Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՑ ՄԻ ԹԱՔՑՐԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 31,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ ճշմարտությունը որքան էլ դառը լինի, նախընտրելի է հոգեկան առողջության տեսանկյունից

Մասնագիտությամբ լոգոպեդ, 26-ամյա Կարինե Ղարիբյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Ճանաչում եմ մի քանի ընտանիքների, ովքեր երեխաներ են որդեգրել, իմ լավագույն ընկերներից մեկը որդեգրվել է փոքր տարիքում, ճշմարտությունը հենց սկզբից է իմացել, ասել են ապագա ծնողները: Հիմա նա ապրում է իր նոր ձեւավորված ընտանիքի հետ՝ ապահով ու երջանիկ»: 18-ամյա Աննա Մանուկյանն այն կարծիքին է, որ որդեգրված երեխային ոչ մի դեպքում պետք չէ ասել ճշմարտությունը, քանի որ նա կընկնի հոգեբանական ճգնաժամի մեջ՝ մտածելով, որ իրեն լքել են իր իսկ անպետքության պատճառով, ու այդ հարցն ամբողջ կյանքում կտանջի նրան: 27-ամյա լեզվաբան Աննա Հասրաթյանն էլ համոզված է, որ երեխան ինչքան շուտ իմանա ճշմարտությունը, այնքան ավելի լավ կլինի թե՛ իր եւ թե՛ ծնողների համար: 30-ամյա Սուսաննա Պետրոսյանն ասում է. «Եթե ընտանիքն ապահովված է եւ ինչ-ինչ պատճառներով երեխա ունենալ չի կարող, ամենալավ տարբերակը երջանիկ լինելու համար՝ երեխա որդեգրելն է»:

«Առավոտի» կատարած հարցումներից պարզ դարձավ, որ հասարակությունը հիմնականում դրական վերաբերմունք ունի որդեգրման երեւույթի նկատմամբ, բայց հայտնի է, որ մանկատանը գտնվող ոչ բոլոր երեխաներն ունեն որդեգրման իրավունք: Հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Այսօր նման կարգավիճակ ունեցող շատ երեխաներ կան մանկատներում, որոնք ուղղակի այնտեղ են գտնվում եւ չունեն որդեգրման իրավունք: Այսինքն, ծնողը, ի վիճակի չլինելով խնամել երեխային, ելնելով սոցիալական, տնտեսական կամ այլ պատճառներից, երեխային թողնում է պետության հոգածությանը»: Ըստ Խ. Գասպարյանի տեղեկությունների՝ Հայաստանում մինչեւ 5 տարեկան որդեգրվողները շատ քիչ են կամ չկան, իսկ եթե նույնիսկ կան, նրանք ունեն ինչ-ինչ արատներ: Նրա փոխանցմամբ՝ մանկատներից մեկում, 81 երեխայից միայն 10-ը որդեգրման թույլտվություն ուներ, բայց նրանք էլ առողջական խնդիրներ ունեին, իսկ որդեգրողը, բնականաբար, նախընտրում է առողջ երեխա վերցնել. «Հոգեբանական տեսանկյունից խորհուրդ է տրվում, որ երեխային որդեգրեն մինչեւ 3 տարեկան դառնալը, քանի դեռ նա անգիտակից է, այսինքն՝ գիտակցված մանկության մեջ նա պետք է ունենա այն ծնողներին, ում հետ պետք է ապրի հետագայում: Ավելի առողջ, ընտանեկան հարաբերություններ կստեղծվեն, եթե երեխային մանկուց նախապատրաստեն այդ հարցին, որովհետեւ նա որքան ուշ այդ մասին տեղեկանա ծնողներից, այնքան ավելի կարող է ագրեսիվ, անկանխատեսելի վարքագիծ դրսեւորել, որը թե՛ ծնողների եւ թե՛ երեխայի համար ցանկալի չէ: Նման պարագայում կա այսպիսի մոտեցում, որ փոքր տարիքում երեխաներին պետք է նախապատրաստել, թեկուզ՝ այդ թեմային առնչվող օտարալեզու գրքերի միջոցով: Եթե որդեգրման թեմայով հարցեր է տալիս, նշանակում է՝ նա պատրաստ է լսելու ճշմարտությունը»: Խ. Գասպարյանը հիշեց պրակտիկայում հանդիպած մի դեպք. մինչեւ որոշակի տարիք, որդեգրված աղջիկը խնդիրներ չէր ստեղծել ընտանիքում, փոքր հասակում նա, բակում խաղալիս, նմանատիպ խոսակցություններ էր լսել: 16 տարեկանում ծնողներին տեղեկացրել է, թե իրեն ինչ շշուկներ են հասել: Ընտանիքի անդամները կարողացել են համոզել, որ դա այդպես չէ, քանի որ այդ ժամանակ նրանց հեղինակությունն ավելի մեծ է եղել, պատասխանել են, որ բակի երեխաները խաբում են, չեն ուզում, որ նա ուրախ լինի եւ այլն: Եվ արդեն 17 տարեկանում՝ պատանեկան հասակում, աղջիկը լուրջ հոգեկան պոռթկումներ է ունեցել, չի խոսել ընտանիքի անդամների հետ… Հետո, երբ նայել է իր մանկական նկարները, նկատել է, որ դրանք սկսվում են որոշակի տարիքից, հարցրել է, թե ինչու ավելի փոքր տարիքում իրեն չեն նկարել. չէ՞ որ այդքան հարուստ են եղել: Այդ հարցը չի ունեցել պատասխան, շրջանցվել է կամ մոռացության տրվել:

Հոգեբանական տեսանկյունից՝ այն երեխաները, ում նախապես բացատրվել է իրականությունը, նույնիսկ այս դեպքում կենսաբանական մոր նկատմամբ չի կարելի որեւէ ագրեսիվ, բացասական ինֆորմացիա ներարկել, երեխայի հոգեկան աշխարհը դրանով կարող է ծանրաբեռնվել, ուշ թե շուտ այդ էներգիան կարող է ուղղվել հենց իրենց դեմ: Պետք է փորձել պատկերը հնարավորինս մոտ ներկայացնել: «Չկա մի բանաձեւ, որը բոլոր իրավիճակներին համապատասխանի, ցանկացած կոնկրետ դեպք առանձին մոտեցման անհրաժեշտություն ունի, հնարավոր է, որ երեխային ինչ-որ բան ստել են, ուշ չէ, կարելի է բացատրել, իսկ եթե ասում ենք, որ՝ չէ, քեզ խաբում են, այս կերպ մենք նրան հեռացնում ենք մեզանից, ստիպում, որ կարծի, թե իրեն կարող ենք խաբել ու առիթ ենք տալիս, որ նա էլ մեզ խաբի»,- ասում է հոգեբանը, հավելելով, որ այս դեպքում երեխաները սկսում են տարօրինակ վարքագիծ հանդես բերել, օրինակ՝ տղաները անսպասելիորեն խաղամոլության են տրվում, լինում են նաեւ այլ բնույթի շեղումներ:

Պարոն Գասպարյանը պատմեց. «Երեխան, որը որդեգրված է եղել, տեսնելով հղի կնոջ, հարցրել է մորը՝ քո փորն էլ էր այդպե՞ս, երբ ես պետք է ծնվեի: Փաստորեն, ստել էին ու ասել, որ՝ այո: Բայց դրանից լավ առիթ իրականությունը բացատրելու համար՝ չէր կարող լինել: Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, նախընտրելի է հոգեկան առողջության տեսանկյունից, քան դրա աղավաղումը կամ կոծկումը: Եթե մենք երեխայից թաքցնում ենք ճշմարտությունը, նրա խոսելաձեւի մեջ ծնողների հանդեպ կեղծ վերաբերմունք է լինում: Իրական կերպարներին նա սկսում է փնտրել փողոցում, ինքն է նախաձեռնում, որ պարզի իրականությունը, երբեմն ագրեսիա է առաջանում այն ծնողների նկատմամբ, որ իրեն լքել են, իսկ երբեմն էլ՝ ներկա ծնողի նկատմամբ, որոնք գողացել են իրեն, զրկել իսկական ծնողից: Նա սկսում է խղճալ իր կենսաբանական ծնողներին եւ իր ամբողջ ագրեսիան ուղղվում է ներկա ծնողներին»:

Հոգեբան Խ. Գասպարյանը պատմեց նաեւ, որ երբ մանկատան մինչեւ 5 տարեկան երեխաներին առաջին անգամ տարել են զբոսայգի, պարզվել է, այդ երեխաները առաջին անգամ են հաստատության շենքից դուրս գալիս: Այդ պատճառով էլ որոշվել է, որ մանկատանն ամեն ինչ լինի այնպես, ինչպես, ասենք, տան խոհանոցում. «Երեխաները չգիտեին, օրինակ՝ ի՞նչ է աղը, որովհետեւ մանկատանը միշտ ճաշը պատրաստ են բերում: Այն, ինչ երեխաները առօրյա կյանքում տեսնում, սովորում են՝ կյանք մտնելիս կարող է պարզվել, որ նրանք շատ խնդիրներում սոցիալապես ետ են, զարգացած չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031