Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 31,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ քսաներորդ

ԽԱԲԱՐՆԵՐ ՍԵՅՐԱՆԻՆ

Եվ Սեյրանն ինձ հարցրեց՝ «վաղը գնում ե՞նք հանրակացարան», եւ Անոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Արմենը վաղը լրիվ ուրիշ տեղ ա գնալու», եւ Սեյրանը հարցրեց՝ «ո՞ւր ա գնալու», եւ Անոն պատասխանեց ու ասաց՝ «կմեծանաս՝ կիմանաս», եւ Աշոտը Սեյրանին ասաց՝ «ես եմ վաղը հետդ հանրակացարան գալու», եւ Սեյրանը նախ ինձ հարցական նայեց, հետո հարցական նայեց Աշոտին ու հարցրեց՝ «Արմենը ծյուծյո՞ւ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա, ծյուծյու», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «Աշոտը չկարեցա՞վ Դարբինյանին համոզի», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ չի էլ փորձել», եւ Սեյրանը զարմացած նայեց Աշոտին ու հարցրեց՝ «չես էլ փորձելո՞ւ», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «Աշոտը մենակ քո հաշվով ա կարում Դարբինյանին համոզի», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ հակառակն էր թվում», եւ Անոն հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ Սեյրանն ասաց՝ «ինձ թվում էր, որ Արմենի առումով Դարբինյանին համոզելն ավելի հեշտ ա», եւ Բասենցյանը ժպտալով Սեյրանին ասաց՝ «քեզի թերագնահատես գը, Սեյրան տղա», եւ Սեյրանն ինքնագոհ ժպտալով Աշոտին հարցրեց՝ «էդ հանրակացարանում ի՞նչ եմ նկարելու», եւ Աշոտը պատասխանեց ու ասաց՝ «ինչ որ տենաս՝ էն էլ կնկարես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս հանրապետության ամենաճանաչված լուսանկարիչներից մեկն ես. ես պիտի՞ քեզ խորհուրդ տամ», եւ Անոն ժպտալով Աշոտին ասաց՝ «խի՞ ես մարդուն վիրավորում», եւ Աշոտը հարցրեց՝ «ո՞նց եմ վիրավորում», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «Սեյրանը ոչ թե հանրապետության ամենաճանաչված լուսանկարիչներից մեկն ա, այլ ամենաճանաչվածն ա», եւ Սեյրանն Անոյին ասաց՝ «քո արեւին ձեռ ես առնում», եւ Անոն ժպտալով ասաց՝ «Աշոտին եմ ձեռ առնում», եւ Սեյրանն Անոյին հարցրեց՝ «էդքան դուխ ունե՞ս, որ Աշոտին ձեռ առնես», եւ Աշոտն ասաց՝ «Անոյի դուխը ոչ մեկս չունի», եւ Անոն մեր սուրճերը լցնելով ասաց՝ «որ դուխս տեղն ըլներ, առավոտից իրիկուն ձեր համար կոֆե չէի էփի», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «մեր քուրն ես, դրա համար էլ էփում ես», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «շատ խոսացիր. խմի՛», եւ Սեյրանն Աշոտին հարցրեց՝ «հիմի չես ասելո՞ւ», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ ես ուզում ասեմ», եւ Սեյրանը հարցրեց՝ «չիմանա՞մ ինչ եմ նկարելու», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «մուկ», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «ասում եմ՝ մուկ ես նկարելու», եւ Սեյրանն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մուկ», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «էդ հանրակացարանում մկներ են հայտնաբերել», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա հայտնաբերել», եւ Բասենցյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Դարբինյանը», եւ Անոն ծիծաղելով Բասենցյանին ասաց՝ «Դարբինյանը գաղափարն ա հայտնաբերել. մկներին Աշոտն ու Սեյրանը պիտի հայտնաբերեն», եւ Սեյրանն Աշոտին հարցրեց՝ «էս լուրջ ե՞ն խոսում, Աշոտ», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «որոշ չափով», եւ Սեյրանը հարցրեց՝ «այսինքն, մուկ ե՞մ նկարելու» եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց եւ ասաց՝ «հա», եւ Սեյրանը հարցրեց՝ «պարտադիր ա՞», եւ Բասենցյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ցանկալի է», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ էդ հանրակացարանի մկները նստած մեզ են սպասում, որ իրանց նկարենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կարող ա՞ իմ համար հատուկ պոզա ընդունեն, որ իրանց նկարեմ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «ուրիշ վախտ գլուխ ես գովում, թե պրոֆեսիոնալ ես», եւ Սեյրանը ժպտալով հարցրեց՝ «պրոֆեսիոնալները մուկ ե՞ն նկարում», եւ Բասենցյանը ծիծաղելով ասաց՝ «պրոֆեսիոնալները նախ հայտնաբերեն գը, հետո նոր լուսանկարեն գը», եւ Սեյրանը հարցրեց՝ «մկների՞ն», եւ Անոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «մկներին էլ, կատուներին էլ», եւ Սեյրանն Աշոտին հարցրեց՝ «էս լուրջ ե՞ն ասում», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «համարյա», եւ Անոն ասաց՝ «ի՞նչ համարյա. լրիվ լուրջ ենք ասում», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ոգեւորված ասաց՝ «գիտեմ՝ ինչ կանեմ», եւ Աշոտը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ես անելու», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «մոտս մկների լուսանկարներ ունեմ», եւ Անոն հարցրեց՝ «որտե՞ղ ես լուսանկարել», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ Աշոտն ասաց՝ «հա», եւ Բասենցյանն ասաց՝ «մեզի կասկածե՞ս գը, Սեյրան տղա», եւ Անոն ասաց՝ «կարող ա՞ էդքան բերանբաց ենք», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծ աշխարհ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ ոչ մեկին չեմ ասի, Սեյրան ջան», եւ Սեյրանն ասաց՝ «չեմ էլ կասկածում, Արմեն ջան», եւ Անոն Սեյրանին հարցրեց՝ «էդ մկներին որտե՞ղ ես լուսանկարել», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ լաբորատորիայում», եւ Բասենցյանն ապշահար հարցրեց՝ «լաբորատորիայումդ մկնե՞ր կան, Սեյրան տղա», եւ Սեյրանը ցածրաձայն պատասխանեց ու ասաց՝ «միշտ էլ էղել են», եւ Անոն ժպտալով Սեյրանին ասաց՝ «Դարբինյանը որ իմանա՝ մի դիմում էլ քեզ գրել կտա», եւ Բասենցյանը Սեյրանին ասաց՝ «Դարբինյանն օր իմանա՝ նույնիսկ Աշոտը չի կրնանա քեզի փրկել», եւ Սեյրանը վրդովված ասաց՝ «ե՞ս ինչ մեղք ունեմ. ընդունվածս առաջին օրվանից էդ մկներն էղել են», եւ Աշոտը հարցրեց՝ «բա խի՞ էսքան վախտ ինձ չես ասել», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտածում էի՝ կվերանան», եւ Անոն ծիծաղելով հարցրեց՝ «իրանք իրանց ո՞նց կվերանան», եւ Սեյրանն ասաց՝ «մի քանի անգամ մկնդեղ եմ ցանել, բայց էլի հայտնվել են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս արձակուրդներից առաջ էլ եմ ցանել», եւ Բասենցյանը հարցրեց՝ «հետո՞», եւ Սեյրանն ասաց՝ «արձակուրդներից հետո աչքիս չեն էրեւացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված տա՝ էլ չհայտնվեն», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «մեր հարեւանն իրա տան մեջ մի հատ դեղ ցանեց՝ մի օրվա մեջ իրանց տան մկները լրիվ վերացան», եւ Սեյրանն ասաց՝ «էդ դեղի անունը կասե՞ս, Անո ջան», եւ Անոն ասաց՝ «իրանից կիմանամ՝ կասեմ», եւ Սեյրանն ասաց՝ «շատ եմ խնդրում, Անո ջան», եւ Անոն ասաց՝ «հենց էսօր էլ կհարցնեմ», եւ Աշոտը ժպտալով Սեյրանին հարցրեց՝ «հիմի էդ մկներիդ ֆոտոներն ունե՞ս», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «ֆոտոները չեմ հանել, բայց պլյոնկեքը կան» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «հետաքրքրության համար մի քանի անգամ չխկացրել եմ», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «կարող ա պետք գան», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «որ պետք ըլնի՝ վռազ կարամ պռայավկա անեմ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «հաստատ պետք կըլնի», եւ Բասենցյանը ծիծաղելով Աշոտին ասաց՝ «Աշոտ ջան, մի հատըմ հոդված էլ Սեյրանի լաբորատորիայի մասին գրեք», եւ Սեյրանը մտահոգ ասաց՝ «իզուր էլ ասեցի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի աշխարհով մեկ կանեք», եւ Անոն հարցրեց՝ «բա հավաքարարը չի տեսե՞լ», եւ Սեյրանն ասաց՝ «էդ մկների մասին մեկ հավաքարարը գիտի, մեկ էլ՝ ես», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «հիմի մենք էլ գիտենք», եւ Սեյրանն ասաց՝ «բայց մեր մեջ ա չէ՞ մնում», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «Աշոտին կխնդրենք՝ հոդված չի գրի», եւ Սեյրանն ասաց՝ «երանի Արմենին», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Սեյրանն ասաց՝ «էս հիմնարկից պրծար», եւ Աշոտը ժպտալով Սեյրանին ասաց՝ «դու մի քանի անգամ էս հիմնարկից պրծնելու շանսեր ունեցել ես», եւ Սեյրանն ասաց՝ «շանսեր ունեցել եմ, բայց էդ շանսերը չեմ օգտագործել», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «դու միշտ էլ շանսեր կունենաս», եւ Սեյրանը ծիծաղելով ասաց՝ «չեմ էլ կասկածում», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «Արմենն իրա միակ շանսն օգտագործեց», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենի գործը հեշտ ա», եւ Անոն հարցրեց՝ «ինչո՞վ ա հեշտ», եւ Սեյրանն ասաց՝ «Արմենն իրա գլխի տերն ա. ոչ կնիկ ունի, ոչ էլ՝ մանր էրեխեք», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «ամենակարեւորը չես ասում», եւ Սեյրանը հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Անոն ժպտալով ասաց՝ «Արմենն աշխատանք էլ ունի», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ աշխատանք», եւ Անոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն նոր», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «ի՞նչ աշխատանք ա, Արմեն», եւ Բասենցյանն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Արմենը «Ծիծեռնակ» ամսագրում է աշխատելու», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «էդ «Պիոների» հավելվածը չի՞», եւ ես ասացի՝ «առաջ հավելված էր, բայց հիմա ինքնուրույն ամսագիր ա դառնալու», եւ Անոն ժպտալով ասաց՝ «էս Սեյրանն ամեն ինչ գիտի», եւ Սեյրանն ասաց՝ «էդ «Ծիծեռնակում» ֆոտոներ էլ են տպում», եւ Բասենցյանը ժպտալով Սեյրանին ասաց՝ «Արմենն օր «Ծիծեռնակում» աշխատի, քո ֆոտոներն էլ մեկումեջ տպել կուտա», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «էդ ժուռնալում ի՞նչ ես աշխատելու», եւ Անոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ոտանավորներ ա գրելու», եւ Սեյրանը հարցրեց՝ «ի՞նչ ոտանավորներ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «մկների մասին», եւ Սեյրանը նեղսրտելով Անոյին ասաց՝ «ամեն ինչ հանաքի ես վերածում», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «լուրջ ա՞ ասում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «համարյա», եւ Անոն ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «Արմենը մկների մասին ոտանավոր կգրի, դու էլ քո մկների էդ ֆոտոները կնաղդես իրանց վրա», եւ Սեյրանը ժպտալով ինձ հարցրեց՝ «մենակ մկների մասին ե՞ս գրելու», եւ Անոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «բոլոր կենդանիների մասին էլ գրելու ա», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ոգեւորված ասաց՝ «ես ամեն կենդանու ֆոտո էլ ունեմ. ընձուղտ էլ ունեմ, փիղ էլ, արջ էլ. մի խոսքով՝ ամեն ինչ», եւ Անոն ծիծաղելով հարցրեց՝ «քո լաբորատորիայում փիղ էլ կա՞», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «էդ ֆոտոները գազանանոցում եմ արել», եւ Աշոտը Սեյրանին ասաց՝ «էդ ամսագրում հիմնականում ձեռով նկարած նկարներ են տպում», եւ Սեյրանն ինձ նայելով ասաց՝ «որ պետք ըլնի՝ ձեռով էլ կարամ նկարեմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «Ղափանի նկարչականն ավարտել եմ», եւ Անոն ժպտալով Սեյրանին հարցրեց՝ «որ պետք ըլնի՝ մանկական ոտանավոր չես կարա՞ գրես», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «մանկական էլ կարամ գրեմ, մեծական էլ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր դպրոցի պատի թերթի համարյա սաղ ոտանավորները ես էի գրում», եւ Անոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, կոֆե էփելուց բացի՝ ամեն ինչ կարաս անես», եւ Սեյրանն ասաց՝ «որ նեղն եմ ընկնում՝ կոֆե էլ եմ էփում» եւ սուրճից մի կում արեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց քո էփածի պես համով չի ստացվում, Անո ջան», եւ Անոն ժպտալով ասաց՝ «որ օրական մի անգամ էփես՝ համով կստացվի», եւ Սեյրանն Անոյին ժպտալով ասաց՝ «դու չես թողի, որ քո ախպերները կոֆե էփեն, Անո ջան», եւ Բասենցյանը ժպտալով հարցրեց՝ «ախպերները գոնե գնահատե՞ն գը», եւ Անոն խեթ-խեթ նայեց ինձ ու ասաց՝ «ախպերները հազիվ դիմում գրեն», եւ Սեյրանն ինձ ասաց՝ «փաստորեն, քո դիմումի համաձայն ես աշխատանքից ազատվում», եւ ես ասացի՝ «հա», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ լավ ա», եւ Անոն հարցրեց՝ «դրա ի՞նչն ա լավ», եւ Սեյրանն ասաց՝ «Դարբինյանը կարար հրամանով հեռացներ», եւ Բասենցյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ կրնար հեռացներ», եւ Անոն ասաց՝ «պատճառ պիտի ունենար՝ որ հեռացներ», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ցանկություն ունենար՝ պատճառներ շատ հեշտ կգտներ», եւ ես ժպտալով Անոյին ասացի՝ «չես գնա՞, Անո ջան», եւ Անոն հարցրեց՝ «ո՞ւր գնամ», եւ ես ասացի՝ «հաշվապահություն», եւ Բասենցյանը ծիծաղելով ասաց՝ «գնա, Անո ջան. քանի պատճառներ չեն գտել՝ էրեխի դիմումը ձեւակերպեք», եւ Անոն ասաց՝ «ամեն ինչ արված ա. վերջնահաշիվն ա մնում անեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ կասիրն էրկուսից հետո ա գալիս», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «արդեն էրկուսն ա դառնում», եւ Անոն ժպտալով ինձ ասաց՝ «չես ուզո՞ւմ մի քանի րոպե ավել հետներս նստես», եւ ես ժպտալով ասացի՝ «որ գործից ազատվեմ՝ ավելի ազատ կնստեմ», եւ Աշոտը ժպտալով Անոյին ասաց՝ «հըլը ո՜ւր ես. հըլը մի հատ էլ պիտի Արմենի համար կոֆե էփես», եւ Սեյրանն ասաց՝ «ես կոֆե չեմ ուզում», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «որ ուզես էլ՝ քեզ կոֆե տվող չկա», եւ Աշոտը ժպտալով Անոյին ասաց՝ «մինչեւ էդ մկների ֆոտոները չհանի՝ դրան կոֆե չտաս», եւ Սեյրանն ասաց՝ «ես օրվա մեջ մի հատից ավել չեմ խմում», եւ Անոն ասաց՝ «գնամ տենամ՝ Արմենի գործերն ինչ արին», եւ երբ Անոն գնաց, Սեյրանն ինձ հարցրեց՝ «իսկականից «Ծիծեռնակում» ես աշխատելո՞ւ, թե՞ հանաք եք անում», եւ ես ասացի՝ «իսկականից աշխատելու եմ», եւ Սեյրանը հարցրեց՝ «իրանք ֆոտոլաբորատորիա ունե՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «ի՞նչ ֆոտոլաբորատորիա. էդ ամսագիրը նոր-նոր ա ինքնուրույն ամսագիր դառնում», եւ Սեյրանն ասաց՝ «կարող ա խելոք խմբագիր ըլնի ու էս գլխից լաբորատորիայի հարցը լուծի», եւ ես ասացի՝ «նախ պիտի սենյակների հարցը լուծեն», եւ Աշոտն ասաց՝ «էդ ամսագրում ոչ թե լուսանկարներ են տպում, այլ՝ իսկական նկարիչների գունավոր նկարազարդումներ», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ չես կարա ասես», եւ Աշոտն ասաց՝ «հաստատ եմ ասում», եւ Սեյրանը քմծիծաղով ասաց՝ «դու հեչ մեր էս խմբագրության մասին հաստատ բան չես ասում», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ չեմ ասում», եւ Սեյրանն ասաց՝ «չես ասում՝ վաղը ինչ պիտի նկարեմ», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «դու հըլը էդ մկներին պռայավկա արա՝ հետո կտեսնենք», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ձեր լուրջն ու հանաքն իրարից չեն տարբերվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ ասաց՝ «Արմեն ջան, որ էդ լաբորատորիայի հաշվով նորություն իմանաս՝ ինձ կասես, չէ՞», եւ ես հարցրի՝ «ի՞նչ լաբորատորիա», եւ Սեյրանն ասաց՝ «որ էդ «Ծիծեռնակը» լաբորատորիա ունենա՝ ինձ խաբար արա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ունենա՝ հաստատ խաբար կանեմ», եւ Բասենցյանը ժպտալով Սեյրանին հարցրեց՝ «Սեյրան տղա, կարող է՞ դու էլ «Ծիծեռնակ» տեղափոխվես», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տեղափոխվելը չեմ տեղափոխվի, բայց կարող ա հետները համագործակցեմ», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «դու ամենից լավ մեր թերթի հետ ես համագործակցում», եւ Սեյրանը փնթփնթալով ասաց՝ «Դարբինյանի մոտ էլ եք երեւի ըտենց բաներ խոսում, դրա համար էլ վեչնի հետս քթովմռթով ա», եւ էդ պահին Անոն ներս մտավ ու ինձ ասաց՝ «շնորհավորում եմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «գնա գլխավոր հաշվապահի մոտ, կասիրն էլ ա արդեն էկել», եւ ես Անոյին ասացի՝ «իրար հետ չգնա՞նք», եւ Անոն ասաց՝ «ես էնտեղ արդեն անելիք չունեմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «մի քանի տեղ պիտի ստորագրես, փողդ ստանաս ու գաս», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փող», եւ Անոն պատասխանեց ու ասաց՝ «մի ամսվա աշխատավարձն ու վերջնահաշիվը» եւ ժպտալով ավելացրեց՝ «սաղ իրար հետ երկու հարյուր հինգ ռուբլի ա անում», եւ Սեյրանն ինձ ժպտալով ասաց՝ «երանի քեզ», եւ Անոն ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «կարաս մի դիմում էլ դու գրես, Սեյրան ջան», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «մտածելու բան ես ասում, Անո ջան», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «մինչեւ Սեյրանը մտածի՝ մի հատ էլ կոֆե էփի, Անո ջան», եւ Անոն ժպտալով ինձ ասաց՝ «մինչեւ Սեյրանը մտածի՝ գնա փողերդ ստացի», եւ Սեյրանը ժպտալով ինձ հարցրեց՝ «գնա՞մ տեղդ ստանամ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «գնա», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «հանաք եմ անում», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Աշոտը ժպտալով ինձ ասաց՝ «մինչեւ փողերդ ստանաս՝ Անոն կոֆեն էփած կըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «գնամ» եւ սենյակից դուրս եկա, եւ Անոյի ասածի պես՝ ամեն ինչ հաճելիորեն կարճ տեւեց, եւ մի քանի տեղ ստորագրելով՝ աշխատանքային գրքույկս ու փողերս ստացա ու վերադարձա, եւ երբ խմբագրություն մտա, Անոն աշխատանքային գրքույկս տեսնելով ասաց՝ «էդ գրքույկդ տուր՝ տամ Դարբինյանին», եւ ես զարմացած հարցրի՝ «Դարբինյանի՞ն խի պիտի տաս», եւ Անոն ժպտալով ասաց՝ «մի վախեցի. հետ կբերեմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ինքը պիտի պեչատի ու ստորագրի», եւ ես տվեցի, եւ Անոն գնաց ու քիչ անց վերադարձավ՝ կնքված ու ստորագրված գրքույկս ինձ վերադարձնելով, եւ Աշոտն ասաց՝ «հիմի հանգիստ կոֆե կխմենք», եւ Սեյրանն Անոյին ասաց՝ «ես չեմ խմում», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «քեզ ո՞վ ա հարցնում՝ խմում ես, թե չես խմում», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ զոռով ա», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «որ զոռես էլ՝ քեզ կոֆե տվող չկա», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «հիմի Սեյրանը մտածում ա՝ դիմում գրի՞, թե՞ չգրի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ինքն էլ ա ուզում ռաշչոտնի ստանա», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «բայց Սեյրանինը մի քիչ քիչ կստացվի», եւ Սեյրանը ժպտալով հարցրեց՝ «իմն ինչքա՞ն կստացվի», եւ Անոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի տասը մանեթ պակաս», եւ էդ պահին դուռը բացվեց, եւ դռան մեջ հայտնվեց Դարբինյանը, եւ ինձ տեսնելով՝ Դարբինյանը հարցրեց՝ «դու դեռ էստեղ ե՞ս, ա՛յ տղա», եւ ես ժպտալով ասացի՝ «փողերս նոր ստացա, ընկեր Դարբինյան», եւ Դարբինյանը ժպտալով ասաց՝ «բարի վայելում», եւ ես ժպտալով ասացի՝ «շնորհակալություն», եւ Դարբինյանն Աշոտին ասաց՝ «որ ինձ հարցնող լինի՝ ես մի ժամից կվերադառնամ», եւ երբ Դարբինյանը գնաց, Բասենցյանն ինձ ասաց՝ «տես՝ չփոշմանես», եւ ես ժպտալով ասացի՝ «որ փոշմանեմ՝ հետ կգամ», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց հետ կգաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ հետ գաս՝ Դարբինյանը դժվար թե ընդունի», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքն ա ասել», եւ Սեյրանը հարցրեց՝ «ի՞նչ ա ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասեց, որ հենց փոշմանեմ՝ կարամ հետ գամ», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա», եւ Աշոտը Սեյրանին հարցրեց՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենի հանդեպ Դարբինյանի բարությունը», եւ Անոն ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «դու էլ որ դիմում գրես՝ քո հանդեպ էլ Դարբինյանը բարությամբ կլցվի», եւ Աշոտը ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «որ դիմում գրես՝ դու է՛լ Արմոյի պես էրկու հարուր մանեթ կստանաս», եւ Անոն մեր սուրճերը մեր բաժակների մեջ լցնելով՝ ծիծաղեց ու ասաց՝ «հարյուր իննսունհինգ», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «թեկուզ», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «ինձանից էդքան հեշտ չեք պրծնի» եւ ժպտալով ավելացրեց՝ «ես գնամ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «գնա մկներիդ տիրություն արա», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «ահագին ժամանակ ա՝ չեն հայտնվել», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «հենց պռայավկա անես՝ կհայտնվեն», եւ Սեյրանն ինձ ասաց՝ «փաստորեն, մաղարիչ ունես անելու», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Աշոտը ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «որ դու էլ դիմում գրես՝ մաղարիչը միասին կանեք», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմենի ընդունվելու մաղարիչն էլ էրկուսով արինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «անցյալ տարի էս վախտ էր, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Աշոտը ժպտալով Սեյրանին ասաց՝ «Արմենի ընդունվելու մաղարիչն էրկուսով չեք արել», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց էրկուսով չենք արել», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «ավտոյիդ մաղարիչն եք էրկուսով արել», եւ Սեյրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ավտոյիս վրա էնքան նաֆս կար, որ չորս անգամ խփեցի», եւ Անոն ասաց՝ «որովհետեւ քշելուց ուրիշ բաների մասին ես մտածում», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ մասին եմ մտածում», եւ Անոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «փողի», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «փողի մասին ո՞վ չի մտածում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ դուք փողի մասին չեք մտածում», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «մենք ռույլի վրա փողի մասին չենք մտածում», եւ Անոն ժպտալով ասաց՝ «Աստված մեզ էդ բախտին չի արժանացրել», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ ես եմ մեղավոր», եւ Անոն ժպտալով ասաց՝ «դու մեղավոր չես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «քո աչքե՜րն են մեղավոր», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «էս ավտոյիս վրա հաստատ աչք կա», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «հաստատ մեր աչքը չի», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «ավտոյիցդ աչքի ուլունք կախի», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «Սեյրանն աչքի ուլունքին փող կտա՞», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «ստիպված տալու եմ», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «ես մի հատ աչքի ուլունք ունեմ, կտամ քեզ», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «շա՜տ շնորհակալ կըլնեմ, Անո ջան» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «թե չէ՝ մեռանք էդ դզողփչողներին ավելորդ փող տալով», եւ Աշոտը ժպտալով Սեյրանին ասաց՝ «վախտին որ մի քանի կոպեկ տայիր ու աչքի ուլունք առնեիր, էդ դզողփչողներին էդքան ավելորդ փող չէիր տա», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «սրանից հետո ըտենց եմ անելու», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «բայց Անոյի տված աչքի ուլունքը դժվար թե դեր խաղա», եւ Սեյրանը հարցրեց՝ «խի՞ դեր չի խաղա», եւ Աշոտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ես լսել եմ, որ ամեն մարդ իրա աչքի ուլունքն իրա ձեռով ու իրա փողով պիտի առնի» եւ ինձ աչքով անելով հարցրեց՝ «ըտենց չի՞, Արմո», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ», եւ Սեյրանը ծիծաղելով Աշոտին ասաց՝ «քո ասածը եկեղեցու մոմն ա», եւ Անոն ժպտալով ասաց՝ «արխային, Սեյրան ջան, իմը կտամ», եւ Սեյրանը ծիծաղելով ասաց՝ «փողը կտամ, որ էդ ուլունքը կարգին դեր խաղա», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «իմը շատ ուժեղ ուլունք ա», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «որ էդքան ուժեղ ուլունք ա, ո՞նց ես ուրիշին տալիս», եւ Անոն ժպտալով ասաց՝ «Սեյրանն ուրիշ չի. մեր Սեյրանն ա», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «թող Աստված մեր Սեյրանին շառեն ու փորձանքեն հեռու պահի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել