկացրեց ԱԺ նախագահը, պետաիրավական հանձնաժողովի քննարկումից հետո այս քառօրյայի ընթացքում այն կքննարկվի նաեւ լիագումար նիստում: Ըստ նախագծի, թիվ մեկ փոփոխությունն այն է, որ դատավարությունները, հարկ եղած դեպքում, արդեն օրենքով կարող են ընթանալ ամբաստանյալների բացակայության պայմաններում: Ըստ գործող Քրդատօրի 300 եւ 302 հոդվածների, ամբաստանյալի մասնակցությունը դատարանի դահլիճում պարտադիր է, իսկ նրա վատառողջության կամ այլ պատճառով չներկայանալու դեպքում դատական նիստը հետաձգվում է: Օրենքն այս ձեւով ընդունվել եւ ուժի մեջ է մտել 2007-ի փետրվարից: ՀՅԴ խմբակցության անդամ, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանին խնդրեցինք բացատրել, թե ինչ է նախատեսվում օրենքի հերթական փոփոխությամբ: «Առավոտի» հետ զրույցում դաշնակցական պատգամավորն ասաց. «Քրեական դատավարության եւ դատական օրենսգրքերում կառավարությունը փոփոխություններ է առաջարկել, ըստ որի, փաստորեն, լուծվում են մի շարք հարցեր: Նախ՝ դատարանի դահլիճից ամբաստանյալի հեռացումը դիտվում է որպես սանկցիայի մի տեսակ, որը կիրառվում է նախազգուշացումից հետո: Նույն դատական նիստում եթե երկրորդ անգամ ամբաստանյալը խախտում է կատարում, ապա կիրառվում է հեռացում դատարանի դահլիճից, եւ դատաքննությունը շարունակվում է առանց ամբաստանյալի մասնակցության: Երկրորդ փոփոխությունն այն է, որ եթե գործող օրենսդրության համաձայն, այն ժամկետը, որի ընթացքում ամբաստանյալը հեռացվել է, չի մտնում ընդհանուր պատժի չափի մեջ, ապա, ըստ կառավարության նոր առաջարկության, դա պետք է հաշվարկվի պատժաչափի մեջ: Ի դեպ, այս նորմը տարածվելու է նաեւ մինչ այս ուժի մեջ մտած գործերի վրա, այդ թվում նաեւ «7-ի գործով» դատավարության վրա»:
Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ, կառավարության կազմած փաթեթը շատ ավելի ընդգրկուն է, քան միայն վերոհիշյալ հարցերը: «Առավոտը», հիշեցնելով, որ «7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը դեռ մի քանի նիստ առաջ էր հայտարարել, որ եթե ամբաստանյալները շարունակեն անհարգալից վերաբերմունքը դատարանի նկատմամբ, ինքը ստիպված կլինի նիստն անցկացնել առանց ամբաստանյալների մասնակցության, հետաքրքրվեց՝ փաստորեն, դատավորը իր այդ հայտարարությամբ նկատի ուներ, որ պատրաստ է խախտե՞լ օրենքը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ տեղյակ չէ դատավորի այդ հայտարարության մասին, բայց նկատեց. «Քրեական գործող օրենսդրության համաձայն, ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է դատաքննության ընթացքում, ինքս ծանոթ չեմ դատավորի այդ հայտարարությանը, բայց կարծում եմ, այդ հղումն արված է միջազգային փաստաթղթերի վրա, որոնք նախատեսում են այդպիսի հնարավորություն, բայց բացառապես ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով եւ պայմաններում: Այսօր մեր օրենսդրությունն այդպիսի պայմաններ չի նախատեսում»:
ՀՅԴ-ն, ինչպես խորհրդարանական մյուս խմբակցությունները, դեռ չի քննարկել այս օրենսդրական փաթեթը, քանի որ մեր զրույցից երկու ժամ առաջ էին ստացել այն: Արծվիկ Մինասյանն ասաց, որ մտադիր են լուրջ քննարկումներ անել, «որովհետեւ փոփոխությունները բավականին ծավալուն են, միայն ամբաստանյալների մասնակցության հարցը չի: Փոփոխվում է դատարանակազմության սկզբունքը, մասնագիտացված դատարանները վերանում են, քրեական, քաղաքացիական գործերով թողնվում է միայն վարչական դատարանը, մնացածները բաժանվում են առաջին ատյանի կամ՝ ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ եւ վճռաբեկ: Ընդ որում, նաեւ իրավասությունների խնդիրն է փոխվում…»: Մեր զրուցակցի ներկայացմամբ, այս փոփոխությունները բերելու են նաեւ գործերի փոխանցման այլ դատարաններ. «Հնարավոր է, որ սա փոփոխություն բերի նաեւ «7-ի գործում», այսինքն՝ փոխվի այս գործով դատարանը»:
«Առավոտի» հարցին՝ իսկ ամբաստանյալներին դատարանից հեռացնելը, թեկուզ օրենքով, չի՞ հակասում մարդու իրավունքների միջազգային նորմերին, պարոն Մինասյանն այսպես պատասխանեց. «Եթե շատ սուբյեկտիվ հարթության վրա ենք նայում, այսինքն՝ դատավորի հայեցողությամբ, հնարավոր է, այո, լինեն դեպքեր, երբ մարդու իրավունքների խախտում դիտվի: Խնդիրն այն է, որ դատավորն ինքը պետք է որակի, թե որն է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ դատարանում կարգուկանոնին չենթարկվելը: Սա մեր օրենսդրության բացերից մեկն է: Ինքս չեմ կարծում, որ ոտքի չկանգնելը պետք է դիտել բացառապես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, այլ բան, թե դա ինչ պայմաններում, ինչ ձեւով եւ ինչ միջավայրում է կատարվում: Հաշվի առնելով մեր սահմանադրության եւ օրենսդրության այն հստակ նորմը, ըստ որի՝ դատարանները քաղաքականությունից զերծ պետք է լինեն, իսկ այդպիսի բոյկոտը քաղաքական ենթատեքստ ունի, այստեղ շատ լուրջ մտածելու տեղ կա, թե որքանով է անձի վարքագիծը անհարգալից դատարանի հանդեպ»: