Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ ՎԻՃԱԿԸ

Հունվար 31,2009 00:00

Վեյկ ան Զեեում 71-րդ անգամ ընթացող շախմատի 19-րդ կարգի «Corus 2009» գերմրցաշարի ավարտից երկու տուր առաջ միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը երեկ կրեց առաջին պարտությունը եւ դժվարացրեց երրորդ անգամ հաղթելու իր հնարավորությունները:

11-րդ տուրում կուբացի Լանյեր Դոմինգեսի հետ պարտիայի սկիզբը մինչեւ 25-րդ քայլը, կարծես, ոչինչ չէր գուժում: Սակայն հայ շախմատիստը մի տեսակ անուշադիր էր խաղում: Սա «CessPro.ru» ինտերնետային կայքով պարտիան մեկնաբանող գրոսմայստեր Սերգեյ Զագրեբելնու կարծիքն է: Արդյունքում, Արոնյանը պարտիայի ընթացքում չնկատեց պայքարը ձեռնտու հունով շարունակելու մի քանի տարբերակներ եւ 36-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց: Ահա, թե ինչ տպավորություն է ստացել Սերգեյ Զագրեբելնին Դոմինգես-Արոնյան դիմակայությունից: «Պարտիայի ավարտից հետո ակամա միտքս եկան կուբացի նշանավոր բռնցքամարտիկները: Հատկապես, լեգենդար գերծանր քաշային Թեոֆիլո Սթիվենսոնը: Դոմինգեսը հանդես է գալիս այլ քաշային կարգում եւ այլ մարզաձեւում: Այդուհանդերձ, նա կարողացավ մրցակցի առջեւ թեկուզ ոչ անլուծելի խնդիրներ դնել, որոնք հաղթահարելը այնքան էլ հեշտ չէր: Եվ եթե մի կողմ թողնենք հանդիսականի իմ անձնական համակրանքը, պայքարը բավականին հետաքրքիր ստացվեց»:

Մյուս զույգերում Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Լյուկ վան Վելիին, Գատա Կամսկին՝ Սերգեյ Կարյակինին, Թեյմուր Ռաջաբովը՝ Վան Յուեին, իսկ Ալեքսանդր Մորոզեւիչ-Մագնուս Կարլսեն, Մայքլ Ադամս-Վասիլի Իվանչուկ, Յան Սմիթս-Դանիել Ստելվագեն պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 11-րդ տուրից հետո գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ:

1. Լեւոն Արոնյան 6,5 միավոր

2. Լանյեր Դոմինգես 6,5

3. Թեյմուր Ռաջաբով 6,5

4. Սերգեյ Մովսիսյան 6,5

5. Մագնուս Կարլսեն 6,0

6. Սերգեյ Կարյակին 6,0

7. Գատա Կամսկի 5,5

8. Յան Սմիթս 5,5

9. Վասիլի Իվանչուկ 5,0

10. Լյուկ վան Վելի 5,0

11. Մայքլ Ադամս 5,0

12. Դանիել Ստելվագեն 4,5

13. Վան Յուե 4,5

14. Ալեքսանդր Մորոզեւիչ 4,0

Այսօր 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Ալեքսանդր Մորոզեւիչի, իսկ վաղը՝ եզրափակիչ տուրում, Յան Սմիթսի հետ (սեւ խաղաքարերով):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել