Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 31,2009 00:00

Նադալ-Ֆեդերեր. 19-րդ դիմակայությունը

Երեկ Մելբուռնում ընթացող թենիսի «Australian Open»-ի երկրորդ կիսաեզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը 5 ժամ 14 րոպե տեւած ծանրագույն պայքարում, ի վերջո, հաղթանակը «պոկեց» իր հայրենակից Ֆեռնանդո Վերնասկոյից՝ 6/7, 6/4, 7/6, 6/7, 6/4:

Աշխարհի թիվ մեկ ռակետն իր հարուստ մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչին մասնակցելու իրավունք նվաճում, որտեղ գլխավոր մրցանակը վիճարկելու է իր գլխավոր մրցակցի՝ նախորդ օրը ամերիկացի Էնդի Մյուրեյին պարտության մատնած շվեյցարացի Ռոժե Ֆեդերերի հետ:

Կիրակի օրը կայանալիք նրանց հակամարտությունը կորտերում 19-րդն է լինելու: Մինչ այդ, Նադալ-Ֆեդերեր մրցամարտերում 12 անգամ հաջողությունն ուղեկցել է իսպանացուն, 6 անգամ՝ շվեյցարացուն:

«Դժոխային վարորդների» 2009 թվականը

Թերեւս, ամենաարագընթաց մարզաձեւի՝ «Ֆորմուլա 1»-ի արշավորդները 2009 թվականի աշխարհի չեմպիոնին որոշելու համար ամբողջ տարվա ընթացքում մասնակցելու են տարբեր մայրցամաքներում կազմակերպվելիք 17 «Գրան Պրի» մրցաշարերի, որոնք հաստատված են մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից եւ անցկացվում են նրա հովանու ներքո: Մրցաշրջանի մեկնարկը կտրվի մարտի 27-ին՝ Ավստրալիայում եւ կավարտվի խոր աշնանը՝ նոյեմբերի 18-ին:

«Ֆորմուլա 1»-ում հանդես են գալիս համաշխարհային ավտոարտադրության առաջատար ընկերությունների թիմերը: Դրանք են «Ֆերրարին», BMW-ն, «Ռենոն», «Վիլյամսը», «Ռեդ Բուլլը», «Տոյոտան», «Տորո Ռոսսոն», «Ֆորս Ինդիան» եւ «ՄաքԼարենը»:

Մեկնարկում է շախմատի «MOSCOW OPEN»-ը

Այսօր Մոսկվայում կմեկնարկի շախմատի «Moscow Open» միջազգային հոբելյանական 5-րդ փառատոնը:

Օրերս այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում կազմակերպիչները հայտարարել են, որ այս անգամ այն հավաքել է ռեկորդային թվով՝ 1502 մասնակից, որոնցից շուրջ 100-ը կրում է գրոսմայստերի կոչում: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 7 մլն ռուբլի է: Մասնակիցները Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում պայքարելու են ըստ մարզական վարպետության աստիճանի դասակարգված խմբերում:

Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանից մասնակցության հայտ ներկայացրել է 29 շախմատիստ: Նրանցից 8-ը, որոնց մեջ են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Ռաֆայել Վահանյանը, հանդես են գալու ուժեղագույնների «A» խմբում, 19-ը՝ «B» եւ 2-ը՝ «D» խմբերում: Սակայն տարօրինակ էր, որ կանանց «C» խմբի ցուցակում Հայաստանից ոչ մի շախմատիստուհու անուն չի նշված: Երեկ շախմատի ֆեդերացիայից մեզ պարզաբանեցին, որ «Moscow Open»-ը պաշտոնական մրցաշար չէ, ուստի Հայաստանի շախմատի ֆեդերացիան մասնակցել ցանկացողների մեկնման հարցերով չի զբաղվել: Մեր շախմատիստները Մոսկվա մեկնել են սեփական ցանկությամբ եւ անձնական նախաձեռնությամբ: Այնպես որ, հնարավոր է, որ նրանց մեջ աղջիկներ եղած չլինեն:

Միկի Ռուրկը վախեցավ Քրիս Ջերիկոյից

Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, թե ճանաչված կինոդերասան Միկի Ռուրկը, որ «Մարտիկը» ֆիլմում ռեսթլերի (մենամարտի տարատեսակներից մեկը) դեր է կատարել, որոշել է իրեն ստուգել կյանքում՝ պայքարելով պրոֆեսիոնալ ռեսթլերի հետ: Այս մասին տեղեկացնում է «Associaded Press» գործակալությունը:

56-ամյա դերասանը ձեռնոց է նետել WWE ռեսթլինգի միջազգային ասոցիացիայի գերաստղ Քրիս Ջերիկոյին (նկարում) եւ նրանց միջեւ մենամարտը կայանալու էր այս տարվա ապրիլին, Հյուսթոնում՝ «Wrestlemania-25» ամենամյա փառատոնի շրջանակներում: Ինքը՝ Ռուրկը, հայտարարել էր, թե իր մարմնավորած կերպարը դուր է եկել WWE-ի բոլոր ռեսթլերներին, բացի Ջերիկոյից: Իսկ Քրիսը պատասխանել էր, թե իրեն մենամարտի հրավիրելով՝ Ռուրկը մեծ սխալ է թույլ տվել: Եվ ահա ԶԼՄ-ները շտապեցին տեղեկացնել, որ կինոդերասանը հրաժարվել է իր այդ գաղափարից: Հավանաբար, գիտակ մարդիկ են նրան այդ խորհուրդը տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել